Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես այդ հաճույքից արդեն ստացել եմ»․ ԿԳՄՍ նախարարը՝ լրագրողներին

Հոկտեմբեր 27,2022 14:17

«Ստիպված եմ կրկնել՝ առանձին խնդիր՝ մեկ բուհի, չկա։ Կա գործընթաց, կա ընդհանուր բուհական համակարգի բարելավման, առողջացման, որակի բարձրացման խնդիր եւ մենք շարժվում ենք այդ ուղղությամբ»,-այս մասին այսօր կառավարության նիստից հետո մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն՝ անդրադառնալով բուհերի միավորման ծրագրին։ Նա ասաց՝ բուհական ավանի ստեղծման ծրագիրը քննարկման փուլում է, եւ եթե լինի վերջնական որոշում՝ կտեղեկացնեն։

Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ հաշվի չի առնվում ուսանողների եւ դասախոսների կարծիքը, նախարարը պատասխանեց՝ չկա նման բան, գործընթացը գնում է սահմանված կարգով, որեւէ մեկը չի արհամարհվում եւ որեւէ մեկը չի գերագնահատվում։

Նա հերքեց այն լուրը, թե վարչապետը նախարարին նկատողություն է տվել խնդիրը բուհերի ղեկավարության հետ նախապես չքննարկելու համար։

Թե ինչ է լինելու բուհերի շենքերի հետ, բուհերն Աշտարակ քաղաք տեղափոխելուց հետո, նախարարն ասաց՝ շենքերը կշարունակեն գործել իրավիճակից է կախված, տարբեր տարբերակներ կան․ «Քննարկվում է, որ շենքերը բուհերի բալանսում են մնալու։ Հետաքրքիր տարբերակներ կան, մասնավորապես՝ կապիտալի անձեռնմխելի հիմնադրամի տարբերակ, դա նշանակում է, որ օրինակ բուհը կարող է կուտակել որոշակի գումարներ դնել այդ ֆոնդում եւ նա անձեռնմխելի է այն իմաստով, որ այնտեղից եկած եկամուտները պետք է ծախսվեն միայն կրթական նպատակներով։ Շենքի վաճառքի որեւէ ծրագիր չկա, որեւիցե առեւտրային ցանց, հյուրանոցային համալիր, գիշերային երեւակայական մտքեր՝ որոշ մարդկանց գլխում, որ առաջանում է»։

Նա բացառեց, որ մոտակա ամիսների որեւէ բուհի շենք կվաճառվի, իսկ թե ինչ կլինի ապագայում, Դումանյանն ասաց՝ ապագան անվերջ է, ես չեմ կարող ասել ինչ կլինի 100 տարի հետո։

Բուհերի միավորման մասին մեկ այլ հարցին նախարարը հրաժարվեց պատասխանել, լրագրողներին ասելով․ «Դուք հաճույք եք ստանում ինձ անընդհատ պտտել նույն հարցի շուրջ, բայց ես այդ հաճույքից արդեն ստացել եմ»։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31