«Այսօր դատարկաձեռն չենք եկել: Ես չգիտեմ ամեն անգամ նիկոլական ստերը հերքելով նա կուղղվի՞, բայց նա նման է վատ սովորող այն աշակերտին, որին ուսուցիչը որքան էլ փորձում է «1+1=2»-ը սովորեցնել, նա շարունակում է այլ բան պնդել»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ ցուցադրելով իր ձեռքի թղթածրարը:
Թղթածրարում, Մանուկյանի խոսքով, պաշտոնական փաստաթղթեր են, որոնք վկայում են՝ Նիկոլ Փաշինյանը գիտակցաբար ստում է, որ Ալմա Աթայի 1991-ի դեկտեմբերի 8-ի հռչակագրում երկու երկրները, ճանաչելով տարածքային ամբողջականությունը, այդ թվում՝ պատկերացրել են Արցախը Ադրբեջանի կազմում»:
Թղթածրարում էին նաեւ Փաշինյանի երկու գրառումները, մեկը՝ 2019-ի սեպտեմբերի 2-ին, որտեղ շնորհավորում է, որ Արցախը անկախացել է Խորհրդային Ադրբեջանից, 2020-ի սեպտեմբերի 2-ին շնորհավորել է, որ Արցախը անկախացել է Խորհրդային Միությունից:
Ըստ Գեղամ Մանուկյանի, Փաշինյանը, որ երեկ պնդում էր, թե Արցախը Ադրբեջանի կազմում է դրվել Մադրիդյան սկզբունքներով, գիտակցաբար ստում էր. «Նույն այդ փաստաթղթով հստակ խոսվում էր Արցախի հետագա ճակատագրի մասին»:
Կարդացեք նաև
Իսկ թե ինչու երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին չեկան ու այդ հարցերն ինչու չուղղեցին Փաշինյանին, Գեղամ Մանուկյանն ասաց, որ ցանկացած ուսուցիչ թեւաթափ է լինում, երբ տեսնում է, որ աշակերտը այդպես էլ չի կարողանում սովորել «1+1=2»-ը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ