Հոկտեմբերի 24-ին՝ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման մեկամյակի առթիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձել է կոռուպցիայի դեմ պայքարին իրենց իշխանության նվիրվածությանը։
Թե երբ ենք տեսնելու արդյունքները եւ ինչ արդյունքներ պիտի տեսնենք, դեռեւս հայտնի չէ, սակայն փաստերն այլ բանի մասին են խոսում։ «Նախկինների թալանի վերադարձի» եւ «դղյակների ապամոնտաժման» տրամաբանության ներքո 2020 թվականին Ազգային ժողովն ընդունեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի» բռնագանձման մասին օրենքը, որն ուժի մեջ է մտել 2020 թ․ հունիսի 23-ին։ 2021 թվականի հոկտեմբերի 18-ին Գլխավոր դատախազությունն այս օրենքի շրջանակներում ապօրինի գույքի բռնագանձման պահանջով առաջին հայցադիմումն է ներկայացրել դատարան։ Թիրախներից առաջինն ԱԱԾ նախկին սպա, ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանն էր։ Նա թիրախում էր հայտնվել այն բանից հետո, երբ «Հրապարակը» գրեց Սուրեն Պապիկյանի դատվածության մասին, ինչը նա թաքցրել էր հանրությունից։ Իշխանությունը նրան մեղադրեց այդ տեղեկատվությունը ջրի երես հանելու համար, նրան ազատեցին պաշտոնից, ծառայողական քննություն արեցին, սակայն Պապիկյանի անձնական կյանքին առնչվող գաղտնի տեղեկություններ հավաքելու եւ տարածելու փաստը չհաստատվեց։ Բայց, ինչպես ասում են, հրահանգը կար՝ պետք էր մի ձեւով Հարությունյանին պատժել, ով իշխանական ֆավորիտին իբրեւ թե վնաս էր հասցրել։ Չնայած Պապիկյանի դատավճիռն ու դատվածության փաստը հրապարակված փաստեր էին, եւ այդտեղ որեւէ գաղտնիք չկար։ Ի վերջո, որոշեցին Հարությունյանի վրա առաջինը փորձարկել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։
Դատախազությունը դատարանից պահանջել էր «հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել նրան պատկանող Երեւանի Հյուսիսային պողոտայի բնակարանը կամ դրա միջին շուկայական գինը՝ 187,2 միլիոն դրամի չափով, Հյուսիսային պողոտայում գտնվող ավտոկայանատեղին կամ դրա շուկայական արժեքը՝ 6 միլիոն դրամի չափով, նաեւ՝ Երեւան քաղաքի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից ստացված գումարը՝ 8 մլն դրամի չափով, «Օրանժ գազ» ՍՊԸ-ի բաժնեմասերի 50 տոկոսը՝ 215,7 միլիոն դրամի չափով»։ Դատախազությունը պահանջում էր բռնագանձել եւս 14,3 միլիոն դրամ, որը չի հիմնավորվել օրինական եկամուտներով։
Որոշվել էր նաեւ հայց ներկայացնել դատարան՝ Սերոբ Հարությունյանի որդուց՝ «Հարություն Հարությունյանից բռնագանձելու Երեւանի Չեխովի փողոցում գտնվող անշարժ գույքի 40 տոկոսը կամ գույքի շուկայական միջին արժեքը՝ 34,7 միլիոն դրամի չափով, Porsche Panamera մեքենան կամ դրա շուկայական արժեքը՝ 11,2 միլիոն դրամի չափով»։
Կարդացեք նաև
Հայցադիմումը ներկայացնելուց հետո այս գործով առաջին եւ այս պահի դրությամբ միակ նիստը տեղի է ունեցել 2022 թվականի հոկտեմբերի 19-ին, այսինքն՝ շուրջ 1 տարի այս գործով ոչ մի նիստ տեղի չի ունեցել եւ միայն հայցադիմումից 1 տարի անց տեղի է ունեցել առաջին նիստը։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: