Լրահոս
Օրվա լրահոսը

Չկա որեւէ լեգիտիմ հիմք ավագանու այս լիազորությունը սահմանափակելու համար

Հոկտեմբեր 27,2022 13:30

Ինչու է «անհնարին» համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը համայնքի ավագանու կողմից

Դիմումը Սահմանադրական դատարան էր մուտքագրվել այս տարվա փետրվարի 15-ին: ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի կողմից ներկայացված դիմումում բարձրացվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի սահմանադրականության հարցը: Վիճարկվող դրույթներով նախատեսվում է կամ վարչապետի, կամ համապատասխան մարզպետի կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հնարավորություն՝ առանց տարբերակելու, թե տվյալ համայնքի ղեկավարն ընտրվում է ուղղակի ձեւով ընտրողների՞, թե՞ անուղղակի ձեւով՝ ավագանու կողմից: Դիմողի պնդմամբ՝ նման տարբերակման բացակայությունը խնդրահարույց է այն դեպքերում, երբ համայնքի ղեկավարն ընտրվում է համայնքի ավագանու կողմից, քանզի տվյալ պարագայում որեւէ կերպ հիմնավորված չէ, թե ինչու է անհնարին համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը համայնքի ավագանու կողմից այն նույն տրամաբանությամբ, ինչ եւ համայնքի ղեկավարի նշանակման դեպքում: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է. «Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին եւ 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությանը հակասող եւ անվավեր ճանաչել «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասը, 2-րդ մասը եւ 3.1 մասը»: դիմողը գտնում է, որ օրենքի 27-րդ հոդվածի վիճարկվող դրույթները չեն համապատասխանում Սահմանադրության 179-րդ հոդվածի 1-ին մասին եւ 181-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին նախադասությամբ սահմանված կարգավորումներին, մասնավորապես՝ ոչ իրավաչափորեն սահմանափակում են տեղական ինքնակառավարման մարմնի՝ համայնքի ավագանու, սեփական պատասխանատվությամբ համայնքային նշանակության հարցերը լուծելու իրավունքը եւ կարողությունը:

ԱԺ-ն՝ պատասխանողը գտնում է, որ որպես ընդհանուր կանոն՝ օրենսդիրը սահմանել է, որ համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի բացակայության դեպքում վերջինիս փոխարինում է տեղական ինքնակառավարման մարմին հանդիսացող ավագանու անդամ՝ համայնքի ղեկավարի առաջին տեղակալը, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալու դեպքում ավագանին արտահերթ ընտրությամբ ընտրում է նոր համայնքի ղեկավար, որով եւ ապահովվում է տեղական ինքնակառավարման մարմինների՝ Սահմանադրությամբ երաշխավորված տեղական ինքնակառավարման իրավունքը:

Այս գործով հղում կար Սահմանադրության 9, 179 եւ 181-րդ հոդվածներին, ինչպես նաեւ Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի 3-րդ հոդվածին: Դիմողը նշել էր. «… այն դեպքերում, երբ համայնքի ավագանին գործունակ է, այլ կերպ ասած` ի վիճակի է ընտրելու համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, չկա որեւէ լեգիտիմ հիմք կամ ՀՀ Սահմանադրությամբ տեղական ինքնակառավարման մարմիններին վերաբերող կարգավորումների պայմաններում՝ ավագանու այս լիազորությունը սահմանափակելու համար»:

Այս գործով Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ դիմողը «վերացական սահմանադրական վերահսկողության շրջանակներում Սահմանադրական դատարանի առջեւ բարձրացնում է օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3.1-ին մասերի սահմանադրականության հարց՝ իր պատճառաբանությունների հիմքում դնելով այն հանգամանքը, որ` «վիճարկվող դրույթներով նախատեսվում է կամ վարչապետի, կամ համապատասխան մարզպետի կողմից համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու հնարավորություն՝ առանց տարբերակելու, թե տվյալ համայնքի ղեկավարն ընտրվում է ուղղակի ձեւով ընտրողների՞, թե՞ անուղղակի ձեւով՝ ավագանու կողմից»:

Սահմանադրական դատարանն արձանագրել էր նաեւ, որ օրենքով սահմանված են համամասնական ընտրակարգով ընտրվող ավագանի ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման անընդհատությունը երաշխավորող իրավակարգավորումները: Սահմանադրական դատարանի գնահատմամբ` նման պայմաններում տեղական ինքնակառավարման մարմինների ինքնուրույնության եւ սեփական պատասխանատվությամբ գործելու, այդ թվում՝ համայնքային նշանակության հանրային հարցերը լուծելու սկզբունքների իրացումը խոչընդոտող` օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3.1-ին մասերով ամրագրված՝ վկայակոչված ենթադրյալ հակասահմանադրական կարգավորումների առկայությունը դիմողի կողմից հիմնավորված չէ, եւ՝ «առանց ներկայացնելու խնդրո առարկա հարցերի՝ սահմանադրաիրավական վեճի բովանդակություն ունենալու վերաբերյալ փաստարկված հիմնավորումներ»: Ըստ ՍԴ-ի՝ օրենսդիրը համապատասխան համայնքի ղեկավարի ժամանակավոր բացակայության պայմաններում (այդ թվում՝ ծառայողական պարտականությունների կատարման մեկամսյա ժամկետը գերազանցող անհնարինություն, քրեական հետապնդման շրջանակներում օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով համայնքի ղեկավարի պաշտոնավարման կասեցում), որպես համայնքային կյանքի բնականոն ընթացքը սեփական կարողությամբ ապահովելու հնարավորություն, սահմանել է, որ այդ դեպքերում համայնքի ղեկավարին փոխարինում է ավագանու անդամ հանդիսացող նրա առաջին տեղակալը: Ինչ վերաբերում էր 27-րդ հոդվածին, ՍԴ դիրքորոշումը հետեւյալն էր. «Սահմանադրական դատարանը փաստում է, որ դիմողի պնդումն առ այն, որ օրենքի 27-րդ հոդվածի վերոնշյալ դրույթներով նախատեսվում է վարչապետի կամ մարզպետի կողմից համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու հնարավորություն՝ առանց տարբերակելու, թե համայնքի ղեկավարն ընտրվում է ուղղակիորե՞ն, թե՞ անուղղակիորեն, իսկ նման տարբերակման բացակայությունը խնդրահարույց է այն դեպքերում, երբ համայնքի ղեկավարն ընտրվում է համայնքի ավագանու կողմից, անհիմն է, չի բխում գործող իրավակարգավորումներից»: Ակնարկվել էր, որ դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին:
Հոկտեմբերի 18-ին ՍԴԱՈ-163 աշխատակարգային որոշմամբ վարույթը կարճվել է:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31