Հոկտեմբերի 27-ին Սամարղանդում տեղի են ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների եւ Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի նիստերը: Վերոնշյալ միջոցառումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորները:
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստին:
Քննարկվել են պատմական հիշողության պահպանմանը եւ պատմությունը կեղծելու փորձերի անթույլատրելիությանը վերաբերող հարցեր: Տեղեկություններ են տրամադրվել ԱՊՀ ՄԽՎ դիտորդների՝ տարածաշրջանում ընտրությունների մասնակցության վերաբերյալ:
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընտրվել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
Կարդացեք նաև
ԱՊՀ ՄԽՎ մշակույթի, տեղեկատվության, զբոսաշրջության եւ սպորտի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Միքայել Թումասյանը:
Քննարկվել են «ԱՊՀ երկրների մտավոր սեփականության մասին» օրենսգրքի խմբագրված նախագիծը, ինչպես նաեւ մշակույթի, զբոսաշրջության եւ սպորտի ոլորտներում թվային զարգացման օրենսդրություն մշակելու ուղղությունները:
Օրակարգում ներառված են եղել նաեւ մոդելային օրենքների մշակմանը վերաբերող մի շարք հարցեր:
Քննարկումների արդյունքում Միքայել Թումասյանն ընտրվել է վերոնշյալ հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում:Պատգամավոր Նարեկ Զեյնալյանն էլ մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ էկոլոգիայի մշտական հանձնաժողովի նիստին: Խորհրդարանականները քննարկել են բնապահպանական անվտանգությանը, գյուղատնտեսության ու հանքարդյունաբերության ոլորտներին վերաբերող մոդելային նախագծեր:
Անդրադարձ է եղել ԱՊՀ ՄԽՎ-ում էկոլոգիայի եւ բնության կառավարման փորձագիտական խորհրդի կանոնակարգին, տեղեկություններ են ներկայացվել բնական ռեսուրսների եւ էկոլոգիայի բնագավառում ազգային օրենսդրության մշակման վերաբերյալ:
Քննարկվել են նաեւ «Լեռնային տարածքների կայուն զարգացում» միջազգային ֆորումի նախապատրաստական աշխատանքները: Այն նախատեսվում է անցկացնել 2023 թ. աշնանը:
ԱՊՀ ՄԽՎ երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են պատգամավորներ Լիլիթ Մինասյանն ու Ալեքսեյ Սանդիկովը:
Ֆորմալ եւ ոչ ֆորմալ կրթական ծրագրերից ու զբաղվածությունից դուրս մնացած (NEET խմբի) երիտասարդների խնդրի հաղթահարումը եղել է նիստի հիմնական հարցերից: ԱՊՀ խորհրդարանականները փոխանակվել են երիտասարդների գործազրկության օրենսդրական կարգավորման իրենց երկրների փորձով:
Հարցի քննարկմանը մասնակցել են Բելառուսի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:
Երիտասարդ խորհրդարանականները քննարկել են նաեւ «Միջազգային երիտասարդական համագործակցության գործում ներդրման համար» պատվո կրծքանշանի շնորհման առաջարկները: Մրցանակը սահմանվել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի կողմից՝ երիտասարդական թեւի նախաձեռնությամբ:
Երիտասարդական միջխորհրդարանական վեհաժողովի մասնակիցներն ամփոփել են ընթացիկ տարվա աշխատանքները: Լիլիթ Մինասյանը ռոտացիոն կարգով մեկ տարի ժամկետով ընտրվել է վեհաժողովի համակարգող նախագահ:
ՀՀ ԱԺ