«Ցավոք, գյուղատնտեսության ոլորտում շարունակում ենք անկման դինամիկայի մեջ մնալ՝ ի հեճուկս ընդհանուր տնտեսական ցուցանիշների»,-այս մասին այսօր կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 2022 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, ինչպես Փաշինյանը ներկայացրեց, գյուղատնտեսական արտադրանքի 0.7%-ի անկում է գրանցվել․ «Մեր կարեւոր թեմաներից մեկը պետք է լինի գյուղատնտեսության արդյունավետության բարձրացումը։
Այդուհանդերձ, ինչպես ասաց Փաշինյանը, տնտեսական իրավիճակը մեր երկրում լավ է։ Ապա ներկայացրեց որոշ ցուցանիշներ՝ 2022-ի սեպտեմբերին արձանագրել ենք 14․6%տնտեսական ակտիվության ցուցանիշ, իսկ 2022 թվականի հունվար-սեպտեմբերը 2021 թվականի հունվար-սեպտեմբերի համեմատ աճ ունենք 14․1%, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 10%, շինարարության ծավալը՝ 14․3%, առեւտրի շրջանառությունը՝ 14․5%, ծառայությունների ծավալը՝ 27․1%, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը՝ 16.9%, արտահանումը՝ 63․8%, ներմուծումը՝ 61․6%։
«Եթե այս տարվա լավատեսական կանխատեսումներն իրականություն դառնան, կստացվի, որ միջինում 2019, 2020, 2021 եւ 2022 թվականներին միջինը 7 տոկոսանոց աճի տեմպը պահպանել ենք, ինչը շատ կարեւոր նշաձող է, որը պետք է կարողանանք ապահովել։ Այս տարվա բարձր տնտեսական աճը նաեւ ռիսկեր է առաջ բերում։ Այդ ռիսկը հետեւյալն է՝ մյուս տարի էլ այս 14, 12, 15 կամ գուցե ավել կամ մի քիչ պակաս, այս բարձր տեմպի վրա պետք է ապահովել 7 % տնտեսական աճ»,-ասաց Փաշինյանը։
Ապա ասաց՝ այս տարվա սեպտեմբերին եկամուտ-աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր բացարձակ ռեկորդ ենք սահմանել Հայաստանի Հանրապետության պատմության համար․ «Գրանցվել է 691 087 աշխատատեղ, որը նախորդ ռեկորդից ավելի է 10 հազարով։ Իսկ նախորդ ռեկորդը գրանցել էր 2022-ի հունիսին՝ 681050 աշխատատեղ։ Այս ցուցանիշը՝ աշխատատեղերի թիվը 2021 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 39 946-ով կամ 6․1%-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ ավելի է 108 312-ով կամ 18․6%-ով։ Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում 108 հազար նոր աշխատատեղ է ի հայտ եկել, ստեղծվել, ստվերից դուրս եկել: Ցավոք, մեթոդաբանությունը չունենք հստակ զատորոշելու, թե որն է նոր ստեղծվել, որն է ստվերից դուրս եկել»։
Կարդացեք նաև
Նա անդրադարձավ աշխատավարձի ֆոնդին, հայտնելով՝ 2022-ի սեպտեմբերին բոլոր աշխատողներին վճարված աշխատավարձերը, միասին վերցված, նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ ավելի են 33 մլրդ 430 մլն դրամով կամ 23․5%-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ ավելի են 74 մլրդ 161 մլն դրամով կամ 73․2%-ով։
Եկամտային հարկի ընդհանուր գումարին էլ անդրադարձավ, նշելով՝ սա կարող է հպարտանալու տեղ տալ։ Ըստ այդմ, 2022 թվականի սեպտեմբերին 2021-ի նույն ամսվա համեմատ 5 մլրդ 351 մլն դրամով ավել եկամտահարկ է հավաքագրվել կամ 17.6%-ով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի նկատմամբ՝ 10 մլրդ 556 մլն 41.8%-ով։
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային