Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող է Վազգեն Սարգսյանը բարձր տրամադրությամբ դուրս գա եւ վարորդի վրա բարկացած լինի, որ հերթական անգամ ավել բենզինի փող է ուզում». Գեղամ Նազարյանի վարկածը

Հոկտեմբեր 27,2022 22:02

Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավորները ԱԺ այգում տեղադրված Հոկտեմբերի 27-ի զոհերի հուշարձանին ծաղիկ խոնարհեցին:

Aravot.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցին՝ Հոկտեմբերի 27-ի սլաքներն ուղղվում են ձեր քաղաքական թիմի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին՝ հաշվի առնելով ոչ միայն այն հանգամանքը, որ նա է եղել իշխանության ղեկին այդ տարիներին, այլեւ այն, որ մի շարք դրվագներով հակասություններ կան գործով վկաների, այլ քաղաքական գործիչների եւ իր տեսակետների միջեւ, ինչպե՞ս կմեկնաբանեք դա՝ պատասխանեց. «Դա ծայրից ծայր անհեթեթություն է, հիմա սլաքները ով ոնց ուզում՝ ուղղում է:

Մենք այս հեղհեղուկ, շինծու սլաքներին ծանոթ ենք, 2018-ին հատկապես: Դրանք ուղղորդվում են տարբեր մարդկանց, ուժերի դեմ եւ այն մակարդակով՝ ամենացածր, հատակից էլ ցածր: Դրանց անիմաստ է անդրադառնալ: Պարզ է, որ քաղաքական նպատակներով այս տխուր, դժգույն իրավիճակում պետք է ժողովրդի ուշադրությունը իրական խնդիրներից շեղել եւ ուղղել 23 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությանը, երբ իրենց սրտի դատախազներից մեկը ամբողջ ծավալով ուսումնասիրել է: Այսօր հայ մարդը՝ սովորական շարքային քաղաքացին հասկացել է, թե որ երկրից է եկել այս աղետը մեր երկիր, մեր տուն, որին մենք շատ լավ ծանոթացանք 2018-ի մայիսից հետո տեղի ունեցած իրադարձություններից, այսինքն, ո՞ւմ էր ձեռնտու, որ Հայաստանը չաճի, չհզորանա եւ այս իրավիճակում իրականացնի նման ահաբեկչական գործողություն: Դա թշնամական երկրի շահն է: Ես ցավում եմ, որ այսօր մարդկանց խաբելով Մարտի 1-ով, Հոկտեմբերի 27-ով բերեցին, խաբեցին, այս երկիրը պատվեց չարով, որովհետեւ սուտ, սուտ, ամեն ինչը սուտ՝ մեկը՝ 10 սարքած, 10-ը՝ 1: Մենք երեւի մի օր հասունանաք եւ ճիշտ հետեւություններ անենք ե՛ւ Հոկտեմբերի 27-ից, ե՛ւ 2018-ի մայիսի 8-ից»:

Հիշեցրինք, որ նախընտրական քարոզարշավին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ինձ պարտության մեջ եք մեղադրում, բայց Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, դե եկեք պատասխան տվեք Հոկտեմբերի 27-ի մասին, ձեր ղեկավարած ԱԱԾ-ն տեղյակ է եղել, որ Նաիրի Հունանյանը մտնելու է ու զենքով գնդակահարելու է ժողովրդի առաջնորդներին: Գեղամ Նազարյանն արձագանքեց. «Հիմա ո՞վ է իշխանության՝ 2018-ի մայիսի 8-ից: Եթե նման անհեթեթ հայտարարություններ են արվում, նախ պետք է նորմալ միջավայր, նորմալ դատական համակարգ պետք է լինի, որ նման սուտ հայտարարություն անողները 100 անգամ մտածեն…Նիկոլ Փաշինյանը դիվանագետներին անվանելով օտարի կոշիկ լիզող, Ալիեւին անվանելով քաղաքակիրթ, խոստովանելով, որ ունեն ուղիղ կապ իրար հետ՝ բերեց մեր տուն աղետ, արյուն, պարտություն, ստորացում ու այդքանից հետո այդ մարդը դեռ խոսում է, դեռ հոխորտում է ու հիշում է ինչ-որ բաներ: Եթե մենք, որպես հանրություն, սա հանդուրժենք, ինքը արդեն սկսելու է հիշել, թե ինչու չեն դատապարտում այն ժամանակվա ղեկավարին, որի ժամանակ տրոլեյբուսն ընկավ Երեւանյան լիճը, հետո մեղադրելու է Կարեն Դեմիրճյանին, որ ԱԱԾ պետն իմացել է, որ Մարզահամերգային համալիրը հրդեհվելու է ու ոչինչ չի ձեռնարկել, հետո գալու է հասնի 40-ական թվականներ եւ պահանջելու է, որ հետաքննություն, սկսվի, որ պարզի՝ ովքե՞ր են այն ղեկավարները, որոնք խեղճ ադրբեջանցիներին հանել եւ ուղարկել են Մուղանի դաշտավայր: Սա նույն անհեթեթությունների շարքից է»:

Դիտարկմանը՝ Հոկտեմբերի 27-ը Ռոբերտ Քոչարյանի հետ կապվում է Մեղրիի տարբերակի պատճառաբանությամբ՝ Գեղամ Նազարյանն արձագանքեց. «Դա հորինվածք է էլի: Այդ մասին շատ հետաքրքիր նյութեր կան ե՛ Վիկիլիքսում, որեւէ մեկը չի կարող ասել, որ Ռոբերտ Քոչարյանն է Վիկիլիքսից տարածել, եւ կա Ռոբերտ Քոչարյանի գիրքը.  որտեղ մանրամասն  պատմում է, թե ինչ իրավիճակ էր 99-ին իրականում եւ ինչ էր այդ Մեղրիի տարբերակը, եւ որին, չգիտես ինչու, Ադրբեջանը չհամաձայնեց: Հեշտ է սուտ խոսել»:

Հարցին՝ դուք մատնանշեցիք Ռոբերտ Քոչարյանի «Կյանք եւ ազատություն» գիրքը, որտեղ Հոկտեմբերի 27-ի մասին անդրադարձ կա ու պատմում է, թե ինչպես է միջազգային միջնորդների հետ հանդիպումից հետո Վազգեն Սարգսյանի հետ մի բաժակ օղի խմել, հետո Վազգեն Սարգսյանն ուզել է գնալ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, մանրամասն նկարագրվում է երկխոսությունը ու այստեղ կասկածելի դրվագ կա, մասնավորապես, Քոչարյանը նշում է, որ Վազգենի եւ իր տրամադրությունը բարձր է եղել, այդ հանդիպումից ոգեւորված դուրս է եկել, մինչդեռ այլ վկայություններ կան, որ նա ջղայնացած է եղել այդ օրը, իր վարորդը պատմել է, որ մեքենայի դուռը շխկացրել է բարկացած, այսինքն, այստեղ խոսքերը իրար չեն բռնում, ո՞վ է ստում՝ Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Իսկ ի՞նչ կա այդտեղ ստելու, կարող է բարձր տրամադրությամբ մարդը դուրս գա եւ վարորդի մոտ ուրիշ կեցվածք ընդունի, եւ վարորդի վրա բարկացած լինի, որ հերթական անգամ ավել բենզինի փող է ուզում: Կարեւորը իրականությունն է, իսկ այդ իրականությունը մեր բոլորիս առաջ է եւ անաչառ վերլուծությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք մեր երկրի թշնամիների հետ»:

Հարցին՝ Քոչարյանին ձեռնտու չէ՞ր Հոկտեմբերի 27-ը՝ Գեղամ Նազարյանը պատասխանեց. «Դուք մտածում եք որեւէ բանական հայ մարդու համար ձեռնտո՞ւ կլիներ այս իրավիճակը: Ես լավ եմ հիշում այդ օրերը, այդ ընթացքը, որի միջով այդ կես տարին անցավ Հայաստանը, ո՞ւմ էր դա ձեռնտու, ո՞ր մեկին, բացի խելագարից ու խելացնորից նման բան առաջարկեին ու համաձայներ դրա հետ՝ այդ ծանր բեռի տակ մտնելով: Դա անհեթեթություն է: Գիտե՞ք ով է նման վարկածներ առաջ քաշում, ով ինքը կհամաձայնվեր»:

Մեր հարցին՝ ինչո՞ւ այս իշխանությունը մինչեւ վերջ չի բացահայտում Հոկտեմբերի 27-ը, չկա՞ քաղաքական կամք, թե՞ ինչ-որ դրվագներ հանրությունից գաղտնի են պահում՝ նա պատասխանեց. «Բացահայտվել է այն մասով, ինչքանով հնարավոր է եղել բացահայտել: 99-ի Հոկտեմբերի 27-ից անցավ կես տարի, մի ամբողջ թիմ եկավ, որ բացահայտի, դրանից հետո էլի գործընթացներ եղան: Հիմա, եթե ինչ-որ կասկածելի դրվագներ ունեն, կարող են քրքրել, մանավանդ այն մարդը, որի վզին դրած է: Բայց տեսեք, մենք էլի մեզ մտցնում ենք մի տեղ, որտեղ չարքն է իշխում՝ կեղծ խոսքեր, սուտ փաստեր»:

Ճշտեցինք՝ փակե՞նք էջը՝ նա պատասխանեց. «Էջը պիտի փակենք՝ վերականգնելով Հայաստանի հզորությունը, այսինքն, իրականացնենք Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի երազած Հայաստանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31