Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչությունում հարուցվել է քրեական վարույթ՝ Գյումրու Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կատարվող կոսմետիկ վերանորոգման աշխատանքների պատճառով։
Արձանագրությունում նշված է․ «Ապօրինի, առանց մշակույթի նախարարության, Գյումրու համայնքապետարանի և ճարտարապետական խորհրդի թույլտվությունների, կապալառու կազմակերպությունների հետ պայմանագրի կնքման կատարվել են վերանորոգման աշխատանքներ հանրապետական նշանակության, օտարման ոչ ենթակա հուշարձան համարվող Գյումրու «Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում» Փաստի առթիվ հոկտեմբերի 21-ին քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթը ՀՀ քր. օր. 301 հոդ. 1-ին մասի հատկանիշներով»։
Հիշեցնենք, որ այս թեմայի շուրջ մեծ աղմուկ էր բարձրացել, ավագանու որոշ անդամներ պնդում էին, որ կոսմետիկ վերանորոգումը կատարվում է առանց համապատասխան թույլտվության։
Կարդացեք նաև
Ըստ թանգարանի աշխատակիցների, շենքը «Կումայրի արգելոց թանգարանի» ցանկում գտնվող պատմամշակութային կառույց է, որտեղ որևէ նորոգում կատարելիս՝ հատուկ թույլտվություն է պետք։ Կրքերը հատկապես բորբոքվել էին ցուցասրահների միջսենյակային երկու դռները հանելուց հետո։
Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ տուն-թանգարանը հանրապետական նշանակության հուշարձան է, իսկ հուշարձանում որևէ փոփոխություն կատարելու համար պետք է համաձայնեցել լիազոր մարմնի, այսինքն՝ տվյալ դեպքում ԿԳՄՍ նախարարության հետ։
Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանն էլ նշում էր, որ օրենքի հետ որևէ հակասություն չկա, չի կատարվել հատակագծի փոփոխություն, սենյակները մեկ մյուսով չեն փոխարինվել, պատ կամ միջնորմ չի քանդվել և չկա շենքի արտաքին ճարտարապետական տեսքի ձևափոխում և ձևախեղում։
Նշենք նաև, որ ԿԳՄՍ նախարարությունը դրամաշնորհ էր հատկացրել՝ 2 միլիոն 300 հազար դրամ արժողությամբ, որ շրջանակում էլ պիտի լինի ցուցանմուշների և ցուցադրության փոփոխություն, սակայն մինչև այդ կատարվում էին ցուցասրահների կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ, որի ծախսը՝ 700 հազար դրամ, ավագանու որոշմամբ հոգացել էր Գյումրու համայնքապետարանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ