Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ի՞նչ պիտի աներ այդ իրավիճակում, երբ տեսնում էր, որ ավտոմատով տանում են պրաչյոսկայի»․ ամբաստանյալ հրամանատար Արսեն Աբգարյանի փաստաբան

Հոկտեմբեր 27,2022 22:15

«Այդ իրավիճակում նահանջի հրաման չտար, ի՞նչ աներ հրամանատարը»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Քիմիկների զորամասի» հրամանատար Արսեն Աբգարյանի փաստաբան Համբարձում Հարությունյանը, երբ նրան հիշեցրինք, որ իր պաշտպանյալը մեղադրվում է կոնկրետ գործողության համար՝ նահանջի հրաման տալու համար՝ վերադառնալով Կապան։ Այս ամենի հետեւանքով 62 հոգուց բաղկացած անձնակազմը հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ։ Շրջափակումից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող, իսկ մնացած 40 զինծառայողների մի մասը հակառակորդի հարձակման զոհ են դարձել, իսկ մյուսները՝ գերեվարվել։

Հոկտեմբերի 27-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի ունեցավ Էջմիածնի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորչելու մասին քրեական գործով հերթական նիստը։ Նիստին ներկա էին բոլոր ամբաստանյալները՝ Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Անդրանիկ Մակարյանը, զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը, զորամասի շտաբի պետ Սարգիս Կուլակչյանը և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանը։

Մեզ հետ զրույցում Համբարձում Հարությունյանը տեղեկացրեց՝ շտաբի պետ Սարգիս Կուլակչյանի պաշտպանը միջնորդություն է ներկայացրել, որ գործը կարճվի, ինչը բոլոր պաշտպանների համար ընդունելի է եղել, քանի որ նախկին քրեական օրենսգրքով է մեղադրանք առաջադրվել, որը հիմա գոյություն չունի։ Այս միջնորդությունը դատարանը մերժեց։ Միջնորդություն ներկայացվեց, որ դասալքության մասով գործն առանձին քննվի, դա ևս մերժվեց։ Համբարձում Հարությունյանի տեղեկացմամբ՝ երբ ինքն արձագանքել է այս միջնորդությանը, տուժողների հարազատների հետ միջադեպ է տեղի ունեցել ու մանրամասնեց․ «Երբ միջնորդեցին, որ գործը կարճվի, ես՝ որպես զոհվածի բարեկամ, ասացի, որ չեմ միանում այդ միջնորդությանը, որովհետև դժբախտություն է տեղի ունեցել, բոլորն էլ ցանկանում են, որ գործը քննվի, և հասկանան՝ ի վերջո ինչ է տեղի ունեցել։ Այդ ժամանակ տուժող կողմից արձագանքեցին, թե թող դժբախտությունը քեզ հետ տեղի ունենա։ Դատախազը, դատավորը չարձագանքեցին, մինչդեռ փաստաբանի գործունեության միջամտության համար քրեական պատասխանատվություն է ներկայացվում»։

Հիշեցնենք՝ հարուցված քրեական գործի շրջանակում քննվում է 2020-ի հոկտեմբերի 21-ին Կովսականում թշնամու հետ մարտի բռնվելու հետևանքով Էջմիածնի «Քիմիկների զորամասի» 40 զինծառայողների զոհվելու, գերեվարվելու և անհետ կորչելու հանգամանքները։ Ըստ մեղադրանքի՝ գեներալ Մակարյանը, որը Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիվ պատերազմի ընթացքում հայտարարված ռազմական դրության պայմաններում Կովսականի մարտական հատուկ առաջադրանքի պատասխանատուն էր, 2021թ.-ի հոկտեմբերի 20-ին՝ տեղեկանալով, որ Արսեն Աբգարյանի խումբը շրջափակման մեջ է հայտնվել, օգնության չի շտապել։ Գեներալը նահանջի հրաման է տվել՝ վերադառնալով Կապան։ Այս ամենի հետեւանքով 62 հոգուց բաղկացած անձնակազմը հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ։ Շրջափակումից կարողացել են դուրս գալ միայն 22 զինծառայող, իսկ մնացած 40 զինծառայողների մի մասը հակառակորդի հարձակման զոհ են դարձել, իսկ մյուսները՝ գերեվարվել։ Արսեն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վերադաս հրամանատարությանը հաճոյանալու անձնական շահագրգռվածությունից ելնելով՝ չարաշահել է պաշտոնական դիրքը, ինչպես նաեւ հանդիսանալով պետ՝ ենթակա անձնակազմի նկատմամբ, անփույթ վերաբերմունք է ցուցաբերել ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Սարգիս Կուլակչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, ժամանակավորապես կատարելով Ն զորամասի հրամանատարի պարտականությունները, իր գործողություններով օժանդակել է զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի կողմից անձնական շահագրգռվածությունից ելնելով պաշտոնական դիրքը չարաշահելուն: Ըստ մեղադրանքի՝ Էլլադա Հարությունյանը զբաղեցնելով Ն զորամասի համալրման բաժանմունքի պետի պաշտոնը, կատարել է պաշտոնեական կեղծիք՝ պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող զորամասի հրամանատարի հրամանագրքում մտցրել է իրականությանը չհամապատասխանող ակնհայտ կեղծ տվյալներ:

Արսեն Աբգարյանի պաշտպանին հիշեցրինք՝ նրան մեղսագրվող արարքը, նա ասաց․ «Ինչ վերաբերում է հրամանատարի գործողություններին, ապա ես ինքս շատ եմ գնացել գործի բերումով այդ տարածքներ, նաև Ազատամարտի վետերանների Շենգավիթի միության փոխնախագահն եմ, այնտեղ շատ եմ եղել։ Այդ տեղերը տարբեր անուններ ունեն։ Պետք է գրեն, թե ինչ գործողություններով է խախտում կատարվել»։ Մեր փաստմանը՝ ըստ մեղադրանքի՝ նահանջի հրաման է տվել, որի պատճառով 62 հոգուց բաղկացած անձնակազմը հայտնվել է հակառակորդի շրջափակման մեջ, փաստաբանն արձագանքեց․ «Նահանջի հրաման է տվել, դրա համար 22 հոգի ողջ են մնացել։ Շրջափակման մեջ է մնացել․ ի՞նչ աներ։ Բա ի՞նչ պիտի աներ այդ իրավիճակում, երբ տեսնում էր, որ ավտոմատով տանում են պրաչյոսկայի»։

Փաստաբանը, հղում կատարելով անմեղության կանխավարկածին, հայտնեց, որ ամեն ինչ քննությունը կպարզի։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին։ Դատախազը կհրապարակի մեղադրական եզրակացության վերջին մասը, և գործը կմտնի դատաքննության փուլ։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31