Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա ուզում էր, որ Արցախն ու ՀՀ-ն միասին լինեն․ չմոռանանք ու չբաժանենք»․ Տիգրան Արզաքանցյան

Հոկտեմբեր 27,2022 17:01

«Երբ իմացա, Մոսկվայում էի։ Պավել Գրաչովը զանգեց, թե երբ ես գնալու ՀՀ։ Իրար հետ եկանք։ Մինչեւ այսօր սգում ենք, որովհետեւ մեր կյանքի նվիրյալ հերոս մարդիկ ժամանակից շուտ հայտնվեցին Եռաբլուրում։ Ես 1997թ․-ից եմ եկել ՀՀ՝ հենց սպարապետի հրավերով, որ ներդրումներ անեի, բիզնեսով զբաղվեի։ Ասում էր, որ պետք է երկիրը զարգացնենք, աշխատատեղ ստեղծենք, որ ուժեղ բանակ ունենանք։ Նրան լսում էին, հետը մարտի գնում ու հաղթում»,-Եռաբլուրում այսօր խոսելով հոկտեմբերի 27-ի ահաբեկչության մասին՝ ՀՀ պաշտպանության առաջին նախարար, ՀՀ վաղամեռիկ վարչապետ Վազգեն Սարգսյանի մասին լրագրողներին ասաց «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանը։

Հարցին՝ 23 տարի անց այս գործը բացահայտված համարո՞ւմ է, նա պատասխանեց․ «Հիմա մարդկության մեջ կա բանաձեւ՝ արդարություն․  տհաճ մարդիկ, որ այս սեւ գործն արեցին, իրենք գիտեն ով ինչ է արել։ Հիմա չեմ կարող անուններ տալ։ Իրենք լսում են, որ իրենք են այս չար գործն արել եւ մեր ազգի հերոսներին ժամանակից շուտ հասցրել գերեզման»։

Թե ում էր խանգարում սպարապետը, Տիգրան Արզաքանցյանը կարծիք հայտնեց՝ նրանց, ովքեր չէին ուզում, որ Հայաստանն ուժեղանար․ «Ներքին մարդիկ էլ, արտաքին էլ։ Ներսում եղավ դժբախտություն եւ ոչ արտաքին թշնամու ձեռքով։ Կատարողները հանձնարարություն ունեին, բայց հրաման տվողը մնում է հրաման տվող։ Հիմա ամենակարեւորն այն է, որ սթափվենք, ուժ հավաքենք, որ նման ցնցումներ եւ դժբախտություններ չկրկնվեն։ Դրա պատճառով ունենք այս վիճակը։ Երկիրն այսօր կարիք ունի Վազգեն Սարգսյանի պես հերոսների, որպեսզի ճիշտ կազմակերպված աշխատանքներ, մարտական ու հրամայական․․․չկատարվեց, դրա համար ունեցանք այն, ինչ ունենք։ Տեսնում եք, թե մեր կողքին ինչքան եռագույն դրոշներ կան»։

Տիգրան Արզաքանցյանը հավելեց․ «Հիմա պետք է ճիշտ որոշումներ կայացնենք, որ չշարունակվի այս ամենը։ Սեպտեմբերի 13-ին կորուստներ ունեցանք, եւ հիմա էլ երաշխավորված չէ, թե մի քանի օր հետո ինչ կլինի։ Ով էլ ասես՝ կարող է քննադատել այսօրվա վիճակը, բայց մտածենք, որ ազգ ու հայրենիք ունենք։ Պետք է ճիշտ կազմակերպենք, որ սխալը չկրկնվի։ Այսօր ամենակարեւորը, որ պետության եւ ազգի ճակատագրի մասին մտածենք։ Ամենատխուրն այն է, որ ամերիկացիք, եվրոպացիները, Իրանը մտածում են մեր երկրի սահմանների մասին, իսկ մե՞նք ինչ ձեւ ենք մտածում․ դուրս չի գալիս։ Չեմ տեսնում կազմակերպված աշխատանք, որ ներսում ուժեղանում ենք, որ ուժեղների մոտ էլ․․․հզորներն աջակցություն են ցույց տալիս։ Լավ գիտեք Ուկրաինային ամեն ինչով օգնում են, բայց մեզ 44-օրյա պատերազմի ժամանակ ոչ մեկ չօգնեց։ Այսօր ՌԴ-ի հետ ճիշտ քաղաքականությունը բացակայում է։ ՀԱՊԿ-ից պետք է դուրս գալ այն դեպքում, երբ ուրիշ առաջարկ կա»։

Հարցին՝ այսօրվա իշխանությունը որքանո՞վ է հետամուտ Արցախի հարցի վերաբերյալ Վազգեն Սարգսյանի գաղափարներին, Տիգրան Արզաքանցյանը պատասխանեց․ «Նա տարբերություն չէր դնում, ուզում էր, որ Արցախն ու ՀՀ-ն միասին լինեն, բայց այնպես էին արել, որ Արցախին ուրիշ դրոշ նկարեցին։ Չէ՞ որ Արցախը Հայաստան է։ Չմոռանանք ու չբաժանենք։ Դիվանագիտության պակաս կա, որ բերեց պատերազմի։ 30 տարում իշխանությունները չկարողացան թշնամու հետ ճիշտ որոշումներ կայացնել, որ խաղաղ պայմաններում ապրեինք։ Իսկ այօրվա իշխանությունը լավ գիտեք ինչ արեց։ Ու շարունակում է։ Դրա համար անփորձ, պարտված իշխանությունը պետք է գնար։ Նոր ուժեր պետք է գային»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31