Լրահոս
Օրվա լրահոսը

Մոսկվայի նոր շանտաժն ու Իրանի ճանապարհային քարտեզը

Հոկտեմբեր 27,2022 12:00

Սկիզբը՝ այստեղ:

«Իրանը Հայաստանի անվտանգությունը եւ տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»

Անցած օրերին ՌԴ իշխանությունները ՀՀ իշխանություններին հասկացնել տվեցին, որ եթե «միջանցքը» ռուսական հսկողության տակ չի լինելու, ապա այն «կարող է անցնել Ադրբեջանով եւ Իրանով»: Սա էլ փաստորեն Մոսկվայի կողմից նոր շանտաժ է՝ ուղղված Հայաստան պետությանը: Ահա ռուսական կողմի անուղղակի շանտաժը. «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի արեւմտյան երթուղին Հայաստանի փոխարեն կարող է անցնել Ադրբեջանով եւ Իրանով, եթե Հայաստանը չկարողանա լուծել տրանսպորտային շրջափակման հարցը»: Օրերս նման հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա պաշտոնական այցով անցյալ շաբաթ մի քանի օր Հայաստանում անցկացրած Իրանի արտգործնախարարի երեւանյան ուղերձները բազմաշերտ էին թե՛ երկկողմ, թե՛ տարածաշրջանային անվտանգության առումով: Պաշտոնական Երեւանը Իրանի ԱԳ նախարարի հայաստանյան բանակցությունների առիթով շեշտեց, որ քննարկումների առանցքային թեման «տարածաշրջանային անվտանգությունը եւ կայունությունն» է:

Թեհրանի վերաբերմունքն Արեւմուտքի հանդեպ՝ գաղտնիք չէ, անվստահությունը Արեւմուտքի նկատմամբ շարունակում է գերակայել պաշտոնական Թեհրանի գործողություններում: Սակայն Հայաստանի համար Իրանը կարեւոր հարեւան է եւ տարածաշրջանային խաղացող, որը վերջին շրջանում բավական նկատելի ակտիվություն է ցուցաբերում, եւ Հայաստանի իշխանությունները՝ ի շահ մեր երկրի տնտեսական, անվտանգային կայունության, պարտավոր են հավասարակշռված լուծումներ գտնել:

Իրանը դեմ է, որ տարածաշրջանում՝ թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի տարածքում ներկա լինեն օտարերկրյա ներկայացուցիչներ, անցյալ շաբաթ Երեւանում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում նշեց Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ Իրանի ԱԳ նախարարի հայտարարությունը հատկապես ուշագրավ էր Հայաստանի սահմաններին Եվրամիության քաղաքացիական դիտորդների տեղակայման ֆոնին։ «Մեզ համար շատ կարեւոր է ներքին ներկայացուցիչների գործունեությունը տարածաշրջանում, ինչպիսին է «3+3» պլատֆորմը»,- հավելեց Աբդոլլահիանը:

Իրանի ԱԳ նախարարը Երեւանում ընդգծեց՝ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունը, հայտարարելով՝ «դա իրենց կարմիր գիծն է». «Կձեռնարկենք բոլոր քայլերը, որոնք կդիմակայեն յուրաքանչյուր նույնիսկ մտքին»։ «Ադրբեջանի նախագահը մեր երկրի ղեկավարի հետ հանդիպմանը հստակորեն նշել է, որ նման մտադրություն չունեն եւ տարածաշրջանում աշխարհագրական, սահմանային փոփոխություն չեն հետապնդում եւ չեն ցանկանում իրականացնել։ Մենք ամենաբարձր մակարդակներում տարածաշրջանի աշխարհաքաղաքական եւ նաեւ սահմանների փոփոխման հետ կապված համապատասխան զգուշացումներ արել ենք։ Իրանը հնարավորություն ունի խոչընդոտելու եւ դիմակայելու նման ցանկացած գաղափարի իրականացմանը», – վստահեցրեց Աբդոլլահիանը:

Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները կասկածի տակ են դնում խաղաղության հասնելու անկեղծությունը, իր հերթին նշեց Հայաստանի արտգործնախարարը: «Ագրեսիա է տեղի ունենում մի բանակցող երկրի կողմից մյուս բանակցող երկրի նկատմամբ: Սա, կարծում եմ, աշխարհում, թերեւս, բոլորը կհամաձայնեն, ամենեւին լավագույն ձեւը չի անկեղծ բանակցությունների եւ խաղաղության, լավագույն օրինակը չի, ապացույցը չի խաղաղության հասնելու ձգտումի»,-իր հերթին ընդգծեց Արարատ Միրզոյանը: Բանակցություններում առաջընթացի բացակայության համար նա մեղադրեց Բաքվին:

Իրանի արտգործնախարարի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկվել էին տարածաշրջանային զարգացումները, անվտանգային հարցեր։ Փաշինյանը կարեւորել էր Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը։ «Կարծում եմ՝ այդ քայլը փոխադարձաբար արտահայտում է Իրանի Իսլամական Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության մտադրությունները հարաբերությունների զարգացման առումով», -ասել է նա՝ հավելելով. «Իհարկե, երկկողմ հարաբերությունների մեր օրակարգը շատ հագեցած է, բայց կարծում եմ նաեւ, որ մենք այդ օրակարգը պետք է ավելի երկարաժամկետ պլանավորման տրամաբանության մեջ դնենք»։

Իրանի արտգործնախարարը Փաշինյանի հետ հանդիպմանը շեշտեց, որ Նյու Յորքում Փաշինյան-Ռաիսի հանդիպմանը շատ կարեւոր համաձայնություններ են ձեռք բերվել։ Նկատենք, որ իրանցի բարձրաստիճան պաշտոնյան խոսել է ընդհանուր ճանապարհային քարտեզի մասին, բայց կառավարությունն այս մասին մանրամասներ չփոխանցեց։ «Այսօր ես եւ իմ գործընկերները Հայաստան ենք այցելել, որպեսզի պարոն Արարատ Միրզոյանի հետ երկարաժամկետ կտրվածքով երկու երկրների համար սահմանենք մեր ճանապարհային քարտեզը», – ասել էր Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը: «Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստանի անվտանգությունը եւ տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը»,- հավելել էր Աբդոլլահիանը։

Իրանական լրատվամիջոցները հայտնում էին, որ Փաշինյանի հետ հանդիպմանը Աբդոլլահիանը խոսել է Հարավային Կովկասի երեք երկրների ու տարածաշրջանի երեք տերությունների «3+3» հարթակի հնարավորությունը օգտագործելու անհրաժեշտությունից, դարձյալ դեմ արտահայտվել տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը։

Հոկտեմբերի 21-ին Կապանում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը եւ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը մասնակցեցին Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը: Միրզոյանն այդ օրը «նշանակալից» անվանեց հայ-իրանական բազմադարյա եւ բարիդրացիական հարաբերությունների պատմության մեջ: «Հայաստանում խորապես ընկալում եւ բարձր են գնահատում մեր երկրի ողնաշարը հանդիսացող այս հատվածում՝ Սյունիքի մարզում, գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի իշխանությունների որոշումը»,-նշեց նա: Ապա հավելեց. «Մեր փոխգործակցությունը ներառում է բավականին ընդգրկուն քաղաքական օրակարգ, ինչպես նաեւ առեւտրի, էներգետիկայի, տրանսպորտի, գիտակրթական, զբոսաշրջային, մշակույթի, գիտության, կրթություն ոլորտներում ամուր կապեր, որոնք, լիահույս ենք, էլ ավելի կխորանան եւ որակական ու գործնական նոր շունչ կստանան այսօր բացվող գլխավոր հյուպատոսության գործունեության շնորհիվ: Վստահ եմ, որ գլխավոր հյուպատոսությունը մեծապես կնպաստի նաեւ հայ եւ իրանցի ժողովուրդների միջեւ մարդկային շփումների առավել ակտիվացմանը: Այն կդառնա երկու բարեկամ եւ հարեւան երկրների ջերմ հարաբերությունների ցուցիչ, տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման յուրօրինակ հանգրվան»:

Աբդոլլահիանը հայտարարեց, որ Իրանը «Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը». «Մեր քաղաքականությունն է հարգել տարածքային ամբողջականությունը եւ միջազգայնորեն ճանաչված սահմանները»: Նա նաեւ ընդգծեց, որ Հայաստանը հանդիսանում է Հյուսիս-հարավ միջանցքի կարեւոր մաս, եւ իրանական կողմը պատրաստվում է առավելագույն ջանքեր գործադրել այս տարանցիկ ուղին զարգացնելու համար:

Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին լրագրողերի հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի անվտանգային խնդիրներին ու ադրբեջանական կողմի ագրեսիային՝ հավաստիացրեց, որ կապանցիներն այլեւս անհանգստանալու առիթ չունեն, քանի որ ինքը արդեն Կապանում է։ «Եվ մենք շատ պարզ ու հստակ ասում ենք, որ սահմանների որեւէ փոփոխություն պաշտոնապես չենք ճանաչելու: Մենք ցանկանում ենք խաղաղ եւ կայուն Հայաստան: Այստեղ մեր պատգամը խաղաղության եւ բարեկամության պատգամ է: Բնականաբար, երկու երկրների շահերն ի նկատի կունենանք: Ես Կապանի բնակչության համար եւս մեկ անգամ շեշտում եմ՝ չանհանգստանաք, ես Կապանում եմ»,-ասաց նա։

Ուշագրավ էր հյուպատոսի հետեւյալ ակնարկը. «Կարծում եմ, որ պաշտպանության ոլորտի պատասխանատուները կապի մեջ են, հանդիպումներ, քննարկումներ են ընթանում։ Հույս ունեմ, որ երբեք կարիք չի լինի Հայաստանին հարձակողական զենք տրամադրել»։ Մորթեզա Աբեդիի խոսքով. «Մենք չենք ընդունում սահմանների ոչ մի փոփոխություն։ Մենք խաղաղ ու կայուն Հայաստան ենք ուզում։ Հայաստանի եւ Իրանի շահերը համընկնում են»։

Կապանում գլխավոր հյուպատոսության հիմնումը կարեւոր ուղերձ է պարունակում, ըստ որի՝ Իրանը դեմ է բարեկամ Հայաստանի հետ սահմանի կամ տարանցիկ ուղու հանդեպ խոչընդոտներին եւ կողմնակից է տարածաշրջանի զարգացմանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը նշել էր Իրանի արտաքին գործերի նախարարը, նաեւ ընդգծելով, որ Թեհրանը հետաքրքրված է Թավրիզում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու Երեւանի առաջարկով։ Սիմոնյանն ու Աբդոլլահիանն անդրադարձել էին տարածաշրջանի անվտանգային եւ տեւական խաղաղությանն առնչվող հարցերի, քննարկել հայ-իրանական ռազմավարական երկխոսությունը բոլոր ուղղություններով, ինչպես նաեւ երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը 1 միլիարդ դոլարի հասցնելու հեռանկարը: Իրանի արտգործնախարարը նշել է, որ մեկ միլիարդ դոլարի կարելի է հասնել առաջին փուլով, իսկ երկրորդ՝ առավել հեռանկարային փուլում, իրատեսական է համարել 3 մլրդ դոլարի ապրանքաշրջանառության հասնելը:

Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի այցի գլխավոր նպատակներից մեկը, թերեւս, երկարաժամկետ կտրվածքով Հայաստան-Իրան ճանապարհային քարտեզի մշակումն է եղել: Թե կոնկրետ ինչ առաջարկներով էր Թեհրանը Հայաստան գործուղել Իրանի ԱԳ նախարարին՝ առայժմ մանրամասներ հայտնի չեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իրանը դեռ ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մեծ ակտիվություն է ցուցաբերել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ միջնորդական ջանքեր գործի դնելու, կարելի է ենթադրել, որ իրանական առաջարկներում թեմաների լայն գունապնակ կարող է ներառված լինել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 26.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31