Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյան. Ամեն ինչ անելու եմ, որ Արցախի ժողովուրդն ապահով անցնի ծայրահեղորեն դժվարին այս շրջանը և խաղաղ ապրի այն հողում, որտեղ հայերն ապրել են հազարավոր տարիներ

Հոկտեմբեր 27,2022 14:41

«Ապագա Հայկականը» շարժման նախաձեռնող, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Այս տարի ես Արցախ տեղափոխվելու դժվարին որոշում եմ կայացրել, որպեսզի լինեմ իրենց կյանքի վատագույն ճգնաժամերից մեկն ապրող մարդկանց կողքին: Ինձ համար կենսականորեն կարեւոր է, որ նրանք ստանան այն ուղերձը, որ իրենք միայնակ չեն, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են իրենց կողքին լինելու այս ծանր փորձության յուրաքանչյուր քայլափոխին:

Որպես Ցեղասպանություն վերապրածների ժառանգ, ես ուղղակիորեն գիտեմ ամենածանր պահին օգնության մեկնած ձեռքի կարեւորությունը: Ես իմ փորձառությունն ու կապերն օգտագործելու եմ ու ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որ Արցախի ժողովուրդը ապահով անցնի ծայրահեղորեն դժվարին այս շրջանը եւ խաղաղ ապրի այն հողում, որտեղ հայերն ապրել են հազարավոր տարիներ»:

Ի դեպ, ինչպես նշում է «Հրապարակ» օրաթերթը, մի քանի օր է՝ ռուսական ու ադրբեջանական լրատվական հարթակներում գրվում է այն մասին, որ Ադրբեջանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ կապված ռուսական «Առաջին ալիքով» հեռարձակվող «Մեծ խաղ» հաղորդման ժամանակ ռուս քաղաքագետների ու փորձագետների կողմից հակաադրբեջանական ելույթների հետ։ Ադրբեջանցիներին դուր չի եկել, որ հաղորդման ժամանակ ռուս փորձագետների կողմից Արցախը ներկայացվել է որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչը նշված է եղել նաեւ ներկայացված քարտեզում, որտեղ Արցախն առանձին միավոր է։ Ադրբեջանցիները կարծում են, որ ռուսներն աղավաղել են քարտեզը, ուստի որոշել են բողոքի նոտա հղել ՌԴ արտգործնախարարությանը։

Այս ամենը լայն արձագանք է ստացել նաեւ ռուս որոշ քաղաքագիտական շրջանակների կողմից, հատկապես նրանց, ովքեր Ռուսաստանում զբաղված են պրոադրբեջանական եւ հակահայկական լոբբինգով։ Նրանք, մեկը մյուսին հերթ չտալով, տելեգրամյան իրենց ալիքներով սկսել են քննադատել ռուսական «Առաջին ալիքի» վարած քաղաքականությունը, որը թույլ է տալիս իր եթերում հակաադրբեջանական հայտարարություններ անել, Արցախը համարել Հայաստանի մաս՝ պնդելով, որ դա հակասում է ՌԴ եւ անձամբ նախագահ Պուտինի պաշտոնական դիրքորոշմանը։

Ուշագրավն այն է, որ պրոադրբեջանական լոբբիստների գրառումներում հատուկ շեշտադրում է արվում Ռուբեն Վարդանյանի անվան վրա։ Ռուս «պոլիտոլոգները» կարծում են, որ այս ամենը Ռուբեն Վարդանյանի ազդեցության «պատճառով» է տեղի ունենում, քանի որ նա կարողանում է իր լծակներով պրոհայկական քարոզչություն ապահովել ռուսական հեռուստաեթերում։ Օրինակ՝ ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկովն իր տելեգրամյան ալիքում գրել է, թե ռուսական հեռուստաալիքների մենեջերները Հայաստանի ու Ադրբեջանի թեմաներով ավելի շատ լսում են Ռուբեն Վարդանյանին ու նրա փողերին, քան Պուտինին։

Ադրբեջանամետ ռուս քաղաքագետները կարծում են, որ ռուսական լրատվամիջոցները Ռուբեն Վարդանյանի ստեղծած «ցանցի» ազդեցության տակ են, եւ այն ավելի շատ պաշտպանում է ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի շահերը՝ հիշեցնելով, որ նա թեեւ հրաժարվել է ռուսական անձնագրից, բայց նրա հիմնած «ցանցը» ռուսական հեռուստաալիքներում պահպանվում է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31