Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի՞սն են նկատել, որ ԶԱՀ-ում արդեն 59 զոհված զինծառայողի անուն կա. չհրապարակված անվանացանկի հետքերով

Հոկտեմբեր 27,2022 14:00

Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ ՀՀ սուվերեն տարածքների վրա հարձակումից ավելի քան 40 օր անց դեռեւս չի հրապարակվել անմահացած զինծառայողների ամբողջական անվանացուցակը։ Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ցուցակը չի հրապարակվում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս սեպտեմբերի 30-ին հայտարարել էր. «44-օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով` մենք եկել ենք եզրակացության, որ ճիշտ է զոհվածների անունները ինստիտուցիոնալ նախատեսված մեխանիզմով հրապարակել։ Զինծառայողների ապահովության հիմնադրամում արձանագրվող ցուցակն է, անունները հրապարակվում են այնտեղ։ 44-օրյա պատերազմի զոհերի ամբողջական անունները նույնպես հրապարակվել են այնտեղ։ Կարծում ենք՝ ինստիտուցիոնալ մոտեցումն այդպիսին պետք է լինի։ Բայց զոհերի ցանկը չհրապարակելը չի նշանակում, որ գաղտնի է պահվում դա։ Բնականաբար, նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են, եւ նաեւ իրենց ընտրությունն է… այսինքն, անունները կան, հրապարակվում են։ Կան մարմիններ, որոնք պետք է վերջնական նույնականացվեն։ Նախկինում ցավոտ դեպքեր են եղել, երբ սխալ անուններ են հրապարակվել։ Եղել է դեպք, որ հարազատները դեմքով վիզուալ ճանաչել են, բայց ԴՆԹ-ն հետո այլ բան է թույլ տվել։ Գործող օրենքով սահմանված ինստիտուցիոնալ մեխանիզմ կա, եւ պետք է հրապարակվեն այն դեպքերը, որոնք դե յուրե հաստատվել են»։

Այս հայտարարության հետքերով «Առավոտ»-ը նախ ստուգեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքը, որի «կատարված հատուցումներ» բաժնում սեպտեմբերի 13-ից սկսած զոհվածների տվյալներ չկային։ Չկային նաեւ հաջորդ օրերին։ Մինչ փորձում էինք պարզապանում ստանալ հիմնադրամից, վերջինս հայտարարություն տարածեց այն մասին, որ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո հիմնադրամը ՀՀ պաշտպանության նախարարությունից հատուցման դիմումներ դեռեւս չի ստացել։ Այսինքն, առնվազն այդ պահի դրությամբ Փաշինյանի պնդումը տեսանելի փաստից զուրկ էր։ Որոշ հարցերի պարզաբանումներ ստանալու համար հոկտեմբերի 5-ին գրավոր հարցում հղեցինք պաշտպանության նախարարությանը։

Մասնավորապես, հետաքրքրվել էինք.
-Ինչո՞ւ, ի՞նչ պատճառներով հիմնադրամին չեն ներկայացվել հատուցման դիմումները։ Ե՞րբ է նախատեսվում դրանք ամբողջացնել եւ ներկայացնել հիմնադրամին։

-Դեռեւս այս տարվա սեպտեմբերի 13-ին ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «ՊՆ-ի կողմից հաստատված 49 զոհ ունենք…»։ Ինչո՞ւ մինչեւ այժմ չեն հրապարակվել այդ անունները, եթե դրանք հաստատված են ՊՆ-ի կողմից։

-Վերջին շաբաթներին մի քանի տասնյակ ընտանիքների անդամներ, հարազատներ, ինչպես նաեւ՝ համայնքապետարանների, կրթօջախների սոցցանցային էջեր հրապարային հայտարարություններով հաստատել են կոնկրետ զինծառայողների զոհվելու ու նրանց հուղարկավորելու փաստերը, նշել հոգեհանգստի օր ու ժամ։ Հետեւաբար, ինչո՞ւ չեն հրապարակվում արդեն իսկ հաստատված դեպքերով եւ հուղարկավորված զինծառայողների անունները։

Պաշտպանական գերատեսչությանը նաեւ հետեւյալ հարցադրումն էինք հղել. «Թշնամու կողմից 2020թ.-ի սեպտեմբերի 27-ի եւ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ի հարձակումների, ռազմական գործողությունների ծավալն ու ընդգրկվածությունը, բնականաբար, անհամեմատելի են, սակայն 44-օրյա պատերազմի պայմաններում Արցախի ՊԲ-ն 2020թ.-ի սեպտեմբերի 28-ին իսկ հրապարակել էր Ադրբեջանի դեմ ծավալված մարտերի ընթացքում զոհված 27 զինծառայողների անուն-ազգանունները. հաջորդիվ զոհվածների ցուցակները եւս պարբերաբար հրապարակվում էին։ Հետեւաբար, ո՞րն է այն ծանրակշիռ, փաստարկված հիմնավորումը, ըստ որի՝ ՀՀ ՊՆ-ն մինչեւ օրս չի հրապարակում սեպտեմբերի 13-ին եւ հաջորդ օրերին զոհված եւ մահվան հանգամանքն արդեն իսկ հաստատված հայորդիների անվանական ցուցակները»։

Հոկտեմբերի 5-ին հղված հարցման պատասխանը ստացանք հոկտեմբերի 24-ին։ Պատասխանում ասված է. «Հարցն ուսումնասիրվել է համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ կա գործող օրենքով սահմանված ինստիտուցիոնալ մեխանիզմ, եւ շարունակաբար իրականացվում է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» անհրաժեշտ տեղեկատվության փոխանցման գործընթացը։ Որոշ տվյալներ արդեն փոխանցվել են։ Ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների անվանացուցակը կհրապարակվի հիմնադրամի կողմից»։

Բացի վերջին նախադասությունից, որին շուտով կանդրադառնանք, ստացվում է, որ ՊՆ-ն միայն վերահաստատում է վարչապետի հայտարարությունը։ Հարցադրումներից որեւէ մեկի առնչությամբ պատասխան, բացատրություն, հիմնավորում չկա. այսինքն, ՊՆ-ից 13 աշխատանքային օր էր պահանջվում՝ կրկնելու համար Նիկոլ Փաշինյանի ասածը կամ չասելու համար ոչինչ։ Ինչ վերաբերում է նրան, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով «զոհված զինծառայողների անվանացուցակը» կհրապարակվի հիմնադրամի կողմից, ապա հիմնադրամի կայքը հոկտեմբերի 25-ին կրկին ստուգեցինք. ամսի 25-ի դրությամբ «կատարված հատուցումներ» բաժնում ավելացել են սեպտեմբերի 13-ից սկսած զոհված զինծառայողների 59 անուններ։

Զոհված, անհետ կորած եւ հաշմանդամություն ստացած զինծառայողների անունները հիմնադրամի կայքում հրապարակվում են հատուցման տրամադրման սկզբունքով, եւ պարզ չէ՝ այս սկզբունքով անվանացանկը ե՞րբ կամբողջանա, արդյոք լիարժե՞ք կլինի։ Ուստի ՊՆ-ի մատնանշած՝ «անվանացուցակը կհրապարակվի» արտահայտությունը խիստ վերացական է, քանի որ պարզ չէ՝ ի՞նչ ժամկետներում կհրապարակվեն ավելի քան 200 զոհերի անունները։ Բայց այստեղ մի կարեւոր հանգամանք մատնանշելու համար վերադառնանք սեպտեմբերի 30-ին, երբ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու չի հրապարակվում սեպտեմբերի 13-ի հարձակման զոհերի անվանացանկը, որպես օրինակ էր բերել 2020թ.-ի 44-օրյա պատերազմը՝ ասելով, որ 44-օրյայի զոհերի ամբողջական անվանացանկը նույնպես հրապարակվել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում»։ Այս պնդման մեջ նույնպես մանիպուլյացիա կա. նախեւառաջ, հիմնադրամի կայքում հրապարակվում է ոչ թե բոլոր զոհվածների հաստատված ցուցակ, այլ անուններն այն զոհերի, անհետ կորածների ու հաշմանդամություն ստացածների, որոնց ընտանիքներին տրվում է դրամական փոխհատուցում։ Այդ մասին «կատարված հատուցումներ» բաժնում կա հետեւյալ նշումը. «Ստորեւ ներկայացված ցուցակում կարող եք տեսնել բոլոր այն զինվորների անունները, որոնց, կամ որոնց ընտանիքներին հիմնադրամը տրամադրել է հատուցում»։

Նախորդիվ մամուլում հրապարակումներ, ինչպես նաեւ փորձագիտական ուսումնասիրություններ են եղել, որոնք փաստում են, որ 44-օրյա պատերազմում զոհվածների վերաբերյալ գերատեսչությունների/վարչապետի հրապարակած թվերը եւ հիմնադրամի կայքում հրապարակված՝ փոխհատուցում ստացածների անունների ընդհանուր թվերը տարբեր են։ Այսինքն, 2020թ.-ի պատերազմից երկու տարի անց զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կայքում տեղադրված ցանկն ամբողջական չի։ Ի դեպ, հոկտեմբերի 14-ին հիմնադրամի նախագահ Կարինե Սարգսյանը հայտարարել է, որ. «44-օրյա պատերազմից հետո մենք ունենք 4454 շահառներ եւ 416 շահառու՝ մինչեւ 44 օրյա պատերազմը։ 2022թ. սեպտեմբերի 13-ի, 14-ի դեպքերով մենք դեռեւս ունենք 14 շահառուներ» (այս թիվն, ինչպես ասացինք, արդեն ավելացել է՝ հասնելով 59-ի.-հեղինակ)։

Հիմնադրամի կայքում հրապարակված ցուցակը ըստ հրապարակման ամսաթվի զտելու միջոցով արձանագրում ենք, որ 44-օրյայի զոհերի անունները առաջին անգամ հայտնվել են 2020թ. նոյեմբերի 6-ին։ 2020թ. նոյեմբերի 6-ից մինչեւ ս.թ. սեպտեմբերի 13-ը հրապարակվել են 4430 զինծառայողների անուններ, որոնցից զոհվածները 3697-ն են։ Սակայն պարզ չէ, թե 3697-ից քանիսն են 44-օրյա պատերազմում զոհվածները եւ քանիսը՝ դրանից հետո տեղի ունեցած թշնամու հարձակումների հետեւանքով զոհվածները։

Հիշեցնենք, որ դեռեւս 2022թ.-ի ապրիլին Փաշինյանն ասել էր, որ այդ օրվա դրությամբ 44-օրյայի զոհերի թիվը 3825 է։ Սրանից հետեւում է, որ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների անունները մինչ օրս լիարժեք ցանկով հրապարակված չեն, եւ ո՞րն է երաշխիքը, որ 2022թ.-ի սեպտեմբերի 13-ի հարձակման ժամանակ զոհվածների ցանկը լինելու է լիարժեք։ Նաեւ հարց է առաջանում. եթե, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պնդում, զոհերի թիվը չեն թաքցնում եւ այն հրապարակված է հիմնադրամի կայքում, ապա ո՞րն է պատճառը, որ երկու տարի շարունակ պատկան գերատեսչությունները կամ չեն պատասխանում ԶԼՄ-ների հարցումներին, կամ էլ 44-օրյայի զոհերի թիվը չհրապարակելու համար բերում են «հիմնավոր» պատճառաբանություններ, հարցին պատասխանելու պարտականությունը «գցում» մեկը մյուսի վրա։ Նույնը եւ սեպտեմբերի 13-ի հարձակման զոհերի դեպքում է. ավելի քան 40 օր անց անուն առ անուն չգիտենք բոլոր զոհված հերոսներին։

Հոկտեմբերի ընթացքում հրապարակված պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերի 13-ի հարձակման հետեւանքով հայկական կողմն ունի 207 զոհ։ «Տեղեկատվական վեճերի խորհուրդը» հոկտեմբերի 17-ին հայտարարել է. «Պաշտպանության նախարարությունը լրատվամիջոցներին չտրամադրելով հայցվող տեղեկությունները եւ ինքնուրույն չհրապարակելով դրանք՝ իր այդ քայլը չի հիմնավորել որեւէ իրավական նորմով։ Սա պատահական չէ, քանի որ այդպիսի տեղեկատվական սահմանափակում նախատեսված չէ օրենքով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես չի մատնանշել որեւէ իրավական նորմ, որով սահմանված է, որ մարտական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների վերաբերյալ տեղեկությունները պետք է տրամադրվեն բացառապես Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի կողմից՝ համապատասխան ցանկի հրապարակմամբ։ Բացի այն, որ ներկա դրությամբ այդպիսի ցանկ չի հրապարակվել, որեւէ օրենքով նախատեսված չէ ինֆորմացիայի տրամադրման նման ընթացակարգ»։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 20-ին լրագրողներին ասաց, որ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով զոհված զինծառայողների մարմինների նույնականացման գործընթացն ավարտվել է, նույնականացվել է 201 մարմին, չնույնականացված մարմիններ չունենք։ Ի հայտ է գալիս նույն հարցը. եթե մարմինները նույնականացված են, ինչո՞ւ պաշտպանության նախարարությունը չի հրապարակում ամբողջական՝ 201 հոգանոց անվանացանկը։

Դառնանք սեպտեմբերի 13-ից սկսած զոհված 59 զինծառայողներին, որոնց անուններն այս պահին հրապարակված են «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում».

1.Նարեկ Հակոբյան Մխիթարի,
2.Էդգար Հարությունյան Սամվելի,
3.Սերոբ Հարությունյան Արմենի,
4.Հրանտ Հակոբյան Վրեժի,
5.Էդմոնդ Սարգսյան Սամվելի,
6.Արմեն Միքայելյան Լեվոնի,
7.Արեն Մալաքյան Կարենի,
8.Խաչիկ Մինասյան Էդվարդի,
9.Նարեկ Հայրապետյան Արմանի,
10.Արման Զաքարյան Մանուկի,
11.Ազատ Գրիգորյան Աշոտի,
12.Էդուարդ Հարությունյան Թելմանի,
13.Դավիթ Ներսիսյան Արմենի,
14.Մհեր Այվազյան Արայիկի,
15.Ավետիք Բեկչյան Սուրենի,
16.Գուգարք Օհանյան Արմանի,
17.Տիգրան Տեր-առաքելյան Անդրանիկի,
18.Սարգիս Խանոյան Մեսրոպի,
19.Արամ Պետրոսյան Հուսիկի,
20.Վախթանգ Ստեփանյան Հրաչիկի,
21.Նորիկ Պետրոսյան Արամի,
22.Արամ Կիրակոսյան Խաչատուրի,
23.Տարոն Սարիբեկյան Խաչիկի,
24.Ռոբերտ Հայրապետյան Արմենի,
25.Ադամ Կիրակոսյան Կարոյի,
26.Լեւոն Մելքոնյան Ժիրայրի,
27.Լավրենտի Եպիսկոպոսյան Հակոբի,
28.Արթուր Լոպոյան Գարեգինի,
29.Գեվորգ Ներսեսյան Սիմոնի,
30.Գոռ Համբարձումյան Վարդանի,
31.Հայկ Հակոբյան Արտավազդի,
32.Էդիկ Բարսեղյան Սմբատի,
33.Լավրենտի Նատոյան Կարենի,
34.Տիգրան Բաբիկյան Համլետի,
35.Ադամ Հակոբյան Արտենի,
36.Հայկ Գասպարյան Կարենի,
37.Ռոբերտ Գեվորգյան Արմենի,
38.Շավարշ Մարգարյան Հունանի,
39.Արայիկ Առաքելյան Արշալույսի,
40.Վարդան Կեվորկով Խաչատուրի,
41.Նորայր Բաբասյան Սեմյոնի,
42.Գառնիկ Հարությունյան Բագրատի,
43.Կարեն Գասպարյան Գասպարի,
44.Արմեն Մոսինյան Ռաֆիկի,
45.Փարսադան Մկրտչյան Երջանիկի,
46.Կարեն Ավետիսյան Արտյոմի,
47.Արմեն Հակոբյան Արարատի,
48.Էրիկ Գեղամյան Արտակի,
49.Արսեն Սարգսյան Արտուշի,
50.Հակոբ Էյլենջյան Եղիայի,
51.Նարեկ Գալստյան Մնացականի,
52.Արթուր Թորոսյան Համլետի,
53.Հովհաննես Եղիազարյան Կարենի,
54.Գոռ Գեվորգյան Գեվորգի,
55.Զոհրաբ Հովհաննիսյան Աբրիկի,
56.Հենրիկ Սաֆարյան Արայի,
57.Բորիս Կարախանյան Սերգեյի,
58.Հարություն Բեգլարյան Թելմանի,
59.Գեղամ Գեղամյան Հովհաննեսի։

Ենթադրվում է, որ բոլորի անունները, ի վերջո, ներկայացվելու են հիմնադրամին, բայց արդյո՞ք Փաշինյանի ասած «ինստիտուցիոնալ մեխանիզմն» արդարացնում է հանրությանն անորոշության մեջ պահելը, անվստահությունն ու լարվածությունը խորացնելը։ Եւ այս ամենը՝ իշխանության անտարբերության մասին հնչող կասկածների ֆոնին։ Քանի՞ քաղաքացի եւ ԶԼՄ է նկատել, որ հիմնադրամի կայքում արդեն 59 զոհված զինծառայողի անուն կա։ Հետեւաբար, ո՞րն է նույնականացված զոհերի անվանացանկը չհրապարակելու նպատակը, եթե ոչ հանրության շրջանում հարցն աստիճանաբար մոռացության մատնելը, զոհերի թիվը «սովորական վիճակագրության» մակարդակի հասցնելը, ընդ որում՝ մի իշխանության կողմից, որը վստահեցնում է, թե ամենաթափանցիկն է ու հաշվետուն։ Մի իշխանության կողմից, որի օրոք «պարզվեց», որ «հազարավոր կյանքեր զոհաբերել ենք հանուն ոչնչի», որ մեր գերիները «երկու ամիս ավել կարող են դիմանալ» Բաքվի բանտերում, եւ որի օրոք այդ բանտերում խոշտանգումներից ողջ մնացածներն ու վերադարձվածները հայրենիքում ստանում են մեղադրյալի կարգավիճակ։ Մի իշխանության կողմից, որի առաջին դեմքերը չեն խորշում նախկինների օրոք գրանցված զոհերի թվերը հիշեցնելուց։ Իսկ ի՞նչ են արել իրենք, որպեսզի իրենց իսկ օրոք չլինեն զոհեր։

Վերջերս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում խոսելով ապրիլյան քառօրյայի մասին՝ այդ թվում մատնանշել էր. «Նույն Սերժ Սարգսյանը քանիցս ասել է, որ փակուղի է, վերջացել է։ Եւ դա անվանել հաղթանակ, երբ հարյուր զոհ ես տալիս եւ մի քանի ամիս ես շահում՝ հարցը չլուծելով…մեր տղաների գինը շատ թանկ է մեր համար։ Երբ դու կարողանում ես մի 80 հոգի էլ զոհ տալու գնով եւս մի երկու ամիս… Սերժ Սարգսյանին հարցրեք՝ ապրիլյան պատերազմը, որը դուք հաղթանակ եք համարում այդ տղաների մահվան շնորհիվ, ինչի՞ հաշվին կանգնեց, ի՞նչ էր լինելու հետագայում, որ չեղավ»։

Եթե անդրադառնանք միայն ապրիլյանի զոհերի թվի վերաբերյալ Ալեն Սիմոնյանի հիշատակմանը, ապա հարկ է հիշեցնել, որ Փաշինյանի իշխանության օրոք եղած պատերազմում ունեցանք 3825 զոհ. այն պատերազմի, որի վերաբերյալ հենց Փաշինյանը 2022թ. ապրիլի 13-ին ԱԺ ամբիոնից ասում էր. «Այո, կարող էինք կանխել պատերազմը եւ կունենայինք նույն արդյունքը, բայց առանց զոհերի»։ Նույն Նիկոլ Փաշինյանը, երբ ընդդիմադիր պատգամավոր էր եւ Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ հանդես եկող «Իմ քայլը» քայլերթի մասնակիցների հետ գալիս էր Երեւան, 2018թ.-ի ապրիլի երկուսին Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում խորհրդանշական «զինվորի ծառ» էր տնկում, հարգում ապրիլյանում նահատակվածների հիշատակը եւ ասում. «Մեր զինվորներին ցանկանում ենք բարի, խաղաղ, ամենակարեւորը՝ հաղթական ծառայություն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Հ.Գ. պատրաստ ենք հրապարակել նաեւ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տեսակետները. ՊՆ-ի` հոկտեմբերի 24-ին ուղարկած գրավոր պատասխանի առնչությամբ լրացուցիչ գրավոր հարցեր ենք հղելու հիմնադրամին։

«Առավոտ» օրաթերթ
26.10.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31