«Այդ օրը սպանվեց ազգայինը, ոգեղենը։ Այսօրվա իրողություններն ապացուցում են այն, ինչ ասում էինք 23 տարի առաջ, որովհետեւ Վազգեն Սարգսյանն էություն էր։ Այդպիսի անհատների աստված հարյուր տարին մեկ է տալիս։ Նա առաջնորդում էր ժողովրդին, ոգեղենություն հաղորդում»,- հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցի օրն այսօր ՀՀ պաշտպանության առաջին նախարար, ՀՀ վաղամեռիկ վարչապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ խոնարհելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ անդամ, ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը։
Նա հարցադրում արեց․ «Չեք զգո՞ւմ, որ հիմա Վազգեն Սարգսյան տեսակի կարիքը կա։ Այն ժամանակվա կրակոցներն ուղղված էին այսօրվան։ Պատմությունն ապացուցեց դա։ Դրա համար էլ այս վիճակին ենք: Այսօրվա մղձավանջը Վազգենի տեսակի պակասի պատճառով է, չկա առաջնորդ, որը ազգի եւ պետության գաղափարը կսերմաներ եւ կտաներ առաջ․․․երբ 2018թ-ին ասում էինք այսօրվա վիճակի մասին, որ այսպես է լինելու, մեզ ոչ մեկ չէր լսում աղմուկի եւ հայհոյանքի մեջ»,-հավելեց Սամվել Նիկոյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ