«Հայ արվեստում կան անուններ, որոնց գործի ու կյանքի մանրամասները, թվում է, թե ծանոթ են մեզ եւ նորության ոչ մի ակնկալիք չի մնում։ Խոսքը վերաբերում է հատկապես այն մեծերին, որոնց հոբելյանների կլոր թվերը նշվում են մեծ հանդիսավորությամբ, դառնում իսկապես համաժողովրդական տոն, բայց հետո աննկատ մոռացվում են կամ էլ, լավագույն դեպքում՝ ստեղծվում է այն տպավորությունը, թե մեր պարտքը հատուցեցինք եւ մինչեւ հաջորդ հոբելյանը կարելի է հանգիստ խղճով զբաղվել մյուս գործերով։ Դասականի հսկա ժառանգությունը, որ պիտի ամենօրյա հոգեկան սնունդ լինի մեզ համար, ըստ էության դառնում է միջոցառում։ Մյուս կողմից էլ՝ երբ վերջանում են հոբելյանական հանդիսությունները, մինչեւ հաջորդ 25 կամ նույնիսկ 50 տարին լրանալը ինչպե՞ս կարելի է մերձենալ մեծ գրողի, նկարչի կամ կոմպոզիտորի ժառանգությանը, մանավանդ, երբ խոսքը Սայաթ-Նովայի պես հանճարի մասին է։ Կարելի է, իհարկե, պարզ պատասխան գտնել. աշուղի տաղերը բազմիցս հրատարակվել են, կան ձայնագրություններ, հաղորդվում են նրա երգերը, ամեն տարի Վարդատոն է Թբիլիսիում եւ այլն։ Այսքանը գուցե բավարար է, սակայն…»։
Տարիներ առաջ «Առավոտում» հյուրընկալված այս տողերի հեղինակին՝ անվանի գրականագետ, երջանկահիշատակ Ալեքսանդր Թոփչյանին ընդհատեցինք, համոզված լինելով, որ արվեստագետի խոսքը Երեւանում Սայաթ-Նովայի թանգարան ունենալու անհրաժեշտության մասին է։ Համակարծիք լինելով մեզ հետ, գրականագետը շարունակեց խոսքը. «1986 թիվն էր։ Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում սայաթնովյան մի հետաքրքիր ցուցահանդես բացվեց, հեղինակը մշակութաբան Սերգեյ Առաքելյանն էր։ Ընդ որում, այդ ցուցահանդեսը հոբելյանի կամ այլ հանդիսավոր առիթով չէր, այլ արվեստին ու գրականությանը նվիրված մի մարդու անձնական նախաձեռնություն, որտեղ ներկայացրել էր սեփական հավաքածուի շատ փոքր մասը։ Սերգեյը հավաքել է այն ամենը, ինչ կապված է աշուղի անվան հետ։ Ըստ էության տասնամյակների ընթացքում, ինչը, վստահ եմ՝ շարունակվում է մինչ օրս, այդ անխոնջ եւ իր գործին մոլեռանդորեն նվիրված մարդը հավաքել է Սայաթ-Նովայի գրեթե բոլոր հրատարակությունները աշխարհի տասնյակ լեզուներով, մեծ բանաստեղծի երաժշտական կատարումները՝ ձայնապնակներով ու մագնիտոֆոնային ձայնագրություններով, նրա երգերի նոտագրումները եւ զանազան մշակումները, Սայաթ-Նովային առնչվող մամուլի գրեթե բոլոր հրապարակումները, լուսանկարներն ու գեղարվեստական արժեք ներկայացնող պատկերներ, հարյուրավոր փաստաթղթեր՝ բանաստեղծի եւ նրա ժամանակի վերաբերյալ բեմական հղացումներ ու հայտագրեր, մանրակերտեր, արձաններ ու նույնիսկ կինոժապավեններ… Այս հավաքածուն կարող է ուզած թանգարանի զարդը դառնալ»։
Կեսկատակ-կեսլուրջ մեր դիտարկմանը, թե՝ ստացվում է, որ Սերգեյ Առաքելյանը զբաղվել է «կրիմինալիստիկայով»՝ Սայաթ-Նովայի կյանքի ու գործունեության գաղտնիքների քննությամբ ու «գործին առնչվող» նյութերի ժողովմամբ, պարոն Թոփչյանը ժպտալով պատասխանել էր՝ ստացվում է այդպես։ Հետո էլ հավելել էր. «Ցուցադրությանը ներկա Սիլվա Կապուտիկյանն ու Սերո Խանզադյանն էլ կեսլուրջ-կեսկատակ ասացին՝ էս մարդը գրեթե 15 գիտահետազոտական ինստիտուտի աշխատանք է կատարել»։ Հարցին՝ մինչեւ թանգարան ստեղծելը հնարավոր չէ՞ այդ հավաքածուն ժամանակավորապես հանգրվանի հենց Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանում, մեր զրուցակիցը արձագանքել էր այսպես. «Նախ ինքը՝ հավաքածուի տերը, մտադիր է վաղ թե ուշ այն նվիրել պետությանը, սակայն կա մի նրբություն. Գրականության եւ արվեստի թանգարանում այս եզակի հավաքածուն, անշուշտ, ուրախությամբ կընդունվեր ու կմշակվեր, բայց կարծում եմ կանհետանար այնտեղ հանգրվանած հարյուրհազարավոր, միլիոնավոր փաստաթղթերի ու ձեռագրերի օվկիանում։ Ի վերջո, յուրաքանչյուր մասնավոր հավաքածու իր յուրահատկությունն ու ճակատագիրն ունի եւ չի կարելի այն որպես անդեմ թվական միավոր գումարել մեկ այլ թվի, ստեղծել նոր քանակ…»։
Կապվեցինք վերոնշյալ հավաքածուի տիրոջ՝ մշակութաբան, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի հետ՝ հետաքրքրվելով հավաքածուի ճակատագրով։ Մեր զրուցակցի հիշողությունները նրան տարան Մոսկվա, որտեղ 1988թ. Պուշկինի արձանի հարեւանությամբ՝ Գորկի 12 հասցեում գտնվող ռուս առաջին հրատարակիչ Սիտինի տուն-թանգարանում գրքասերների համամիութենական միության նախաձեռնությամբ 47 օր տեւողությամբ ցուցադրվել է սայաթնովյան հավաքածուն, թեպետ նախատեսված էր ընդամենը 7 օր։ Լուրը հասել էր Կարեն Դեմիրճյանին, որն էլ հանձնարարել էր Երեւանի քաղաքապետին՝ զբաղվել Սայաթ-Նովայի թանգարանի ստեղծմամբ։
Կարդացեք նաև
Հետաքրքրությանը՝ Կարեն Դեմիրճյանի հանձնարարությունը չկատավե՞ց, պարոն Առաքելյանը ընդամենը հայտնեց. «Ինձ հրավիրեցին քաղաքապետարան ու պարզ հայերենով ասացին՝ մեր եղած թանգարաններն ենք ուզում կրճատել, հիմա նոր թանգարա՞ն բացենք։ Երեւանում, ըստ ձեզ՝ շատ չե՞ն թանգարանները։ Իմ պատասխանը լռությունն էր…»։ Հաստատելով մեր տեղեկությունը, թե հավաքածուով հետաքրքրված են եղել արտասահմանից, նույնիսկ ասում են, թե Վրաստանից Էդուարդ Շեւարդնաձեն մարդիկ է ուղարկել մշակութաբանի մոտ՝ հավաքածուն գնելու առաջարկով, պարոն Առաքելյանը հայտնեց, որ Շեւարդնաձեի մարդիկ անվանի արվեստագետներ էին՝ կոմպոզիտոր Թաքթաքիշվիլին եւ գրող Գեորգի Լեոնիձեն, բայց ինքը հրաժարվել է վաճառել։ Հավելեց նաեւ, որ այդ լուրը հասել էր Փարաջանովին, ով շնորհակալություն է հայտնել «չգայթակղվելու համար» ու ավելացրել. «Վրացիները մեկ լուցկու հատիկով կայրեին հավաքածուն՝ ջնջելու համար Սայաթ-Նովայի հայ լինելու փաստը։ Ես նրանց լավ գիտեմ։ Ո՞վ ունի իրեր, մասունքներ Սայաթ-Նովայից, այդ թվում՝ նրա քամանչան… Եվ ո՞վ է անձամբ ծանոթ եղել աշուղի ծոռնորդիներին՝ Հարությունին եւ Աննային, ո՞վ իրեն ու ընտանիքին միջոցներից կզրկի եւ գրքեր ու ձեռագրեր ձեռք կբերի, այն էլ տասնյակ հազարներով։ Ի՞նչ է, Երեւանում չգիտե՞ն, որ 1963թ., երբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ տոնվում էր Սայաթ-Նովայի 250-ամյակը, հայ իրականության մեջ աշուղին նվիրված առաջին ցուցահանդեսը դու արեցիր…»։ Մեր զրուցակիցը նաեւ հայտնեց, որ մի քանի տարի առաջ եւս հավաքածուն վաճառելու առաջարկ է ստացել, այս անգամ՝ Սան Ֆրանցիսկոյից, պատրաստ են եղել վճարել ցանկացած գին, բայց ինքը մերժել է։
90 տարին բոլորած մշակութաբանը հույսը չի կորցրել. «Կգա օրը, երբ աշուղի թանգարանը հենց իր անունը կրող պողոտայում հասցե կունենա»։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.10.2022