Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ է նշանակում «հայամետ»

Հոկտեմբեր 27,2022 10:00

Ինչ էին խոսում տաքսիստները 20 տարի առաջ. «Սաղ կյանք ռուսի շվաքի տակ ապրել ենք, հիմա էլ էդպես պիտի ապրենք»: Ու Քրիստոսի նկարի կողքին կպցնում էին Պուտինի նկարը: Իսկ ի՞նչ են հիմա խոսում. «Էս սաղ կռիվը ռուսն է սարքել, սպիտակ թուրքը մեր թշնամին է»: Այդ երկու մոտեցումներն, իհարկե, հավասարապես մերժելի են: Ես կասեի անգամ, որ դա միեւնույն մոտեցումն է, որը հիմնված է այն մոլորության վրա, թե իբր պետությունները, դրանց ղեկավարները, քաղաքական գործիչներն առաջնորդվում են ոչ թե իրենց շահերով, այլ՝ մեր՝ հայերիս հանդեպ սիրով կամ ատելությամբ:

Մինչդեռ մեր նման փոքր պետությունը չի կարող առաջնորդվել նման պատրանքներով, եւ եթե ազգը հավատում է նման հեքիաթներին ու դրանցից բխեցնում է իր հույզերը, դրանից կարելի է անել միայն մեկ հետեւություն՝ մենք դեռեւս ձեռք չենք բերել քաղաքական մտածողություն: Այդ առիթով թույլ տվեք մեջբերել դաշնակցական գործիչ Վահան Նավասարդյանի խոսքերը, որոնք նա գրել է 1947 թվականին: Զուգահեռ անցկացնելով այն պահի եւ 1915 թվականի միջեւ, նա նշում է. «Նաեւ այսօրվա բուռն պայքարի մեջ Անգլիան եւ Ամերիկան, Թուրքիային պաշտպանելով, իրե՛նց են պաշտպանում եւ իրե՛նց շահերն են ներկայացնում»: Քաղաքականության մեջ ամեն մեկն ի՛ր կողմից է եւ երբեք որեւէ այլ կողմից չէ:

Երբ մենք ասում ենք, որ Զատուլինը կամ Ադամ Շիֆը «հայամետ» գործիչներ են, մենք չպիտի մտածենք, որ նրանք «սիրահարված» են հայերին: «Հայամետությանը» նշանակում է միայն մի բան՝ նրանք ներկայացնում են իրենց երկրների այն խմբերը, որոնք շահ ունեն Հայաստանի կամ հայերի համար բարենպաստ քայլեր ձեռնարկելու: Պարզապես Միացյալ Նահանգներում, որտեղ մեծ կարեւորություն է տրվում օրինականությանը, այդ շահերի ձեւավորման մեխանիզմը թափանցիկ է: Իսկ ահա Ռուսաստանում, որտեղ օրինականության տեսանկյունից «տայգա է», շահերի դրդապատճառները շատ դեպքերում քողարկված են: Իհարկե, այդ մարդկանց դիրքորոշումից պետք է օգտվել՝ ի նպաստ մեր պետության, եւ որեւէ պարագայում չփչացնել նրանց հետ հարաբերությունները: Եվ երբեք չհրճվել նրանց «հայամետությամբ»:

Վերջում եւս մի մոլորության մասին: Մի կողմ եմ թողնում իշխանության քարոզիչներին, որոնք «ի պաշտոնե» պետք է ասեն՝ «Ամերիկա՝ պուպուշ, Ռուսաստան՝ քըխ»: Սխալվում են այն քաղաքացիները, որոնք ուրախանում են, թե Հայաստանի իշխանությունը «արեւմտամետ» քաղաքականություն է վարում: Որեւէ քաղաքականություն վարելու համար պետք է սկզբունքներ մշակել, քայլեր հաշվարկել, հեռանկար տեսնել: Հայաստանում նման բան չկա: Վարչապետը լսում է, որ Զատուլինն իր մասին ինչ-որ վատ բան է ասել, հուզվում է եւ բացականչում՝ «Սրան էլ Հայաստան չթողնե՛ք»: Ահա եւ ամբողջ քաղաքականությունը;

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Nimar says:

    Բնակչության մեծամասնության մոտ քաղաքական մտածողության բացակայությունը (բոլոր քաղաքացիներից նման որակ ակնկալելը սխալ կլիներ), իմ կարծիքով, էթնոսին, ժողովրդին ազգից տարբերող շատ էական հատկանիշն է։ Մենք դեռ վերջնականապես չենք կայացել որպես ազգ, թեև դրա նախադրյալները կան։

    • Ջորդանո Գալիլյան says:

      Բոլոր նախադրյալները կան վերջնականապես դառնալու թուրքական վիլայեթ ու վայելելու էրմենի միլլեթի չքնաղ կարգավիճակը… 🙂

  2. Ջորդանո Գալիլյան says:

    “եթե ազգը հավատում է նման հեքիաթներին ու դրանցից բխեցնում է իր հույզերը, դրանից կարելի է անել միայն մեկ հետեւություն՝ մենք դեռեւս ձեռք չենք բերել քաղաքական մտածողություն:”

    Հետեւությունն, իհարկե, ճիշտ է: Բայց այդ հեքիաթների նկատմամբ չպետք է ունենալ կողմնակալ վերաբերմունք: Օրինակ՝ Սերգո-ջանին լավ ապրեցնելու մոլական ձգտումը, «ոչմիթիզականություն» ու «հայդատականություն» եզրեր հորինելն ու քննադատելը ոչ պակաս վնասակար հեքիաթներ են, որոնք պարզապես ջարդուփշուր են անում մարդկանց հենց քաղաքական մտածողությունը: Եւ եթե «հայամետության» հեքիաթները ինչ որ տեղ դեռ կարելի է հասկանալ որպես երկար դարեր պետականությունից զուրկ ժողովրդի պատրանքների իներցիոն արտացոլում, ապա լեւոնանիկոլիզմի ստեղծած հեքիաթները արդեն անկախ պետականության պայմաններում ոչ մի արդարացում չունեն…

  3. Ջորդանո Գալիլյան says:

    Ադամ Շիֆը իր չքնաղ «հայամետությունը» թափանցիկ կերպով թափահարեց Պետրոսի եթերում: Պարզվեց, որ Միացյալ Նահանգները արցախցիներին տալիս են ավելի ցածր կարգավիճակ, քան իրենց ռեզերվացիաների հնդկացիներին: Ահա եւ ամերիկյան շահերի ձեւավորման ողջ մեխանիզմը. օրինականության տեսանկյունից՝ «բիզոնների որս»…

  4. Ջորդանո Գալիլյան says:

    “Որեւէ քաղաքականություն վարելու համար պետք է սկզբունքներ մշակել, քայլեր հաշվարկել, հեռանկար տեսնել: Հայաստանում նման բան չկա:”

    Պետք չէ թերագնահատել իշխանությունը զավթած թրքահպատակներին: Նրանք ունեն հստակ մշակված սկզբունքներ (թրքահպատակություն, քիրվայություն, հակառուսականություն, փողապաշտություն), կարողացել են ճշգրտորեն հաշվարկել իրենց բոլոր ազգադավ քայլերը եւ պարզ տեսնում են չքնաղ վիլայեթի հեռանկարը: Հակառակ դեպքում չէին կարողանա հինգ տարի մի ամբողջ ազգ վերածել ոչխարների հոտի ու հանգիստ տանել սպանդանոց…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31