Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի չափը կբարձրանա

Հոկտեմբեր 27,2022 16:25

2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված մինչև 2 տարեկան բոլոր երեխաների խնամքի նպաստի չափը կբարձրանա․ ներկայիս 28 հազար 600-ի փոխարեն՝ նպաստի չափը կդառնա 31 հազար 600: Այս մասին «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:

Նրա խոսքով, այս փոփոխությունները կատարվում են՝ նաև հաշվի առնելով քաղաքաբնակ մայրերի դիմումները:

«Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա՝ նպաստը կտրամադրվի մինչև երեխայի 21 տարին լրանալը, բացառապես անկանխիկ եղանակով, բացառությամբ՝ հաշմանդամություն ունեցող մայրերի: Երեխայի խնամքի նպաստը նշանակվում է երեխայի ծննդյան 70 օրական լրանալուն հաջորդող ամսվա 1-ից, քանի որ մինչ այդ մայրերին տրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ, չաշխատող մայրերին էլ վճարվում է դարձյալ այդ օրերի համար: (…) Ինչո՞ւ գնացինք այս փոփոխություններին: Նախ, քաղաքաբնակ մայրերն էին հարց բարձրացնում, թե ինչու իրենք չունեն նման հնարավորություն: Մյուս կողմից էլ ակնհայտ դարձավ, որ գյուղական բնակավայրերում արհեստական հաշվառումների թիվն ավելացել է: Քիչ չեն դեպքերը, երբ անձը փաստացի բնակվում է քաղաքային բնակավայրում, սակայն հաշվառվում է գյուղական բնակավայրի հասցեով»,-ասաց Անահիտ Գալստյանը: Նրա խոսքով, նոր փոփոխությամբ արդեն երեխայի խնամքի նպաստ կտրամադրվի բոլորին՝ անկախ նրանից, թե որտեղ է ծնողը հաշվառված, կամ բնակվում: Այս պարագայում ավելի հեշտ կլինի հասկանալ, թե այս մոտեցումը կոնկրետ որքանով իր ազդեցությունը կթողնի ծնելիության ցուցանիշի վրա:

Որպես նոր համակարգի մյուս առավելություն՝ Անահիտ Գալստյանը նշեց, որ այն խթանում է ծնողի աշխատանքի վերադառնալը, այն է, որ եթե մինչև երեխայի 2 տարեկան լրանալը մայրը վերադառնա աշխատանքի՝ նպաստի չափը մի փոքր ավելի բարձր կլինի:

«Առաջին անգամ այս համակարգով սահմանվում է խնամքի նպաստի տարբերակված չափեր. այսօր թե աշխատող մայրերի, թե գյուղաբնակ մայրերի համար խնամքի նպաստը նույն 28 հազար 600 դրամն է, 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծնված երեխաների համար, երբ, որ կնշանակվի խնամքի նպաստ՝ չաշխատող մամաներինը, խնամքի արձակուրդում գտնվող մամաներինը խնամքի նպաստի չափը կլինի ավելի ցածր, քան աշխատող և խնամքի արձակուրդում չգտնվող մամաներինը »,-ասաց Անահիտ Գալստյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31