2022 թ. սեպտեմբերի 13-ը շատերի համար եղավ ճակատագրական։ Թշնամու հերթական հարձակման պատճառով Հայաստան աշխարհի սահմանին կանգնած շատ հայորդիներ չկարողացան դիմավորել լուսաբացը։ Մի քանի օր տեւած պատերազմի պատճառով Հայոց երկրում նորից տիրեց սուգը, տառապանքը եւ վիշտը։
Սեպտեմբերի 13-ին հավերժ իր աչքերը փակեց հետախույզ, հատուկջոկատային, Հայկական բանակի սպա, հայրենասեր զինվոր Արորիկ Հովհաննիսյանը՝ թողնելով անմար կարոտ, ցավ ու լուսավոր հիշատակ։
Արորիկ Հովհաննիսյանը ծնվել է 1989 թ. սեպտեմբերի 26-ին Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում։ Հաճախել է տեղի Մարտուն Մանուկյանի անվան ութամյա դպրոցը, այնուհետեւ Ներքին Սասնաշեն գյուղի Հենրիկ Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցը։ Հայրենի հողի ու ջրի, նախնիների հերոսական պատմությունների շնորհիվ դեռեւս փոքր հասակից ապագա հերոսի մեջ ձեւավորվում են այն վսեմ գաղափարները, որոնք հետո պետք է դառնան կայուն համոզմունք ու կենսակերպ։ Դպրոցական տարիներից Արորիկն առանձնանում է բոլորից ազգային մտածելակերպով, առյուծասիրտ ոգով, ֆիզիկական ամրությամբ, հատկանիշներ, որոնք կարող էին ձեւավորվել միայն նախնիների արյան կանչի միջոցով։ Բոլորն են վկայում՝ նա ինքնատիպ մտածելակերպով, բարի, նվիրված սրտով, կայուն համոզմունքներով անձնավորություն էր։
Հայրենի գյուղին, հողին նվիրվելու երազանքով 2006 թ. ընդունվում է Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Հողաբարելավում, հողային եւ ջրային պաշարների օգտագործում, հիդրոտեխնիկական կառուցվածքներ» բաժինը, իսկ մեկ տարի անց ծառայության է անցնում Հայկական զինված ուժերում՝ որպես ժամկետային զինծառայող։ Ծառայության ավարտից հետո վերադառնում է համալսարան եւ ստանում համապատասխան մասնագիտությունը։
Ծառայության տարիներին արդեն հասունանում են ազգին, սեփական ժողովրդին, հայոց պետականությանը ծառայելու գաղափարները, որոնք էլ պատճառ են դառնում, որ նա ավելի ուշ ընդգրկվի Զինված ուժերի շարքերը։ 2011 թվականից նա անցնում է հատուկ պատրաստվածություն եւ որպես հատուկջոկատային սկսում է իր հաղթական ուղին։
Սկսվում է դժվարություններով, տանջանքներով, բայց եւ հաղթանակներով լեցուն մի ճանապարհ, որը տարիներ անց նրան հասցնելու էր փառքի գագաթնակետին։ Որպես հատուկջոկատային, որպես զինվոր, հետո նաեւ սպա՝ Արորիկ Հովհաննիսյանը մասնակցում է վերջին տասնամյակում Արցախում եւ Հայաստանում տեղի ունեցած կռիվներին, պատերազմներին։ Քառօրյա եւ քառասունչորսօրյա պատերազմների ժամանակ գործած նրա սխրանքների մասին այսօր կարելի է միայն խոսել հպարտությամբ՝ հաստատելով, որ հայոց բանակի զինվորն արել է առավելագույնը եւ հաղթել իր ոգով, արիությամբ։ Հատկապես 2020 թ. 44-օրյա պատերազմի օրերին սկզբից մինչեւ վերջ նա մնաց մարտի դաշտում՝ ականատես լինելով պատերազմի սարսափներին, մասնակցելով ռազմական գործողություններին Արցախի տարբեր հատվածներում։ Որպես խաղաղապահ՝ նա ութ ամսով մեկնեց Սիրիա եւ վերադարձավ այն համոզմունքով, որ հայրենիքի խաղաղության համար կռվելը պատիվ է յուրաքանչյուր հայ զինվորի համար։
Պատերազմի բովով անցած հերոսին ոչինչ չէր վախեցնում։ Դա էր պատճառը, որ համաձայնեց մեկնել Վերին Շորժա՝ պաշտպանելու հայրենիքի սահմանները, ինչը անում էր ամենայն պատասխանատվությամբ։ Նա քաջ գիտակցում էր, որ ինքն է հրամանատարը, որ ինքն է պատասխանատուն իրեն ենթակա զինվորների կյանքի համար, այդ պատճառով գրեթե չէր իջնում դիրքերից։ Նա միշտ այնտեղ էր՝ հպարտ կանգնած դիտակետում, հրացանը ամուր սեղմած, պատրաստ կատարելու հրամանը։ Սակայն…
Հերոսական այս ուղին ընդհատվեց 2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ ստիպելով բոլորին գլուխ խոնարհել նրա հիշատակի առաջ։ Չարաբաստիկ այդ գիշերը Արորիկ Հովհաննիսյանը գտնվում էր Վերին Շորժայի հատվածում։ Ենթակայության տակ գտնվող ժամկետային զինծառայողները հրամանատարի կողքին էին՝ յուրաքանչյուր պահի պատրաստ իրականացնելու իրենց մարտական խնդիրը։
Երբ սկսվում է հարձակումը, հրամանատարի մտքով չի էլ անցնում լքել դիրքը, քանի որ քաջ գիտակցում էր, որ իր թիկունքին ընկերներն են, մոտակա գյուղերի անպաշտպան բնակչությունը։ Ինքը բոլորի համար ամուր վահան էր։ Սակայն ուժերն անհավասար էին, եւ հրամանատարը հասկանում է, որ երկար դիմակայել չեն կարող։ Նա ընդունում է իր համար թանկ, մյուսների փրկության համար կարեւոր որոշում՝ իր վրա է վերցնում ամբողջ պատասխանատվությունը, բոլորին հրահանգում հեռանալ, իսկ ինքն արդեն վիրավոր՝ շարունակում է պահել դիրքը մինչեւ վերջին շունչը։ Արորիկ Հովհաննիսյանը մահանում է՝ մի ձեռքով գրկած հրացանը, իսկ մյուս ձեռքում ամուր սեղմած հայրենի հողը։
Այստեղ ավարտվում է երիտասարդ կյանքի մի պատմություն։ Հետագայում բոլոր զինակից ընկերները, բոլոր ենթակա զինվորները պետք է հիշեն, որ նա կռվել է մինչեւ վերջ, իր կյանքն է դրել զոհասեղանին՝ փրկելու մյուսներին։ Այսօր ողջ են այդ զինվորները. հրամանատարն ապրում է նրանց բոլորի սրտում, մտքում, հոգում, հիշատակներում եւ օրհնանքներում։
Արորիկ Հովհաննիսյանի կյանքի պատմությունը միահյուսվում է հայոց նոր պետականության կայացման համար մղված պատերազմների, կռիվների պատմությանը, միահյուսվում է այն հաղթանակներին, որոնք այսօր կայացած ենք համարում նրա ու նրա նման հազարավոր հերոսների շնորհիվ։ Մենք՝ ապրող սերունդներս, իրավունք չունենք խոսել պարտությունների մասին, իրավունք չունենք հուսալքվելու, տառապանքից ու ցավից քարանալու։ Այդ դեպքում իզուր կհամարվեն այն վսեմ գաղափարները, որոնցով ապրել, կռվել ու անմահացել են մեր հերոսները։
Անհնար է հերոսի մասին գրել անցյալ ժամանակով, քանի որ նրա ֆիզիկական բացակայության դեպքում էլ կենդանի են մնում հերոսական արարքները, սխրանքները, որոնք ստիպում են բոլորին իր մասին խոսել միայն ու միայն ներկա ժամանակով։ Ասել, որ նա բացակայում է, սխալ է եւ անթույլատրելի։
Այսօր մենք թերթում ենք հայոց պատմության եւս մեկ արնոտ էջ, թերթում ենք՝ էջերի մեջ թողնելով մեզ սիրելի անուններ, իսկ արնոտ գրքի վերջում՝ դրոշմում. «ՀԵՐՈՍ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ, ՀԵՐՈՍ ԾՆՎՈՒՄ ԵՆ»։
Մայա ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
26.10.2022