Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների հետ:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և ԵՄ գործակցության ընթացիկ օրակարգի վերաբերյալ քաղաքական, տնտեսական, էներգետիկ, ներդրումային, կրթական և այլ ոլորտներում, ինչպես նաև քննարկվել է տարածաշրջանում տիրող իրավիճակը:
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանի դերակատարությունը տնտեսական ոլորտում, ինչպես նաև Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման, էներգամատակարարման դիվերսիֆիկացման գործում:
Բայրամովը նաև ընդգծել է Ադրբեջանի նշանակությունը Արևելք-Արևմուտք միջանցքի նախագծում: Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից ձեռնարկվող քայլերը տարածաշրջանում հաղորդակցությունների բացման, «այդ թվում Զանգեզուրի միջանցքի բացման» համար, բախվում են «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշմանը»:
Կարդացեք նաև
Բացի այդ, Բայրամովը հանդիպման մասնակիցներին մանրամասն տեղեկացրել է տարածաշրջանում հետպատերազմական փուլում ստեղծված նոր իրողությունների, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ Ադրբեջանի ձեռնարկած քայլերի, ինչպես նաև ականների սպառնալիքի և «խաղաղության գործընթացին վնասող Հայաստանի սադրանքների» մասին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ