Ամերիաբանկում Անհատ ձեռներեց գրանցելու համար հաճախորդին անհրաժեշտ է ունենալ անձնագիր ու սոցիալական քարտ կամ նույնականացման քարտ, հասանելիություն տպող-սքանավորող սարքի և տեսախցիկով համակարգչի կամ հեռախոսի: ԱՁ-ի գրանցման գործընթացը տևում է ընդամենը 20 րոպե: Հարթակը շուտով համալրվելու է նաև ՍՊԸ գրանցելու հնարավորությամբ:
Այս մասին հայտնեց Ամերիաբանկի նախագծերի մենեջեր Արփինե Հարությունյանը՝ բանկի կողմից նոր գործարկվող «Ամերիա բիզնես» թվային հարթակի հնարավորություններին ու հեռանկարներին նվիրված ասուլիսում:
«Ամերիա բիզնես» հարթակը զարգանում է և համալրվում նոր լուծումներով ու ծառայություններով: Այսօր արդեն մուտք գործելով հարթակ՝ հաճախորդը կարող է առանց բանկ այցելելու՝ անվճար գրանցել ԱՁ, բացել հաշիվ Ամերիաբանկում, ստանալ քարտ ու օնլայն, մոբայլ բանկինգ:
«Մի կարևոր բան կուզեմ նշել, Ամերիաբանկն այս քայլերով Հայաստանի վարկանիշը Դուինգ-բիզնես ցուցանիշում էականորեն բարելավելու հիմքեր է ստեղծում, քանի որ հարթակը գործում է մեկ պատուհանի սկզբունքով և այս ծառայությունները փաթեթային ձևով առաջարկվում է հաճախորդին նույն միջավայրում»,-ընդգծեց Հարությունյանը:
Կարդացեք նաև
Ամերիաբանկի ինովացիաների և թվայնացման գծով տնօրեն Արտյոմ Շամցյանը շեշտեց, որ այս հարթակը էկոհամակարգի իսկական օրինակ է: «Մենք որպես ֆինանսական կառույց, ԱՁ-ին կամ ՍՊԸ-ին, չենք ասում, թե ինչ ֆինանսական գործիք տանք, քանի որ մեծամասամբ թվային լուծումներով դրանք կան, բայց մենք ասում ենք, թե որն է նրանց կյանքի ցիկլը, ինչ ճանապարհով է ասենք, ԱՁ-ն հասնում ՍՊԸ-ի կամ ՍՊԸ-ն ոնց է դառնալու միջին կամ խոշոր բիզնես: Եթե պետական ծառայություններ են, այդ դեպքում ինտեգրվում ենք պետականին, պետռեգիստրի օրինակը դրա վառ ապացույցն է: Նայում ենք, թե ինչ ֆինանսական գործիքներ են պետք, ասենք, աշխատակիցներ վարձելու, գրանցելու, հաշվապահություն վարելու, մարքեթինգային արշավներ իրականացնելու համար և դրա ներքո հաշվում ենք ֆինանսական և ոչ ֆինանսական ծառայությունները: Ոչ ֆինանսական ծառայությունները նախընտրում ենք փնտրել տարբեր գործընկերների մոտ, քանի որ ավելի հեշտ է շուկայում իրեն արդարացրած մոդել վերցնել և ինտեգրել մեր հարթակ, որը մեր բոլոր գործընկերներին կմատուցի նույնատիպ հաշվապահական կանոններ: Այդ դեպքում հաշվապահական ծառայությունը դառնում է հասանելի և նրանք կարող են իրենց բիզնես մոդելն առաջ տանել մեր հարթակում: Այդ ժամանակ արդեն «Ամերիա բիզնես» հարթակը դառնում էկո համակարգ»,-նշեց Շամցյանը:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ