«Ադրբեջանը ե՛ւ 2021-ի երկու ագրեսիայի՝ մայիսի եւ նոյեմբերի, ե՛ւ 2022-ի սեպտեմբերի ագրեսիայի միջոցով փորձում է լուծել շատ ավելի մեծ խնդիր, քան կարելի է պատկերացնել զուտ տարածքային առումով: Ադրբեջանը փորձում է Հայաստանին զրկել իր կենսունակությունից»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա նշեց, որ Ադրբեջանի գլխավոր նպատակը զուտ բնակավայրերը չեն, որեւէ ուղղությամբ զուտ հաջող գործողության իրականացումը չէ. «Ադրբեջանի նպատակն է այնպիսի վերահսկողություն հաստատել ՀՀ կրիտիկական օբյեկտների կոմունիկացիաների նկատմամբ, որը Հայաստանը զրկելու է պայքարի բնականոն զարգացման իր հնարավորությունից եւ կենսունակությունից: Պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը իր համար սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքը գրեթե ամբողջությամբ ավարտել է: Ավելին, ստեղծված իրավիճակը հետագայում նոր խնդիրներ է ստեղծելու Հայաստանի համար, որովհետեւ եթե դու նույնիսկ որեւէ փաստաթղթով՝ դրա անունը կդնենք խաղաղության, թե մեկ այլ, ամրագրես մի բան, Ադրբեջանը իրականում որեւէ նպատակ չի ունենա դելիմիտացիա, դեմարկացիա անելու, որովհետեւ Ադրբեջանը բռնազավթել է այնպիսի տարածքներ, որ իր հիմնական խնդիրը մի քանի տասնամյակների կտրվածքով լուծել է: Այն օկուպացված տարածքները, որի մասին խոսում ենք, սրանք ՀՀ-ն յուրաքանչյուր ագրեսիայի դեպքում նվազագույնը 20-30 տարի արդեն հետ են շպրտել: Սա գլոբալ խնդիր է ՀՀ-ի եւ Արցախի պաշտպանական եւ անվտանգային տեսանկյունից»:
Կարդացեք նաև
Հարցին՝ դուք սկսել եք արդեն դիրքեր գնալ, ձեզ արդեն թույլատրո՞ւմ են՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Իմ այցելությունները տարբեր դիրքեր երբեք չեն ավարտվել, անկախ այն հանգամանքից, որ իշխանությունները սահմանափակել են, ես օգտագործել եմ այլ հնարավորություններ ու մարտական դիրքեր մշտապես գնացել եմ»: Նա ասաց, որ զինվորը իրենց աջակցության կարիքն ունի ու որեւէ խոչընդոտ չի կարող իրեն կանգնեցնել՝ իր պարտքը զինված ուժերի առաջ իրականացնելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ