Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փաստաբանների պալատն արժանացել է Մոնպելիեի փաստաբանների միության մրցանակին՝ որպես գնահատանք հայ ռազմագերիների և պատերազմական հանցագործություններից տուժածների վերաբերյալ խնդիրներին ուղղված ջանքերի

Հոկտեմբեր 27,2022 15:04

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն ընդունել է Ֆրանսիայի Մոնպելիեի փաստաբանների միության նախագահ Նիկոլա Բեդել դը Բուզարենգեսի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը շնորհակալություն է հայտնել հյուրերին՝ Հայաստան կատարած այցի համար: Նա ընդգծել է, որ բարձր է գնահատում ֆրանսիացի գործընկերների հետ ունեցած հարաբերությունները և ուրախ է նրանց ՀՀ փաստաբանների պալատում հյուրընկալելու համար:

Իր խոսքում Սիմոն Բաբայանը նաև նշել է, որ ՀՀ փաստաբանների պալատը Մոնպելիեի փաստաբանների միության հետ կապված է ոչ միայն 2018 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված համագործակցության համաձայնագրով և մի շարք այլ համագործակցություններով, այլև բարեկամական և գործընկերային ջերմ հարաբերություններով:

Փաստաբանների պալատի նախագահը ֆրանսիացի գործընկերներին իր երախտագիտությունն է հայտնել նաև հայ ժողովրդի համար կարևոր հարցերում մշտապես աջակցություն ցուցաբերելու համար:

«Մասնավորապես սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակում ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի ուղղությամբ՝ խախտելով մեր պետության տարածքային ամբողջականությունը։

Մեր միջազգային գործընկերների շրջանում, Մոնպելիեի փաստաբանների միությունն առաջիններից էր, որը ցույց տվեց իր վրդովմունքը՝ ստեղծված իրավիճակի վերաբերյալ և մեզ հայտնեց իր աջակցությունն ու մտահոգությունը:  

ՀՀ-ի տարածքային ամբողջականության և բնակչության դեմ՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան դատապարտեցին նաև Փարիզի փաստաբանների միության խորհուրդը, Օ դը Սենի Փաստաբանների միությունը և Ֆրանսիայի փաստաբանական միությունների ազգային խորհուրդը»,֊ ասել է Սիմոն Բաբայանը:

Փաստաբանների պալատի նախագահի խոսքով՝ այս համատեքստում, ֆրանսիացի գործընկերները դարձյալ ցույց են տվել, որ խաղաղության ջատագով են և հավատարիմ՝ միջազգային իրավունքի սկզբունքներին:

Մոնպելիեի փաստաբանների միության նախագահ Նիկոլա Բեդել դը Բուզարենգեսը շնորհակալություն է հայտնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահին՝ ջերմ ընդունելության համար:

Անդրադառնալով հայ-ֆրանսիական բարեկամությանը՝ Մոնպելիեի փաստաբանների միության նախագահն ասել է, որ Հայաստան կատարած այցի շրջանակներում, իրենց պատվիրակությունն արդեն եղել է Սոթքում և այն վայրերում, որոնք վերջին ամիսներին թիրախավորված են ադրբեջանական ուժերի կողմից և պարբերաբար ենթարկվում են հարձակումների:

«Մենք ևս բարձր ենք գնահատում ՀՀ փաստաբանների պալատի հետ ունեցած մեր հարաբերությունները: Ուզում եմ ասել, որ մենք ձեր կողքին ենք և պատրաստ ենք ձեզ օգնելու ցանկացած դեպքում»,- ասել է Նիկոլա Բեդել դը Բուզարենգեսը:

Մոնպելիեի փաստաբանների միության նախագահը նաև բոլորի ուշադրությանն է հրավիրել ՝ ՀՀ փաստաբանների պալատ այցելելու գլխավոր պատճառը․

«Մոնպելիեի փաստաբանների միության անունից ուզում եմ պարգևատրել ՀՀ փաստաբանների պալատին՝ շնորհելով «ԺանԿլոդ Բարրալ» մրցանակը՝ որպես մեծ գնահատանք մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում՝ մասնավորապես հայ ռազմագերիների և պատերազմական հանցագործություններից տուժածների վերաբերյալ խնդիրներին ուղղված ձեր պալատի փաստաբանների ջանքերի»,- ասել է Նիկոլա Բեդել դը Բուզարենգեսը՝ պարգևը հանձնելով ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին:

Կարևորելով միջազգային գործընկերների արձագանքը՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահն իր խորին երախտագիտությունն է հայտնել Մոնպելիեի փաստաբանների միությանը՝ նման գնահատանքի և մշտապես ցուցաբերվող աջակցության համար:

Հանդիպման ընթացքում ֆրանսիացի գործընկերներին ողջունել է նաև ՀՀ փաստաբանական դպրոցի տնօրեն Արա Զոհրաբյանը:

Իր խոսքում Արա Զոհրաբյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին՝ ՀՀ փաստաբանների պալատի հետ ունեցած բարեկամական հարաբերություններն ամրապնդելու և արդյունավետ համագործակցությունը շարունակելու համար:  

Պատվիրակության կազմում գտնվող Մոնպելիեի փաստաբանների միության նախկին նախագահ Լյուք Քիրքյաչարյանն էլ իր խոսքում հայտնել է, որ իրենք հիանալի հիշում են ՀՀ փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի՝ 2014 թվականի այցը Մոնպելիե:

«Դուք Ձեզ հետ բերել էիք Հայաստանի Հանրապետության դրոշը, որն ամենամեծն է մեր մոտ եղած դրոշներից: Մենք այն խնամքով պահում ենք և նույնիսկ վերջերս այն բարձրացրել էինք մեր դրոշների կողքին՝ ի աջակցություն հայ գործընկերների»,- ասել է Լյուք Քիրքյաչարյանը:

Հանդիպման ավարտին Մոնպելիեի փաստաբանների միության պատվիրակությունը շրջել է նաև Փաստաբանների պալատի վարչական շենքում, այցելել ՀՀ փաստաբանական դպրոց և Հանրային պաշտպանի գրասենյակ:

Շրջայցի ընթացքում Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար Գևորգ Մկրտչյանը ֆրանսիացի գործընկերներին անմիջականորեն ծանոթացրել է հանրային պաշտպանի գրասենյակի աշխատանքային պայմաններին:

Հրաժեշտ տալով միմյանց՝ կողմերը երկուստեք հայտնել են իրենց երախտագիտությունը՝ արդյունավետ համագործակցության, փորձի փոխանակման և առանցքային հարցերի շուրջ տեղի ունեցած բովանդակային քննարկման համար:

ՀՀ փաստաբանների պալատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31