«Մեզ չեն վռնդել, ոչ ոք չի ասել՝ գնացեք, բայց իրավիճակն ու պայմաններն այնպիսին էին, որ վտանգավոր եւ շատ ռիսկային էր մնալը, երեխաներն էլ փոքր էին. տանկեր էին շարժվում, կրակոցներ էին, տարբեր էթնիկ խմբեր կային, հաճախ հարբած մարդիկ էին պատահում, կրակում էին… մի խոսքով՝ վտանգավոր էր: Բացի այդ, դժվար թե հնարավորություն տրվեր աշխատանքը շարունակելու. պարզապես, այնպիսի պայմաններ ստեղծվեցին, որ ստիպված էինք լքել մեր բնակավայրերը: Եթե մնայինք՝ ոչ ոք չի կարող ասել, թե ի՞նչ կլիներ»,- 56-ամյա Գոդերձի Մախարաշվիլին է հիշում 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի օրերը եւ տարիների հեռավորությունից վերլուծում այդ օրերի իրադարձությունները:
Գոդերձիի ընտանիքը Հարավային Օսեթիայի Ախալգորի բնակավայրից Վրաստան է տեղափոխվել 2008-ի օգոստոսի վերջերին: Հաստատվել են Ծերովանիում: 2008-ի պատերազմից հետո, Վրաստանի իշխանությունները Թբիլիսիից ոչ հեռու գտնվող ամայի դաշտում, շատ արագ կառուցեցին Ծերովանի փախստականների բնակավայրը: Այն գտնվում է Մցխեթա-Մթիանեթի մարզում: Փախստականների բնակավայրում այժմ բնակվում է 2000-ից ավելի ներքին տեղահանված ընտանիք: Նրանք փախստականի կարգավիճակ ունեն, պետությունը նպաստ է վճարում, իհարկե, դա չնչին գումար է եւ մարդկանց կարիքները հոգալու համար չի բավարարում:
Մեր զրուցակից Գոդերձին պատերազմի ժամանակ կորցրել է ամեն ինչ: Ախալգորիում իր ընտանիքը մրգերի եւ բանջարեղենների վերմշակման երկու արտադրամաս ուներ, պատրաստի արտադրանքը Գերմանիա էին արտահանում: Նաեւ ապխտած մսի արտադրամաս ունեին, պատրաստի արտադրանքը դարձյալ Գերմանիա էին արտահանում: «Մսի՝ այդ եղանակով մշակման տեխնոլոգիան Վրաստանում միայն ես գիտեմ, Գերմանիայում վերապատրաստվել էի»,- պարծենում է մեր զրուցակիցը, սակայն, շատ արագ ժպիտը կորում է դեմքից: Պատճառը՝ հարցս է՝ ինչո՞ւ չի փորձել վերականգնել արտադրությունը:
Կարդացեք նաև
Ասում է՝ հետագայում անհրաժեշտ գումար չի գտել՝ արտադրությունը վերականգնելու համար, պետությունն էլ չի օգնել, դոնորներ չեն գտնվել՝ ոչ ոք չի հետաքրքրվել իր գաղափարով: Խնայված գումարներով մի փոքրիկ խանութ է կարողացել բացել եւ հոգալ ընտանիքի ապրուստը, բայց, հետագայում, հարեւանությամբ ավելի մեծ խանութ է բացվել, ինքը փոքրն էլ է ստիպված եղել փակել: Հիմա ոչնչով չի զբաղվում կամ, այսպես ասենք՝ զբաղվում է ամեն ինչով՝ ինչ պատահի: Հարցին՝դժվար չի՞ այդպես, պատասխանում է՝ դժվար է, բայց սեփական գործ ունենալու այլընտրանքն այս պահին մոտակայքում գործող լիմոնադների, գարեջրի, քաղցրավենիքի եւ այլ գործարաններում աշխատելն է:
«Երբ տեղափոխվեցինք՝ ապրելու պայմանները տանելի էին: Հարմարավետ չէր, բայց ապրել կարելի էր: Ցուրտ էին տները: Կոմունալ բոլոր հարմարությունները կային, բայց քանի որ բնակեցված չէին, ամեն ինչ սառն էր: Ժամանակի ընթացքում շատերը վերափոխեցին տները: Հիմա էլ, մարդիկ ըստ իրենց հարմարավետության, շինարարական աշխատանքներ են կատարում»,- իրենց առօրյան ու կենցաղն է ներկայացնում մեր զրուցակիցը:
Հայաստանցի լրագրողների հարցին՝ չի՞ կարոտում Ախալգորիում թողած իր տունը, հայացքը հառում է հեռու… մի պահ լռություն է, հետո պատմում է, որ
2008-ի պատերազմից հետո, որոշ ժամանակ անց, հնարավորություն կար տեղաշարժվելու, առեւտուր էլ էին կարողանում անել: Հիմա, ամեն ինչ մի քիչ բարդացել է. երկու անցակետ է պետք հատել, հարազատ գյուղում հայտնվելու համար: Բայց, վերջին փոփոխությունների համաձայն, մեքենայով մուտքը արգելվում է, հատուկ փաստաթղթեր են պահանջվում, հատուկ դեպքերի համար են թույլտվություն տալիս, ինչը խնդիր է առաջացնում այն առումով, որ հնարավոր չի լինում որեւէ ապրանք տեղափոխել: Վերջին անգամ որդին է եղել Ախալգորիում՝ հինգ տարի առաջ. իրենց տունը կա, ռազմաբազայի կողքին է, բայց անխնամ է ու արդեն «շարքից դուրս» է գալիս: Վերադառնալ կարող են, բայց չեն մտածել, քանի որ ինչ-որ կերպ արդեն հարմարվել են այս պայմաններին: Նաեւ վստահ են՝ աշխատանքի հետ կապված խնդիրներ կառաջանան. էթնիկ վրացիների համար աշխատանքային պայմաններ այնտեղ չկան, դրանք, հիմնականում, էթնիկ օսեթինների համար են. համենայնդեպս, ծանոթներն այդպես են պատմել:
Ռուս-ուկրաինական պատերազմի, տարածաշրջանում եւ աշխարհում ընթացող քաղաքական գործընթացների մասին հարցին մեր զրուցակիցը չի պատասխանում. ձեռքը թափ տվեց ու հեռացավ: 14 տարի առաջ եղած պատերազմի հիշողության ցավը հավանաբար չի ապաքինվել:
Մարիամ Մայիսուրաձեն 9 տարեկան էր, երբ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմը սկսվեց: Այդ շրջանի իրադարձություններից շատ բան չի հիշում:
Այդ օրերին մայրը Թբիլիսիում էր գտնվում, երբ պատերազմը սկսվեց, հոր հետ տեղափոխվեցին Թբիլիսի: Ծնողներն այդպես էին որոշել: Ապա, իբրեւ փախստական, Ծերովանիում տուն եւ հողակտոր ստացան. պայմաններից դժգոհ չեն: Տեղափոխվել են Հարավային Օսեթիայի Էրեկվի բնակավայրից: Իրենց տունը պատերազմի ժամանակ հիմնահատակ ոչնչացել է: Փորձ էլ չեն արել վերադառնալ հարազատ գյուղ, այստեղ արդեն հարմարվել են: Բայց եթե վերադառնալու հնարավորություն լիներ՝ ասում է՝ հաճույքով կվերադառնային հարազատ բնակավայր:
Բնակավայրի առօրյան՝ ֆոտոշարքում
Հ. Գ. Հայաստանցի լրագրողների այցը փախստականների Ծերովանի ավան, տեղի է ունեցել Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած՝ հակամարտությունների թեմայով Վրաստանում հոկտեմբերի 9-15 կայացած լրագրողական շրջայցի շրջանակներում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ