Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Փաստել ենք, որ Արցախի ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը ռուս խաղաղապահներն են»․ Արման Աբովյանը՝ «Առաջ Արցախ» խորագրով կլոր սեղանի մասին

Հոկտեմբեր 27,2022 23:35

«Փաստվել է հետևյալ տեսլականը, որ Արցախը ոչ մի ձևաչափով, ոչ մի կերպ, նույնիսկ ոչ մի տեսական մոտեցմամբ չի կարող լինել Ադրբեջանի կազմում, քանզի դա կբերի Արցախի ոչնչացման՝ այն տեսլականով, որն այսօր առաջարկվում է նույն պայմանական արևմուտքի կողմից՝ վաշինգտոնյան կամ բրյուսելյան փաստաթուղթ»,-Aravot.am-ի հարցին՝ ո՞րն էր «Առաջ Արցախ» խորագրով կլոր սեղանի արդյունքն ու ինչքանո՞վ էր այն արդյունավետ, այսպես պատասխանեց կլոր սեղանի մասնակիցներից վերլուծաբան, յոթերորդ գումարման ԱԺ պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արման Աբովյանը։

«Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը եւ Հայաստանի հականացիստական ճակատն այսօր անցկացրին «Առաջ Արցախ» խորագրով կլոր-սեղան քննարկում՝ նվիրված Արցախի հարցի ներկա վիճակին ու զարգացումներին, հայ-ռուսական հարաբերություններում տեղի ունեցող գործընթացներին: Մասնակցեցին տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը, «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը, ՀԴԿ առաջնորդ Արամ Սարգսյանը և այլք։

Մեզ հետ զրույցում Արման Աբովյանը փոխանցեց՝ հանդիպման ընթացքում նաև անդրադարձ է կատարվել ՀՀ-ի արտաքին քաղաքականության տեսլականին։ Այս առիթով նշեց․ «Այստեղ պետք է դուրս գալ բոլոր՝ այսպես ասած «մետ» տիրույթներից՝ արևմտամետ, ռուսամետ, չինամետ, հնդկամետ։ Պետք է առաջնորդվել միայն մեր շահերով, իսկ մեր շահերից բխում է, որ Արցախ աշխարհը մնա, իր անկախության տերը լինի և որ Արցախ աշխարհը լինի անվտանգ։ Այսօր փաստել ենք, որ Արցախի ֆիզիկական անվտանգության միակ երաշխավորը ռուս խաղաղապահներն են։ Ոմանց դուրը կգա, չի գա, ինչ ուզում են խոսեն, դա փաստ է»։

Ըստ Արման Աբովյանի՝ յուրաքանչուր դեպքում, բոլոր հարթակներում, որտեղ քննարկվում են այս կամ այն ձևաչափերն այս իրավիճակից դուրս գալու, դրանք ողջունելի են։ Բոլոր գործընթացները, որոնք միտված են ՀՀ-ի և Արցախի անվտանգային համակարգի շուրջ լուրջ քննարկումներ անելու, ողջունելի են։

Նշենք նաև, որ կլոր-սեղան քննարկման արդյունքում ստորագրվեց հայտարարություն։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարները՝ «Իրավունք»-ի տելեգրամյան ալիքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31