Լրահոս
Օրվա լրահոսը

Ուկրաինական պատերազմում զոհվել է 38 լրագրող, փակվել են բազմաթիվ լրատվամիջոցներ

Հոկտեմբեր 27,2022 21:21

Aravot.am-ի զրուցակիցն է Ուկրաինայի Հանրային հեռուստաընկերության վերահսկիչ խորհրդի անդամ Սվետլանա Օստապան

-Պատերազմի ժամանակ աշխատանքի ընթացքում ի՞նչ խնդիրներ են առաջանում, ի՞նչ պայմաններում են աշխատում ուկրաինացի լրագրողները, ինչպե՞ս են հաղթահարում խնդիրները:

-Եթե գնահատենք ընդհանուր առմամբ, ապա առաջին խնդիրն անվտանգության խնդիրն է: Մեր լրագրողները հաճախ աշխատում են ոչ անվտանգ պայմաններում. ոչ միշտ են սաղավարտներ եւ զրահաբաճկոններ ունենում, ոչ միշտ է հաջողվում ապահովել նրանց համար անհրաժեշտ այդ պարագաները, թեեւ հասարակական կազմակերպությունները՝ միջազգային կազմակերպությունների հետ, փորձում են այդ խնդիրները լուծել:

Երկրորդ խնդիրը կենցաղային է՝ կապված ենթակառուցվածքների կամ դրանց բացակայության հետ. պետք է աշխատել՝ ամեն վայրկյան իմանալով, որ կարող է հոսանք չլինի, կարող է ինտերնետ չլինի, իսկ տեղեկատվությունը պետք է փոխանցել: Այդ պատճառով, Հանրային հեռուստաընկերությունում, այսպես ասենք՝ պատրաստվելով պատերազմին, բոլոր մարզային թղթակցական կետերում աշխատող լրագրողների համար «այֆոններ» գնեցինք, որպեսզի նրանք հնարավորություն ունենան հեռախոսներով նկարել, ոչ թե ծանր տեսախցիկներով վազել: Շատ հաճախ են եղել դեպքեր, երբ մեր լրագրողները, օրինակ, Խարկովում, Չեռնիգովում, ապաստարաններից մի քանի րոպեով դուրս էին գալիս, արագ նկարում, փոխանցում տեղեկատվությունը եւ կրկին ապաստարան վերադառնում:

Երրորդ խնդիրը, որին առնչվում ենք, ֆինանսական է, որովհետեւ, պատերազմի ընթացքում շատ լրատվամիջոցներ փակվեցին, իսկ այդ լրագրողներին աշխատանք է հարկավոր:

-Քանի՞ լրատվամիջոց է փակվել, կա՞ն հստակ թվեր:

-Այս պահին հստակ թիվ չեմ կարող ասել, բայց քիչ չեն. թե ռադիո, թե հեռուստատեսություն, թե կայքեր եւ թերթեր: Ի դեպ, այն թերթերը, որոնք դեռ տպագրվում են, թեեւ դրանք շատ չեն, բայց թղթի խնդիր են ունենում: Անհրաժեշտ է լինում եվրոպական երկրներում փնտրել թղթի մատակարարներ, քանի որ նախկին կապերը չեն գործում. մենք տպագրական թուղթ էինք գնում ՌԴ-ից եւ Բելառուսից: Անհամեմատ ավելի մատչելի գնով էր հնարավոր լինում ձեռք բերել, քան հիմա. այժմ Ֆինլանդիայից են ձեռք բերում, բավական թանկ գնով եւ ոչ միշտ է այդ թուղթը թերթի տպագրության համար նախատեսված: Իհարկե, բոլոր թերթերն էլ էլեկտրոնային կայքեր ունեն, բայց տարեցները կայքեր չեն կարդում, նրանք նախընտրում են թերթ կարդալ, ռադիո լսել եւ մարդկանց պետք է տեղեկատվություն հասցնել: Ուստի, մեզ մոտ ռադիոն այժմ դարձել է ամենատարածված եւ կարեւոր մեդիան. Հանրային ռադիոն երկու ալիքով հեռարձակում է իրականացնում՝ թե նորություններ, թե մշակութային ծրագրեր՝ ուկրաինական դասականներին են մեծ տեղ տալիս եւ, հիմնականում, պատերազմի ընթացքում գրված ստեղծագործություններ են հեռարձակվում:

-Աշխատանքը կորցրած լրագրողների հարցն ինչպե՞ս է լուծվում:

-Պետական մակարդակում՝ ոչ մի կերպ: Այն խմբագրությունները, որոնք աշխատում են, ջանում են դուրս մնացած գործընկերներին ապահովել աշխատանքով: Ոչ միշտ է դա ստացվում, բայց տեղյակ եմ, որ եկող տարի դրամաշնորհային ծրագրեր են լինելու, դոնորները դրամաշնորհային գումարներ են հատկացնելու այն խմբագրություններին, որոնք լուսաբանմամբ են զբաղված, իսկ այն լրատվամիջոցները, որոնք քարոզչությամբ են զբաղված, թող որեւէ օգնություն չակընկալեն:

-Տվյալներ կա՞ն, քանի՞ լրագրող է մահացել պատերազմի ընթացքում:

-38 լրագրող. թե ուկրաինացի, թե արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Նրանցից 8-ը՝ աշխատանքային պարտականությունները կատարելիս: Մնացածը զոհվել են կամ բանակում՝ ծառայության ընթացքում, կամ էլ քաղաքացիական օբյեկտների, այդ թվում նաեւ բնակելի տների ռմբակոծությունների ժամանակ:

-Իսկ ՌԴ վերահսկողության տակ անցած տարածքներում մնացած գործընկերների հետ կապ կա՞, փորձո՞ւմ եք տեղեկատվություն ստանալ նրանցից, թե իրականում ի՞նչ է կատարվում այդ վայրերում:

-Օրինակ, մեր հեռուստաընկերության մասնաճյուղն էլ է մնացել՝ ամբողջ աշխատակազմով, գրավվել է: Որոշների հետ կապ կա, անլեգալ է դա: Իրենք, փաստացի, չեն աշխատում: Աշխատակազմի մի մասը կոլաբորացիոնիստներ էին, ի սկզբանե անցան ռուսների կողմը, երբ Խերսոնում գրավեցին մեր խմբագրությունը եւ թալանեցին այն: Հետո, մեր խմբագրության բազայի վրա ռուսները հեռուստատեսություն էին ցանկանում ստեղծել եւ աշխատակիցներ էին փնտրում. նրանք անգամ թողարկող ինժեներ չէին կարողանում գտնել: Մեր ինժեներին գողացան՝ բառիս բուն իմաստով, հետագայում, միջազգային կազմակերպությունների միջոցով մենք պաշտպանեցինք մեր աշխատակցին եւ վերադարձրինք:

Երբ ռուսները ինչ-որ տեղ են մտնում՝ առաջին հերթին լրատվամիջոցներն են գրավում եւ իրենց քարոզչությունը տարածում: Բռնազավթված տարածքներում, բնականաբար, չկան ուկրաինական խմբագրություններ, որոնք բաց կկարողանան աշխատել, եթե ինչ-որ կերպ, ինչ-որ աշխատանք կամ համագործակցություն լինում է՝ բացառապես գաղտնի է:

-Ինչպե՞ս է հնարավոր լինում պատերազմական իրավիճակներում համատեղել աշխատանքը եւ ընտանիքը:

-Լրագրողները հերոսներ են, անկեղծ եմ ասում: Եզակիներն են, որ երեխաների հետ մեկնել են երկրի սահմաններից դուրս եւ այլ տեղերից են աշխատում: Մեր լրագրողները, հիմնականում, մնացել են Ուկրաինայում՝ ընտանիքներին տեղափոխել են Ուկրաինայի Արեւմուտք, որտեղ համեմատաբար անվտանգ է, իսկ իրենք մնացել են եւ աշխատում են: Ես հպարտանում եմ մեր լրագրողներով: Դա հեշտ չէ, բայց իրենք աշխատում են:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Հ. Գ. Ուկրաինացի լրագրողների հետ հանդիպումը կայացել է Թբիլիսիում, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած՝ հակամարտությունների թեմայով Վրաստանում հոկտեմբերի 9-15 կայացած լրագրողական շրջայցի շրջանակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31