Լրահոս
Օրվա լրահոսը

Բրատիսլավան` հայկական ֆուտբոլի անկյունաքարային կանգառ

Հոկտեմբեր 27,2022 19:20

Արարատ 73-ից հետո հայ երկրպագուն այսչափ հաջողությունների ականատես չի, ինչպես վերջին ամիսներին։ Եվրագավաթի խմբային փուլին մասնակցելը արդեն նորություն չէր հայ ֆուտբոլասերների համար, բայց հաղթել խմբային փուլում, այն էլ ոչ մեկ անգամ և պայքարել խմբից դուրս գալու համար` անհավատալի ենթադրություն էր ամիսներ առաջ։

Փյունիկի հաջողությունների մեջ մեծ դեր ունի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։ Դեռ նախորդ մրցաշրջանի ընթացքում մարզիչը կարողացավ տրամադրել թիմին անզիջում պայքարի։ Այդ ժամանակ առաջատար Արարատ Արմենիայից զգալի հետ մնալով մրցաշարային աղյուսակում նռնագույնները կարողացան բնավորություն ցուցադրել և դարձան Հայաստանի չեմպիոն։ Ամռանը Չեմպիոնների Լիգայի որակավորման 1-ին փուլի վիճակահանությունից հետո շատերը Փյունիկին արդեն ուղարկում էին Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման 2-րդ փուլ, այսինքն կանխատեսում էին Փյունիկի հավանական պարտությունը։ Մրցակիցը Ռումինիայի բազմակի չեմպիոն Կլուժն էր,որը մեկ անգամ չէ, որ խոշոր հաշվով առավելության էր հասել հայկական ակումբների նկատմամբ։

Բայց Մելիքյանի թիմը ցուցադրեց անկոտրում կամք և կազմակերպված թիմային խաղ և արժանիորեն հաղթահարեց Ռումինիայի չեմպիոնի արգելքը։ Վերոնշյալ հատկանիշները անմասն չմնացին նաև ՉԼ-ի որակավորման փուլում, որտեղ կրկին Փյունիկը կամային հաղթանակ տարավ և պատմություն կերտեց հայկական ակումբային ֆուտբոլում. այն է` հայկական առաջին ակումբը դարձավ, որը հայտվեց ՉԼ որակավորման 3-րդ փուլում։ Հայտնվեցինք այնտեղ, որտեղ դեռ չէինք եղել և հասկացանք, որ մեծ նպատակների համար պետք են մեծ ներդրումներ։ Ցրվենա Զվեզդան մաստեր կլաս ցույց տվեց Փյունիկին և ուղարկեց Եվրոպա Լիգայի որակավորման փլեյ օֆֆ փուլ։ Այնտեղ էլ սխալ հաշվարկի պատճառով Մոլդովայի չեմպիոն Շերիֆը հաղթանակի հասավ Հայաստանի չեմպիոնի նկատմամբ տասնմեկ մետրանոց հարվածաշարի միջոցով։

Դասեր քաղելով ամռան սխալներից Փյունիկը կադրային քաղաքականություն վարեց ձեռք բերելով մի շարք ֆուտբոլիստների։ Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլում մեզ բաժին հասավ համեմատաբար ցանկալի խումբ։ Առաջին հայացքից ընդգծված էին երկու ֆավորիտներ` Բազելն ու Սլովանը, իսկ խմբի հետնապահներն էին համարվում Փյունիկն ու Ժալգիրիսը։ Մելիքյանի սաները ցույց տվեցին,որ ֆավորիտները միայն թղթի վրա են, անգամ Բազելին պարտվելով, Փյունիկը արժանի պայքար առաջարկեց անվանի ակումբին։ Այս տրամադրության շարունակությունը եղավ Երևանում Սլովանի դեմ տնային հանդիպմանը։ Չնայած, մեզ հայտնի պատճառներով հոգեբանական դժվարություններին` Փյունիկը վստահ հաղթանակ տարավ Սլովակիայի չեմպիոնի նկատմամբ։ Հաջորդեց Լիտվայի չեմպոն` Ժալգիրիսի նկատմամբ վստահ հաղթանակը։ Այս ամենից հետո երևանյան ակումբին մրցակիցները ավելի լուրջ են վերաբերվում։ Դա պատճառներից մեկը դարձավ վիլնյուսյան պարտությանը։

Խմբային փուլի 4 տուրերից հետո Փյունիկը ունի 6 միավոր և զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը։ Խմբում անզիջում պայքար է ընթանում, անգամ խմբի հետնապահ Ժալգիրիսը կարող է վերջնարդյունքում զբաղեցնել առաջին հորիզոնականը։

Այսօր իրատեսական հնարավորություն կա Փյունիկի համար Կոնֆերենցիաների Լիգայի փլեյ օֆֆ փուլ դուրս գալու համար։ Դրա համար պետք է հաղթել Սլովանին նրա իսկ դաշտում։ Անգամ ոչ ոքի խաղալով իրատեսական շանսեր են մնում խմբից դուրս գալու համար։ Բայց Մելիքյանի թիմը տրամադրված է խնդիրները լուծել այսօր։ Գլխավոր մարզիչը նախախաղային ասուլիսի ընթացքում նշեց, որ իր ֆուտբոլիստները կմեռնեն խաղադաշտում հաղթանակի հասնելու համար։ Մելիքյանը այսօր ուզում է պատմություն կերտել հայկական ակումբային ֆուտբոլի համար։

Բոլոր նախադրյալները կան, որ նռնագույնները հաջողության կհասնեն խմբային փուլի ավարտից հետո։ Խաղը տեղի կունենա այսօր ժամը 23։00-ին Բրատիսլավայում։

Փյունիկը այս ընթացքում բազմիցս դրական էմոցիաներ է պարգևել հայ ֆուտբոլասերին և հիմա հենց հայ ֆուտբոլասերի հերթն է լինել Փյունիկի կողքին անկախ արդյունքից։

 

Ահարոն Հակոբյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31