Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճի տեմպն արագանում է

Հոկտեմբեր 27,2022 19:07

«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։

Այսպիսով՝

  • Ռուսուկրաինական հակամարտության սրման հետևանքով` դեպի ՀՀ կապիտալի և մարդկանց ներհոսքով պայմանավորված, ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑի) տեմպը շարունակում է բարձր մնալ: Այնուամենայնիվ, վերջին երկու ամիսներին նկատվում է աճի տեմպի որոշակի դանդաղում:

2022թ.-ի սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 14.6%՝ օգոստոսի համեմատ դանդաղելով 3.9 տոկոսային կետով, իսկ հուլիսի համեմատ՝ 4.8 տոկոսային կետով:

  • Գնաճի տեմպը նախորդ ամիսներին որոշակիորեն դանդաղելուց հետո կրկին սկսել է արագանալ:

12-ամսյա գնաճի տեմպը սեպտեմբերին արագացել է՝ հասնելով 9.9%-ի: Կենտրոնական բանկն արդեն իսկ սեպտեմբերին բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 10%: Ի դեպ, ընթացիկ տարվա ընթացքում ԿԲ-ն մի քանի անգամ բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, սակայն գնաճի տեմպը շարունակել է արագանալ: Հետևաբար, անհրաժեշտ է նաև կիրառել տնտեսության կարգավորման այլ գործիքներ՝ գնաճի տեմպը նվազեցնելու համար:

  • Դեպի ՀՀ փոխանցվող դրամական միջոցների ծավալները շարունակում են բարձր տեմպերով աճել:

Դա նշանակում է, որ ՀՀ տնտեսություն շարունակում է մտնել մեծ քանակությամբ կապիտալ՝ հանգեցնելով փոխարժեքի հետագա արժևորմանը: Այս պայմաններում, կառավարությունը և ԿԲ-ն պետք է միջոցներ ձեռնարկեն կապիտալի հոսքերի կառավարման համար (օրինակ՝ ինտերվենցիաների իրականացում կամ այլ գործիքներ, որոնք միտված լինեն շուկայում ավելցուկային կապիտալի ստերիլիզացմանը), որպեսզի դրանց բացասական ազդեցությունները տնտեսության վրա հնարավորինս չեզոքացվեն: Սակայն, դրամական ներհոսքի մեծ ծավալների հետ միաժամանակ նկատվում է ՏԱՑ-ի դանդաղում, ինչը նույնպես պետք է լինի մակրոտնտեսական քաղաքականություն մշակողների ուշադրության կենտրոնում:

  • ՀՀ արտաքին առևտուրը աճում է աննախադեպ բարձր տեմպերով:

Ե՛վ արտահանման, և՛ ներմուծման ծավալները վերջին ամիսներին էականորեն գերազանցում են նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշներին: Այստեղ առկա է վերարտահանման երևույթ՝ կապված ՌԴ նկատմամբ կիրառվող սանկցիաների և դրանց ստեղծած հնարավորությունների հետ: Դա լրացուցիչ հիմնավորվում է այն փաստերով, որ ներքին տնտեսության հիմնական շարժիչ ուժերը այդ չափով չեն աճում: Հետևաբար, կառավարությունը մի կողմից՝ պետք է քայլեր ձեռնարկի գերշահույթ ստացող տնտեսավարողներին առավել արդյունավետ հարկելու ուղղությամբ, մյուս կողմից՝ պետք է գրավիչ պայմաններ ստեղծի ՀՀ տեղափոխված բիզնեսի և անհատների համար:

  • Գյուղատնտեսության ոլորտում շարունակվում է գրանցվել անկում:

2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ գյուղատնտեսության ոլորտի անկումը կազմել է 0.7%: Վերջին տարիների ընթացքում գյուղատնտեսության ոլորտում գրանցվում է շարունակական անկում, մինչդեռ այդ տարիներին կառավարության կողմից ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերը և ռեսուրսները ավելացվում են: Հետևաբար, հարց է առաջանում կառավարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետության և թիրախայնության վերաբերյալ:

  • Պետական բյուջեի կատարումն էականորեն շեղվել է պլանից:

Պետական բյուջեի փաստացի պակասուրդը շուրջ 262.8 մլրդ դրամով շեղվել է պլանից, որը պայմանավորված է ինչպես եկամուտների ավել հավաքագրմամբ, այնպես էլ ծախսերի թերակատարմամբ: Իհարկե, տնտեսական բարձր աճի պայմաններում հարկաբյուջետային զսպող քաղաքականության իրականացումը տեղին է, սակայն դա չպետք է իրականացվի կապիտալ ծախսերի թերակատարման միջոցով: Մինչդեռ նշված շեղման էական մասը՝ 76.5 մլրդ դրամը պայմանավորված է կապիտալ ծախսերի թերակատարմամբ:

Վերլուծությունն ամբողջությամբ՝

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31