Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ-ում հարցաքննվել եմ․ ինձ զարմացրեց երիտասարդ քննիչի՝ գործի իմացությունը»․ Արամ Սարգսյան

Հոկտեմբեր 27,2022 20:15

«Մի բան է հստակ, որ գործի ամբողջական վերաբացումը կախված է ՀՀ ինքնիշխանության լիարժեք ձեռքբերման հետ, որովհետեւ գործն ունի արտաքին քաղաքական հետք։ Այս իշխանությունը գործը վերաբացել է, ԱԱԾ-ում ստեղծել  է քննչական խումբ։ Սա ճիշտ եմ համարել ի սկզբանե, որովհետեւ դատախազությունն իր մասով իր անելիքն ավարտել է։

Դատախազությունն ավելին ուզենա էլ, չի կարող անել, որովհետեւ արտաքին քաղաքական հետքն է պետք քննել»,-հոկտեմբերի 27-ի ահաբեկչության 23-րդ տարելիցի օրն այսօր ՀՀ պաշտպանության առաջին նախարար, ՀՀ վաղամեռիկ վարչապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին ծաղիկներ խոնարհելուց հետո ասաց նրա եղբայրը՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

«ԱԱԾ-ն պետք է զբաղվի։ Ինձ հարցաքննել են։ 2,5 ժամից ավելի ԱԱԾ-ում եմ եղել, ինձ զարմացրեց երիտասարդ քննիչի՝ գործի իմացությունը։ Քիչ մարդկանց գիտեմ, որոնք գործն ուսումնասիրել են այդպիսի խորությամբ եւ նրբությամբ։ Այն, ինչ հարցնում էին, վերաբերում էր պաշտոնական անգործության խնդիրներին, քան արտաքին քաղաքական հետքին, բայց անգամ 2001թ․-ին ինձ անջատված մասով  քննչական կոմիտե էին կանչել՝ ցուցմունք տալու։ Ցուցմունքներս վերաբերել էին Մեղրիի տարբերակով արտաքին հետքին։ Նշել եմ այն ժամանակ դեռ փակ վիճակում առաջարկվող Մեղրիով հարցի լուծման չորս տարբերակներին, նկարել եմ քարտեզների տարբերակները, որոնք ժամանակին ասել էր Վարդան Օսկանյանը։ Մատնանշել եմ, որ այդ ուղղությամբ պետք է աշխատանք տարվի»,-հավելեց Արամ Սարգսյանը։

Նա նշեց․ «Ինչ վերաբերում է ներքին պատվիրատուների խնդրին, ապա հանրությունը հետեւություններ արել է։ Դա ՀՀ ինքնիշխանության դեմ ուղղված քայլ էր։ Այսօր նորից կանգնած ենք ինքնիշխանություն կառուցելու եւ պաշտպանելու խնդրի առաջ։ Բոլոր վատատեսներին ասեմ, որ այսօր այս պահին իսկապես ունենք հնարավորություն ՀՀ-ի եւ Արցախի համար ուժեղ պետականություն ձեւավորելու։ Հիմքերը ոտքի վրա հարցազրույցի թեմա չեն։ Այն դռները, որոնք բացվում են մեր առաջ ժողովրդավարության մասով, տալիս են այդ հնարավորությունը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31