«Երեկ վարչապետը հաստատեց, որ մասնակցելու է Սոչիի հանդիպմանը, ադրբեջանական կողմից մինչ այս պահը հայտնի չէ՝ համաձայնություն կա, թե չկա: Մեկ տարի է անցել այս ձեւաչափով հանդիպումից հետո, ժամացույցները ուղղելու անհրաժեշտություն կա: Հայկական կողմի օրակարգը այն հարցերի պարզաբանումն է, որոնք վերջին մեկ տարում տեղի են ունեցել, մասնավորապես՝ ադրբեջանական կողմի վերջին ագրեսիան»,- այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ասաց ՔՊ պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով հարցին՝ Սոչիի հանդիպումից առաջ հայկական կողմից նախապայման դրվե՞լ է ադրբեջանական զորքերի դուրս բերումը ՀՀ ինքնիշխան տարածքից:
Խանդանյանն ասաց, որ դա հայկական կողմի օրակարգն է ցանկացած հարթակում. «Դա մեզ համար կարմիր գիծ ու պահանջ է»: ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ հավելեց, որ ադրբեջանական զորքերի դուրսբերումը ոչ թե պահանջ է, այլ անհրաժեշտություն է, որովհետեւ անկախ նրանից, թե բանակցություններն ինչպես կընթանան, ինչ պատկանում է մեզ, դա քննարկման նյութ չի. «Մեր ինքնիշխան տարածքում որեւէ օտար զինվորի ներկայությունը երբեւիցե չի հանդուրժվելու եւ նրանք պետք է խաղաղ պայմաններում դուրս գան մեր տարածքից»:
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ասաց, որ առհասարակ այսպիսի լարված իրավիճակում ցանկացած նախապայման կարող է գործընթացների սառեցման բերել, ուստի այդ եզրույթը՝ «նախապայման», խիստ վտանգավոր է տարածաշրջանի համար:
Կարդացեք նաև
Հարցին՝ սահմանազատման, սահմանագծման աշխատանքները մինչեւ տարեվերջ հնարավո՞ր է ավարտին հասցնել՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ բնականաբար, ոչ, եթե ժամանակային սահմանափակումներ դնեն, այդ գործընթացը մեզ ոչ մի տեղ չի հասցնի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ