«Հիմա, երբ Հայաստանը տարածքային ամբողջականության հարցին է առնչվում, նրա համար սա կարևոր հարց է: Եթե արժեք է, ուրեմն արժեք է՝ անկախ ամեն ինչից։ 30 տարի մեր օրակարգում այս հարցն է եղել, և գիտենք՝ դա ինչ է»,- Ժնևի շվեյցարական մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսկանդարովը:
Ասուլիսի ժամանակ Ժնևի համալսարանի պատմության և միջազգային հարաբերությունների դասախոս Վիգեն Չատրյանը, մեջբերելով դեսպանի կողմից այն շեշտադրումները, թե Ադրբեջանը ժողովրդավար, բազմամշակութային երկիր է, նրան հիշեցրեց, որ Ադրբեջանը նաև էթնիկ զտման և մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականություն է վարում։ Օրինակ՝ Նախիջևանում չի մնացել հայկական մշակութային գեթ մեկ նշույլ, Շուշիում Կանաչ ժամն են ոչնչացրել և այլ օրինակներ, օրեր առաջ էլ ադրբեջանցի զինվորականները գնդակահարել են հայ զինծառայողների։ Ու հարցրեց՝ ի՞նչ գին ենք մենք՝ որպես մարդկային էակներ վճարում, երբ դուք ասում եք մի բան, բայց անում՝ այլ։
Ի պատասխան Ֆուադ Իսկանդարովը հարցրեց՝ եղե՞լ եք Բաքվում, տեսե՞լ եք հայկական եկեղեցին հենց քաղաքի կենտրոնում ու շարունակեց․ «Բայց, երբ մենք ազատագրեցինք մեր հողերը, մեր քաղաքները, գյուղերը ավերվել էին, մեր մզկիթները՝ որպես անասնագոմ էին օգտագործվել: Եթե անցյալից եք խոսում, շատ բաներ կարող եմ ասել՝ Խոջալուի, Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի մասին։ Իմ առաջարկն է, եթե Դուք ուզում եք խաղաղություն կառուցել, պետք է նայեք ապագային, ոչ թե անցյալին»։
Անդրադառնալով հայ զինծառայողների գնդակահարության մասին հարցին՝ նա ասաց․ «Մեր գլխավոր դատախազությունն անմիջապես սկսել է հետաքննությունը, ինչպես նաև այլ դեպքերով, բայց հայկական կողմից չենք տեսել նման հետաքննություն։ Եկեք սպասենք արդյունքներին: Եթե այդ հանցագործության կատարման հաստատում լինի, այդ անձինք կպատժվեն։ Նախկինում նման դեպքեր եղել են»։
Կարդացեք նաև
Ժնևի համալսարանի ուսանող Դավիթ Ալավերդյանը հիշեցրեց՝ 4 ադրբեջանցի սպաներ հանցագործության համար պատասխանատվության են ենթարկվել ու հարցրեց՝ նրանք է՞լ են Ռամիլ Սաֆարովի պես Իլհամ Ալիևի կողմից հերոսացվելու։ Ֆուադ Իսկանդարովը քմծիծաղով պատասխանեց․ «Ես սպասում էի, որ Դուք կհասնեք Սաֆարովի դեպքին։ Չեմ ուզում պաշտպանել որևէ հանցավոր արարք, բայց Իլհամ Ալիևը երբեք չի հանդիպել այդ անձին։ Ռամիլ Սաֆարովը Ջեբրայիլի շրջանից էր, կորցրել էր իր ընտանիքի անդամներին։ Եվ դա իր պատասխանն էր, իհարկե, դա արդարացում չէ»։
Ադրբեջանի դեսպանը, դիմելով իրեն հարց հղած երիտասարդին, հորդորեց նայել ապագային ու ասաց․ «Ես 62 տարեկան եմ, վաղվա օրը ձեր սերնդինն է։ Դուք պետք է այս կյանքն ապրեք, միասին ադրբեջանցիների և Հարավային Կովկասի մյուս ազգերի հետ՝ որպես մեկ ընտանիք, կամ ընդդեմ իրար՝ պատերազմների մեջ»։
Ադրբեջանի դեսպանը, Վրաստան-Ադրբեջան-Հայաստան համագործակցության հնարավոր հարթակի մասին հարցին ի պատասխան անդրադարձավ «Զանգեզուրի միջանցք»-ի մասին խոսակցություններին ու նշեց․ «Հայաստանը շատ զգայուն է միջանցքի հարցում։ Միջանցքն այն է, որ միասին աշխատում ենք, դուք կունենաք անմիջական ներգրավվածություն Ասիայից Եվրոպա, Եվրոպայից Ասիա երթևեկությանը։ Դա շատ կարևոր կլինի Հայաստանի համար։ Ադրբեջանը հարյուր հազարավոր դոլարներ է ներդրել Վրաստանի տնտեսության մեջ։ Ինչո՞ւ հայերի հետ կապված նույնն անել հնարավոր չէ»։
Ժնևի համալսարանի ուսանողներից մեկն էլ հիշեցնելով Ալիևի այն հայտարարությունները, թե մենք վերադառնալու ենք Զանգեզուր, Սևան, Երևան՝ մեր պատմական հողեր, հարցրեց՝ որքանո՞վ են դրանք կառուցողական խաղաղության օրակարգի կառուցման հարցում, Ադրբեջանի դեսպանը պատասխանեց․ «Այո, ես արմատներով այս հողերից եմ: Իմ նախապապերն ապրել են այնտեղ, հազարավոր ադրբեջանցիներ ապրել ենք նաև Երևանում: Սա պատմական արմատների մասին է: Եթե խոսում ենք ներկա իրավիճակի մասին, ապա մենք ստորագրել ենք ԵԱՀԿ փաստաթղթեր, ՄԱԿ-ի անդամ ենք, ոչ մեկ չի ուզում փոխել մեր սահմաններում այլ երկրների հետ որևէ բան։ Սրանք արհեստական սպառնալիքներ են, որոնք ներդրվում են տարածաշրջանից դուրս գտնվող ուժերի կողմից։ Ես էլ կարող եմ ասել ձեր երկրի ղեկավարի հայտարարությունների մասին։ Երբ 2020-ին պարոն Փաշինյանն ասաց՝ Ղարաբաղը Հայաստան է, դուք կարծում եք մենք երջանի՞կ էինք այդ հայտարարությունից: Բայց դուք պետք է մի կարևոր բան հասկանաք: Մենք չենք օկուպացրել ՀՀ-ն։ Շատ հայեր են ապրել Ադրբեջանում՝ օրինակ՝ ձեր ռազմական շտաբի պետի քույրը ապրել է Ադրբեջանում և վայելել կյանքը։ Ընդհանրապես ես բնավորությամբ վատատես եմ, բայց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հետ կապված ես լավատես եմ։ Վստահ եմ՝ դա տեղի կունենա»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ