Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ներդրվում է պայմանագրային զինծառայության նոր համակարգ՝ «Պաշտպան հայրենյանց»

Հոկտեմբեր 27,2022 12:43

Գործադիրն այսօրվա նիստում հավանություն տվեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին։ Ըստ նախագծի, առաջարկվում է զինվորական ծառայության նոր համակարգ ներդնել՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիր։ Այն, ինչպես պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ասաց՝ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը բարձրացնելու նպատակով է։

Նախագծի հիմնավորմամբ պարզ է դառնում, որ մինչ այս գործող մեկ այլ համակարգը չարդարացրեց նախարարության սպասելիքները։ Օրինակ, ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, ՊՆ-ի նշած ծառայության վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու համակարգով նախատեսվում էր 36-ամսյա ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության անցում՝ նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու միջոցով, որը նախատեսում էր շարքային կազմի մյուս պարտադիր զինծառայողների համեմատ ավելի մեծ չափով ամսական դրամական բավարարման հաշվարկում, ամսական 7 օր արձակուրդ, ծառայության ժամկետի ավարտով կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքերում պատվովճարի հատկացում՝ 5 մլն դրամ: Այս համակարգի ներդրումից հետո, ըստ հիմնավորման, համապատասխան ծառայություն անցնելու ցանկություն հայտնողների քանակն ի սկզբանե չբավարարեց ակնկալվող քանակները՝ աստիճանաբար նվազելով, ինչպես նաեւ 2021-2022թթ. զորակոչերի ընթացքում չարձանագրվեց ոչ մի դիմում:

«2020 թվականի ռազմական գործողություններից հետո բավական թվով զինծառայողներ վաղաժամկետ հրաժարվեցին ծրագրից եւ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 24-ամսյա ժամկետը լրացած լինելու հիմքով արձակվեցին զինվորական ծառայությունից: Ներկայումս ծրագրով զինվորական ծառայությունը շարունակում են ընդամենը երկու զինծառայող, որոնց ծառայության 36-ամսյա ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունվարին»,-նշված է հիմնավորման մեջ:

Ուստի, անհրաժեշտություն է առաջացել ներդնել «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը՝ շարքային եւ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցման միջոցով, ժամկետը՝ 5 տարի, պայմանագրի ժամկետի ավարտից հետո, անկախ զինծառայությունից արձակվելու կամ ծառայությունը շարունակելու ցանկությունից, կամ առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում այդ զինծառայողներին կհաշվարկվի պատվովճար՝ 5 մլն դրամ, որը զինծառայողը տնօրինելու է իր հայեցողությամբ:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախագիծը զեկուցելիս, ասաց՝ պայմանագիր կնքած զինծառայողները ենթակա են լինելու ատեստավորման եւ դրական արդյունքների դեպքում նրանց հաշվարկվելու է իրենց պաշտոնի խմբի համար նախատեսված հավելավճարը․«Միաժամանակ պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրային զինծառայությունից հրաժարվելու դեպքում պայմանագրի զինծառայության ժամկետը չի հաշվարկվելու զինծառայողի պարտադիր զինծառայության ժամկետում եւ զինծառայողը ուղարկվելու է շարունակելու պարտադիր զինծառայության չծառայած մասը:

Ծրագրի ներդրմամբ նախատեսվում է դադարեցնել ՊՆ կողմից նշված վայրում եւ պայմաններով շարքային կազմի պարտադիր զինծառայություն անցնելու «Ես եմ» ծրագիրը»։

Սուրեն Պապիկյանն ԱԺ-ին կոչ արեց այս նախագծի ընդունումը համարել անհետաձգելի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց ՝ այս նախագիծը զինված ուժերի բարեփոխումների փաթեթի մաս է եւ սա պրոֆեսիոնալ բանակին անցման քայլերից մեկն է․ «Նախագծով ասվում է, որ ժամկետային զինծառայություն անցած զինվորները վեց ամիս ծառայություն անցնելուց հետո կարող են անցնել պայմանագրային զինծառայության, պայմանով՝ կդառնան պայմանագրային զինծառայող 5 տարով, կմտնեն ատեստավորման հիմա գործարկվող կանոնի մեջ, մինչ ատեստավորումը կծառայեն հին աշխատավարձի դրույքներով, ատեստավորումից հետո՝ կրկնապատկված դրույքներով»։

Պապիկյանն էլ հավելեց՝ ժամկետային զինծառայողը վեց ամիս ուսումնական մասում ծառայելուց հետո հնարավորություն կունենա, եթե կլինի հրամկազմի երաշխավորությունը, կնքել պայմանագիր եւ կարող է ոչ շուտ, քան երեք ամիս, եւ ոչ ուշ, քան չորս ամիս ժամկետում՝ հանձնել ատեստավորման քննություն, ատեստացիայի հավելավճարը կհաշվարկվի նախորդ երեք ամիսների համար նույնպես․ «Սա հնարավորություն է ընձեռում, որ նրանք վերջում ստանան եւս 5 մլն դրամ պարգեւավճար, բացի աշխատավարձից»։

Արդյոք «Պատիվ ունեմ» ծրագիրը կդադարեցվի՞։ Այս առնչությամբ Պապիկյանն ասաց, որ չի շտապի գնահատական տալ, թե այդ ծրագիրը չի շարունակվի․ «Բայց կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ ուսում ստանալու, հետագայում ծառայության համար ոչ պիտանի դառնալու համար բազմաթիվ խնդիրներ, որոնք իրավապահների ուշադրության կենտրոնում պիտի լինեն։ Բայց քանի դեռ սպայական կազմի համալրման մեր նոր կարգը դեռ չի տվել իր պտուղները, այս պահին «Պատիվ ունեմ» ծրագրից միանգամից հրաժարվելը նպատակահարմար չէ։ Թեման քննարկելի է, կարելի է այն բարելավել»։

Մանրամասն՝  տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31