Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Հայաստանը միշտ ակտիվ պայքարել է Թուրքիայի ցեղասպանական քաղաքականության դեմ, ինչը հիմա չկա եւ մեր իշխանության այս պահվածքը ամոթալի է»

Հոկտեմբեր 27,2022 18:55

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում ասաց, որ մենք դեռ մեր մեջ ունենք էներգետիկ այն պաշարը, որը պետք է մեզ թույլ չտա՝ մտածել, թե ահա եկել եւ մնացել են եւ պետք է մնան:

«Հիշենք, հանրահայտ երգի խոսքերը. «…Շարվեշարան կուգան ու կերթան»: Խնդիրն այն է, թե մենք կարողանո՞ւմ ենք անելանելի թվացող այս վիճակում ելքերը գտնել: Անդրադառնալով տարածվող այն խոսքին, թե հայ ժողովրդին քցել են, եթե քցվելու օբյեկտ ես, քցողներ միշտ էլ եղել են ու կլինեն: Ես անընդմեջ եմ ասելու, որ մենք կարող ենք փնտրել ու գտնել, թե ինչ սխալներ են գործել աշխարհի խոշոր խաղացողները, հարեւանները, բարեկամ եւ ոչ բարեկամ երկրները: Բայց եթե մենք չկարողանանք մեր մեջ տեսնել, որ մեր  կորուստների եւ ձեռքբերումների հիմնական կրողը մենք ենք, անշուշտ մեզ կքցեն: Բոլորս, ամեն մեկն իր չափով մեղավոր է: Բայց ես գլխավոր մեղավոր տեսնում եմ իշխանությանը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ կատարում է այն, ինչ իրեն տրված է:

Թուրքիան երե՞կ է առաջացել, Ադրբեջանը երե՞կ է ծագել, Ռուսաստանը ամեն ինչ անում էր սիրահարված Հայաստանի՞ն: Ոչ: Իսկ ի՞նչն է փոխվել: Մեր մեջ փոխվել է իշխանությունը եւ փոխվել է Թուրքիայի ակտիվ մասնակցությամբ:

Արդյո՞ք, փորձագիտական համայնքը ճիշտ է ընկալում, արդյո՞ք ճիշտ է, երբ ընդդիմությունն ասում է, թե ժողովուրդը չարթնացավ, արդյո՞ք ակադեմիական հանրությունն ամեն ինչ արել է, որ ժողովուրդը չընկներ այդ ծուղակների մեջ: Կարծում եմ՝ ոչ: Ես միշտ առաջինն իմ մասին եմ ասում ու պատասխանատվություն զգում, որ պահանջված չափով ու այնպես չեմ արել:

Հիմա կարո՞ղ ենք այսօր ասել, որ Հայաստանում ընդհանրապես հնարավոր չէ աշխատել եւ պայքարել այն ապագայի համար, որը հստակ մենք գիտենք՝ հայեցի է եւ աշխարհին չի զրկում թիկունք կանգնել քաղաքակրթական մեծ լումա ունեցող այնպիսի ազգին, ինչպիսին են հայերը: Երբ մտածում ենք, թե ինչ պետք է անել, առաջին հերթին պիտի մտածենք, թե ինչ ենք պարտավոր անել»,- ասաց տիկին Ալավերդյանը եւ հստակ նշեց, որ Թուրքիան նպատակ ունի ոչ միայն ոչնչացնել Հայաստանը, այլեւ թուրքացնել ամբողջ տարածաշրջանը, այդ թվում է՝ կլանելով նաեւ Ադրբեջանը: Ու որպես դրա վառ ապացույց, բերեց ոչ միայն Վրաստանի օրինակը, այլեւ Հյուսիսային Կովկասի, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների, որտեղ անընդհատ աշխատում է:

«Հայաստանը միշտ էլ պայքարել է, որ մնա եւ միշտ ակտիվ քաղաքականություն է վարել թուրքական ցեղասպանական քաղաքականության դեմ: Հիմա ի՞նչն է փոխվել մեր երկրում: Հիմա այդ ակտիվ պայքարը չկա: Ցեղասպանական ծրագիրը չունի որեւէ  դիմադրողական ուժ այսօրվա իշխանությունների կողմից: Եվ մեր իշխանությունների կեցվածքը ամոթալի է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31