Այս իշխանությունների գալով հույս կար, որ Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, բայց այսօրվա դրությամբ հանրությունը չունի անգամ ամենատարրական հարցերից մեկի պատասխանը՝ ինչպե՞ս էր զենքը հայտնվել խորհրդարանում, արդյոք պատգամավորի ծառայողական մեքենայո՞վ էր մտել, թե՞ ԱԺ շենքում է եղել, ինչպես պնդում է Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի փաստաբանը: Aravot.am-ը այսօր Վազգեն Սարգսյանի եղբայր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին հարցրեց՝ այս պարզ հարցերի պատասխանը դուք նոր իշխանությունների գալով այս 4 տարվա ընթացքում ստացե՞լ եք, թե՞ չէ: Նա պատասխանեց. «Ես միանշանակ այն կարծիքին եմ, որ Հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտում կարող ենք ակնկալել միայն այն դեպքում, երբ Հայաստանի ինքնիշխանությունը եւ պետականությունը ուժեղ երկու ոտքով կանգնած կլինի իր դիրքերի վրա, որովհետեւ ես հիմնականում արտաքին քաղաքական հետքն եմ ոչ ստուգված համարում, իսկ ներքաղաքական, կամ ներքին պատվիրատուի առումով դուք ճիշտ եք, խնդիրներ կան: Բայց այդ ուղղությամբ քայլեր արվել են, մասնավորապես ինձ 2,5 ժամ հարցաքննել են ԱԱԾ-ում:
Ես զարմացած էի երիտասարդ քննիչի՝ գործի նրբություններին տիրապետելու հմտություններից: Շատ լավ գիտեր գործը եւ զարմանալի խորքային էր հարցաքննում ինձ: Իհարկե, այդ հարցերը վերաբերում էին ներքին շահառուների, պատվիրատուների, ձեր թվարկած թեմաների վերաբերյալ, Արմենակ Արմենակյանի, զենքը խորհրդարան բերելու, ՊՆ-ում տեղի ունեցածի, դրանից հետո մամուլում հնչեցված տարբեր տեսակետների եւ այլնի մասով: Գործընթացներ հստակ կան ու այն գործը, որն արվում է այսօր ԱԱԾ-ում, պիտի վերջնական արդյունք տա»:
Արամ Սարգսյանը պատմեց, որ դեռեւս տարիներ առաջ է ՀՔԾ-ին ցուցմունք տվել, որտեղ նշել է իր կասկածները, որ Հոկտեմբերի 27-ը Մեղրիի փոխանակման տարբերակով արտաքին քաղաքական հետք ունի. «Իմ ձեռքով գցել եմ 4 քարտեզները, որոնք այն ժամանակ Անվտանգության խորհրդի նիստերին Վարդան Օսկանյանը ներկայացնում էր մեզ ու ասում էր, թե ինչ տարբերակներ են առաջարկվում: Ասել եմ, որ կարծում եմ այդ առաջարկները մերժելու մեջ է եղել այս ամբողջ պատմությունը: Ես համոզված եմ, որ դա եվրասիականության շրջանակներում է ու ուղղված էր ՀՀ անկախության, ինքնիշխանության դեմ: Դա անկախության սպանության փորձ էր, որը ցավոք ստացվեց, որովհետեւ Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Սարգսյանը խնդիր ունեին կառուցելու, պաշտպանելու, իսկ իրենցից հետո դժբախտաբար մեր երկիրը ստիպված եղավ խաղաղության դիմաց մաս առ մաս զիջելու իր տնտեսությունը, իր անկախությունը, Արցախի հարցը դարձավ աճուրդի առարկա: Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք: Ես այս օրերին ամոթի լուրջ զգացողություն ունեմ, պարտքի, մեղքի զգացողություն, ուղիղ մարդկանց աչքերի մեջ նայելու զգացողություն, որ չկարողացանք պահել այն, ինչը թողել էին իրենք՝ սեփական կյանքի գնով»:
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանը իր «Կյանք եւ ազատություն» գրքում պատմում է, թե ինչպես է միջազգային միջնորդների հետ հանդիպումից հետո Վազգեն Սարգսյանի հետ մի բաժակ օղի խմել, հետո Վազգեն Սարգսյանն ուզել է գնալ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, մանրամասն նկարագրվում է երկխոսությունը ու այստեղ կասկածելի դրվագ կա, մասնավորապես, Քոչարյանը նշում է, որ Վազգենի եւ իր տրամադրությունը բարձր է եղել, այդ հանդիպումից ոգեւորված դուրս է եկել, մինչդեռ այլ վկայություններ կան, որ նա ջղայնացած է եղել այդ օրը, իր վարորդը պատմել է, որ մեքենայի դուռը շխկացրել է բարկացած, այսինքն, այստեղ խոսքերը իրար չեն բռնում: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն այս հակասությունը այսպես մեկնաբանեց. «Իսկ ի՞նչ կա այդտեղ ստելու, կարող է բարձր տրամադրությամբ մարդը դուրս գա եւ վարորդի մոտ ուրիշ կեցվածք ընդունի, վարորդի վրա բարկացած լինի, որ հերթական անգամ ավել բենզինի փող է ուզում»:
Արամ Սարգսյանը վստահեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի շրջապատը «ուչաստկովի» մակարդակի է մնացել. «Վազգենի վարորդը բենզինի փող չէր ստանում, բենզինը լցնում էր ՊՆ համապատասխան տեղերից ու, բարեբախտաբար, այսօր ՊՆ որեւէ նախարար բենզին լցնելու խնդիր չունի, այն էլ՝ իր վարորդի հետ կապված: Ինչ վերաբերում է Վազգենի լավ տրամադրությանը, պիտի փաստեմ, որ այո, Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասում, այդ օրը իսկապես Վազգենը լավ տրամադրություն է ունեցել, նույնիսկ 2 բաժակ խմելուց հետո Վազգենը 3-րդն է խմել՝ ասելով խեր, շառ, Աստված, նույնիսկ գիտեմ, որ տոլմա են կերել: Ճաշը միասին են արել եւ ամերիկյան ներկայացուցիչ է ներկա եղել այդ հանդիպմանը, ումից ես գիտեմ իրական տեղի ունեցածը: Իր վատ տրամադրությունը այդ օրվան չի վերաբերվում, երբ դուռ շխկացրել է, դա վերաբերում է այն օրվան, երբ ներկայացրել են Մեղրիի ծրագիրը եւ ինքն ու Կարեն Դեմիրճյանը վատ տրամադրությամբ դուրս են եկել: Այդ օրերը մարդիկ ուղղակի խառնում են: Փորձել են ներկայացնել, որ այդ ծրագիրը մեր ծրագիրն է, Հայաստանի սրտով է, որ այդ մենք ենք առաջարկելու դրական է, այն դեպքում, որ Վազգենը հիմնավոր ասել է, նույնիսկ գրել էիր գրքում, որ ստում եք, սա մերը չի, իրենց ծրագիրն է: Իհարկե, չգիտեմ՝ «իրենց» ասելով՝ նկատի ուներ Ալիեւի՞ն, թե՞ ռուսներին: Բայց որ այդ ծրագրին ինքն ու Դեմիրճյանը դեմ են եղել, դա Վազգենի ձեռով փաստաթղթավորված կա, նաեւ լուսահոգի տիկին Դեմիրճյանը իր գրքում է անդրադարձել: Այնպես որ Ռոբերտ Քոչարյանի գրքի այդ մասը միանշանակ ճիշտ է: Այդ օրը իսկապես Վազգենը լավ տրամադրությամբ է դուրս եկել: Վազգենի մոտ տրամադրությունների կտրուկ փոփոխություններ եղել են ԱՄՆ այցելությունից հետո, որ ինքը հանդիպել է Ալբերտ Գորին, որտեղ իրեն հարց են տվել՝ այդ նույն Մեղրիի տարբերակով դուք ի՞նչ եք շահում, մինչդեռ դա ներկայացվում էր իբր ամերիկյան ծրագիր է, իրենք ռուսներով մի կերպ պաշտպանում են»:
Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ Աննա Իսրայելյանի ցուցմունքի եւ ամբաստանյալների ցուցմունքների տարբերության, ՀՀ ուժային կառույցների՝ 27-ի ոճրագործներին աջակցության մասին Արամ Սարգսյանի գնահատականները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ