Արցախի խորհրդարանն այսօր 30 «կողմ» ձայներով քվեարկեց՝ հօգուտ ԱՀ Սահմանադրության փոփոխության մասին նախագծի:
Սահմանադրական բարեփոխումների գործընթացն Արցախում մեկնարկել էր ավելի վաղ: Առաջարկվող նախագիծը ներկայացրեց ԱՀ արդարադատության նախարար Ժիրայր Միրզոյանը՝ հիմնավորելով, որ Արցախում սահմանադրական ճգնաժամերը կանխելու եւ առանց ցնցումների լուծումներ գտնելու համար, Արցախի քաղաքական ուժերի առաջարկությամբ, վերանայվել են Սահմանադրության փոփոխության իրավակարգավորումները՝ անփոփոխ թողնելով Սահմանադրության 1-4 եւ 163-րդ հոդվածները:
Ըստ նախագծի, ԱՀ Սահմանադրությունը եւ ԱՀ սահմանների իրավազորությանը վերաբերվող 175-րդ հոդվածը կարող են փոփոխվել միայն հանրաքվեով՝ անփոփոխ թողնելով Սահմանադրություն ընդունելու, փոփոխություններ առաջարկելու իրավունք ունեցողների շրջանակը:
Նախագծով առաջարկվում է նաեւ, որ Սահմանադրության փոփոխություններն ընդունում է ԱԺ-ն՝ պատգամավորների ընդհանուր թվի 1/3-ի, հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների՝ առնվազն 5 տոկոսի նախաձեռնությամբ, պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 2/3-ով ընդունված որոշմամբ:
Կարդացեք նաև
Քվեարկությունից առաջ, հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ փարատելով հարցի վերաբերյալ մտավախությունները: «Խոսքս ուզում եմ ուղղել բոլոր նրանց, ովքեր ասում են՝ ԱԺ-ն ընդունեց սահմանադրության փոփոխության մասին նախագիծը եւ վերջ: Այդպես չէ: Մենք ունենալու ենք նաեւ երկրորդ ընթերցում, ուղարկելու ենք նաեւ ՍԴ եւ եթե ՍԴ-ն գտնի, որ հակասահմանադրական չէ այս փոփոխությունը, մենք գնալու ենք հանրաքվեի եւ ժողովուրդ, քեզ է վերապահված այդ իրավունքները տա՞լ ԱԺ-ին, թե՞ ոչ: Եթե հանրաքվեի արդյունքներով պարզվեց, որ ԱԺ-ն է այդ փոփոխությունները կատարելու՝ 2/3-ով, թեկուզ ես համոզված եմ, որ 33 կողմով պետք է լինի դա, միայն ու միայն հաշվի չի առնվելու ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի տեսակետը: Հաշվի է առնվելու հասարակության լայն խավերին հուզող հարցերը, թե ինչպե՞ս են տեսնում ապագա Սահմանադրությունը: Կարելի է ժամերով խոսել, որ ղեկավարման նախագահական ինստիտուտը ճիշտ է, կարելի է ժամերով խոսել, որ ղեկավարման խորհրդարանական ձեւը ճիշտ է, բայց, սիրելի հայրենակիցներ, դուք եք որոշելու. հավաստիացնում եմ ձեզ, որ այն փոփոխությունները, որոնք կատարվեցին, չեն լինելու անձի համար, այն փոփոխությունները, որոնք մտահոգում են ԱՀ ԱԺ-ի բոլոր խմբակցություններին, դրանք գործող Սահմանադրության վտանգավոր հոդվածներն են, որոնց մասին մեր պատգամավորները հանդես են եկել հարցազրույցներով: Կար, չէ՞, այդպիսի մտահոգություն, որ վերջ, այսօր մենք Սահմանադրությունը փոփոխում ենք: Ոչ, ժողովուրդ, դուք եք տալու այդ իրավունքը, եթե տվեցինք՝ մենք կփոփոխենք Սահմանադրությունը, եթե չտվեցիք՝ կգործի նախկինը»,- ասաց Արթուր Թովմասյանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ