Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատաքննությունը սկսվեց. դատախազը հրապարակել է մեղադրական եզրակացությունը. «Փաստինֆո»

Հոկտեմբեր 27,2022 00:25

ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի. ԶՈՒ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանի, ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանի և մյուսների գործով դատարանում հրապարակվել է մեղադրական եզրակացությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանից։

Երեկ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, կայացել է Դավիթ Տոնոյանի և մյուսների գործով դատական նիստը, որի ընթացքում մեղադրող դատախազը շարունակել է հրապարակել մեղադրական եզրակացությունը։ Առաջադրված մեղադրանքներում գործով անցնող բոլոր մեղադրյալներն իրենց մեղավոր չեն ճանաչել։

Փաստաբանը տեղեկացրեց, որ դատարանը սահմանել է ապացույցների հետազոտման հաջորդականությունը, համաձայն որի, սկզբում կհետազոտվեն առկա գրավոր ապացույցները, ինչից հետո դատարանը կանցնի վկաների հարցաքննությանը, վերջում միայն կհարցաքննեն ամբաստանյալներին։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 1-ին։

Նշենք, որ գործն ի սկզբանե գտնվում էր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանի վարույթում, սակայն օրենսդրական փոփոխություններից և նոր՝ Հակակոռուպցիոն դատարանի ձևավորումից հետո գործը տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան՝ դատավոր Վահե Դոլմազյանի վարույթ։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ռազմամթերքի ձեռքբերման գործընթացում ենթադրյալ չարաշահումների, մասնավորապես, անորակ, անպիտան հրթիռներ ձեռք բերելու վերաբերյալ։ Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել յոթ անձի, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանին, ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին, «Պատրոն Դավո» մականունով հայտնի՝ զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին։ Մասնավորապես, նախնական քննության տվյալներով՝ ՀՀ ԶՈւ և ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված և ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։

Ըստ նախաքննական մարմնի՝ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու և իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31