Լրահոս
Օրվա լրահոսը

«Բա ո՞ւմ մեղադրեմ․ ալան-թալան արին, հիմա էլ սրբի շոր են հագել, եկել երկիրը փրկելու»․ Սասուն Միքայելյան

Հոկտեմբեր 27,2022 19:40

«Մենք ՀԱՊԿ անդամ ենք, եւ ՀԱՊԿ-ը մեր հետ կապված գրեթե ոչինչ չարեց»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ ՔՊ խմբակցության նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ երբ հարց հնչեց այն մասին, որ առանց ադրբեջանական զորքերի ելման դիրքեր վերադառնալու՝ ՀՀ իշխանությունը պատրաստվում է խաղաղության պայմանագիր կնքել։ «ՀՀ սահմանների վրա թշնամու կողմից ոտնձգություն եղավ, եւ ոչ մի նորմալ արձագանք չեղավ։ Որոշակի չափով օգնել են, բայց եթե այսօր ուշքի չգան, մտածելու տեղ է տալիս՝ ՀԱՊԿ-ի մեջ մնա՞նք, թե չէ։ Ավելին, եթե մեր օդը փակվի, չկասկածեք, մենք առաջ կգնանք։ Գերադասում եմ ազատագրենք մեր տարածքները, քան հետ քաշվենք։ Դրանք հեշտ հետ քաշվողը չեն, մեր վրա պետք է հույսը դնենք»,-համոզմունք հայտնեց Սասուն Միքայելյանը։

Նա հիշեցրեց, որ հակառակորդն այս ընթացքում զինվել է ժամանակակից սպառազինությամբ․ «Նախորդ իշխանությունն ալան-թալան արեց։ Կեղեքին ժողովրդին։ Այսօր էլ այդ սատանաները սրբի շոր են հագել, եկել հրապարակ ու ասում են, թե կփրկեն երկիրը։ Եթե փրկող էին, քսան տարի թող փրկեին։ Ժողովրդին բաժանին, մասնատին։ Ես չեմ ասում, թե մեր իշխանությունը թերություններ չունի։ Կա թերություն, բայց ուզում եմ բոլորս հասկանանք, որ երեք տարում հնարավոր չէր հզոր զինտեխնիկայի դեմ․․․նախորդ իշխանությունները միշտ ասել են, որ բանակցային փուլով ոչ մի գործընթաց չի լինելու, որ պետք է տարածքները հանձնենք։ Մենք Արցախը չենք հանձնում։ Արցախի հարցը քննարկվում է միջազգային ատյաններում։ Մենք Արցախը չենք թողնելու, ժամանակ է պետք»։

Սասուն Միքայելյանը կրկնեց տեսակետը՝ մենք մտածելու բան ունենք այսօր, մնալո՞ւ ենք ՀԱՊԿ-ում, թե ոչ․ «Մենք հիմա մանր-մանր ցեղասպանվում ենք»։ Հարցին՝ մինչեւ ՀԱՊԿ-ի հարցը բարձրաձայնելը հիշենք, որ Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե Սեւ լճի 30%-ի համար պատերազմ չենք անելու, թե ՀՀ միջպետական ճանապարհն «Էյվազլու» է, ադրբեջանական է, ոչ մի պատճառահետեւանքային կապ չեք տեսնո՞ւմ այս մոտեցումների եւ այսօրվա վիճակի միջեւ, Սասուն Միքայելյանը պատասխանեց․ «Ես չեմ ուզում քաղաքականացնել։ Այդ հատվածները․․․հենց նախորդ իշխանության ժամանակ եթե հզոր էիր, քո հետ կնստեին բանակցելու»։

Նկատառմանն ի պատասխան, որ ասվածը կապ չուներ հարցադրման հետ, որ միշտ նախկիններն են մեղավոր, ու ստացվում է, որ Փաշինյանի իշխանությունը ոչ մի մեղք չունի, Միքայելյանը վրդովվեց․ «Ասացի, որ մեր իշխանությունն էլ թերություն ունի, բայց այսօր պետք է ուժեղ եւ պատրաստ լինենք, որ կարողանանք դիմակայել։ Հարց տալը հեշտ է, իրավիճակը պատկերացնելը դժվար՝ հատկապես մարտի դաշտում։ Ով մեղավոր է․․․բա ո՞ւմ մեղադրեմ, էլի նեռվերիս վրա ազդո՞ւմ եք։ Ժամանակը ցույց կտա, թե ով ինչ մեղք ու սխալ ունի, ով է դավաճան։ Եկեք նախ մեր սահմանները պահենք, իսկ հետո ով դավաճանել է, իր պատիժը կկրի՝ լինի Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան կամ Սասուն Միքայելյան, Ռոբերտ Քոչարյան․․․բա այսօր ո՞վ է սահմանին, ընդդիմությո՞ւնը, ոչ, բանակը։ Թող մի օր գան, տեսնեն սահմանների վիճակը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31