Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծն ընդունվել է 1-ին ընթերցմամբ

Հոկտեմբեր 27,2022 17:58

Հոկտեմբերի 27-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանի նախագահությամբ գումարվել է ԱԺ 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի հերթական նիստը:

Նախքան նիստի աշախատանքներին անցնելը՝ խորհրդարանի ղեկավարը հանդես է եկել հայտարարություններով: «Արդարություն» խմբակցության կազմում կատարվել է փոփոխություն, համաձայն որի պատգամավոր Կարեն Հովհաննիսյանն իր դիմումի համաձայն դուրս է եկել «Արդարություն» խմբակցության կազմից:

Հաջորդ հայտարարությունը վերաբերում էր Արցախի Հանրապետության խորհրդարանի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին արտահերթ նիստի հրավիրմանը և Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային նվիրված հանրահավաքի կազմակերպմանը: «Ազգային ժողովի արտահերթ նիստի կազմակերպիչը Ազգային ժողովի նախագահն է՝ խորհրդարանի խմբակցությունների պատգամավորների և աշխատակազմի հետ միասին, իսկ հանրահավաքի կազմակերպիչը արցախցին է, որը մտահոգված է իր հայրենիքի ճակատագրով: Հավաստիացնում եմ, որ հանրահավաքի օրակարգը ներքաղաքական հարցեր չի պարունակում», – ընդգծել է ԱԺ նախագահը:

Այնուհետև նստաշրջանի և նիստի օրակարգերը հաստատելուց հետո խորհրդարանն անցել է նիստի աշխատանքներին:
Օրակարգի առաջին հարցը ԱՀ Հաշվեքննիչ պալատի 2021 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումն էր, որը ներկայացրել է Պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը:

Հաղորդումը բաղկացած է 3 մասից, առաջինը և երկրորդը բյուջեի հաշվետվությունների վերաբերյալ է, երրորդը՝ ստուգումների արդյունքների վերլուծությունն է: Ընդգրկվել են 2018-2021 թթ բյուջետային տարիները, իրականացվել են 4 ծրագրեր, կազմվել է 25 հաշվետվություն: Ավելի քան 40 մլն դրամի խեղաթյուրում, ավելի քան 103 մլն-ի անհամապատասխանություն են հայտնաբերել: Դրանց մեծ մասը ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն է առնչվել:
Հաղորդմանն առնչվող հարցերին պալատի նախագահը տվել է պարզաբանումներ:

Հաջորդիվ օրենսդրական նախաձեռնությունների քննարկման հարցերն էին:

Նիստին ներկայացված օրենքների նախագծերը նախապես արժանացել էին գլխադասային հանձնաժողովների հավանությանը:

««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին և «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հոգեբուժական օգնության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին խորհրդարանը տվել է 30 կողմ քվե:
«Արցախի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը 32 կողմ ձայնով ընդունվել են որպես օրենքներ:

««Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթին խորհրդարանը քվեարկել է 29 կողմ ձայնով:

«Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագիծը 30 կողմ ձայնով ընդունվել է 1-ին ընթերցմամբ:

Հիմնական զեկուցողի առաջարկով՝ ԱԺ կողմից 1-ին ընթերցմամբ ընդունված Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծի վերաբերյալ նախատեսված գրավոր առաջարկների ներկայացման ժամկետը սահմանվել է մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը, ժամը 17:00-ն:

Նիստն ավարտվել է պատգամավորներ Գագիկ Բաղունցի և Դավիթ Գալստյանի հայտարարություններով:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31