Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնում նախաձեռնած քրեական վարույթով՝ Սիսիանի ոստիկանությանը տեղեկացվել է, որ «ՀԳՆՔ-ԳՐՈւՊ» ՍՊ ընկերության հաշվեկշռում ներառված Սյունիքի մարզի Գորայք համայնքի վարչական տարածքում գտնվող «Որոտան-7» փոքր հիդրոէլեկտրակայանի զբաղեցրած տարածքի եւ ենթակառուցվածքային շինությունների ձեռքբերման, ինչպես նաեւ գրանցման գործընթացում թույլ են տրվել ապօրինություններ։
Պարզվել է, որ «Որոտան-7» փոքր ՀԷԿ-ը կառուցելու համար Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որոշմամբ, «ՀԳՆՔ-ԳՐՈւՊ» ՍՊԸ-ին մարզի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողերից հիդրոէլեկտրակայանի եւ օժանդակ կառույցների շինարարության համար ուղակի վաճառքով օտարվել է 2000 քմ մակերեսով հողատարածք՝ 1 քմ-ն՝ 96 դրամով։ Այնուհետեւ հողատարածքը բաժանվել է երկու առանձին մասերի՝ յուրաքանչյուրը 1000 մք մակերեսով, հասցեագրվել են՝ ստացել Գորայք համայնքի արեւելյան հատվածի թիվ 3 եւ արեւելյան հատվածի թիվ 4 հասցեներ։ Հասցե ունենալուց հետո, «ՀԳՆՔ-ԳՐՈւՊ» ՍՊԸ-ի դիմումի համաձայն այդ հողամասերը գրանցվել են ՀՀ անշարժ գույքի եւ կադաստրի Սիսիանի տարածքային ստորաբաժանումում՝ ստանալով սեփականության վկայականներ։
Բացի այդ, Սուրիկ Խաչատրյանի որոշմամբ «ՀԳՆՔ-ԳՐՈւՊ» ՍՊԸ-ին մարզի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող հողերից «Որոտան-7» ՓՀԷԿ-ի ճնշումային խողովակաշարի շինարարության նպատակով տրամադրվել է 2900 քմ մակերեսով հողատարածքից սահմանափակ օգտվելու իրավունք «սերվիտուտ»՝ 99 տարի ժամկետով տարեկան 10.000 դրամ վարձավճարով:
«ՀԳՆՔ-ԳՐՈւՊ» ՍՊԸ-ի կողմից ՓՀԷԿ-ի սեփականատիրոջ հետ ֆինանսական բնույթի հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառով, Սուրիկ Խաչատրյանի ցուցումով Գորայք համայնքի նախկին ղեկավար Առուստամ Առուստամյանի որոշմամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Գորայք համայնքի արեւելյան հատվածի թիվ 3 հասցեում գտնվող 1000 մք մակերեսով տարածքը որպես համայնքային սեփականություն, առանց աճուրդի, ուղղակի վաճառքով 1 քմ-ն՝ 144 ՀՀ դրամով օտարվել է Ս. Խաչատրյանի ընտանիքին՝ փաստացի պատկանող «Սյունիք Ադամանդ» ՍՊԸ-ին։ Այս ընկերության տնօրենը Խաչատրյանի կնոջ եղբայրն է՝ Վարդան Բարսեղյանը։
Կարդացեք նաև
Կադաստրի Սիսիանի տարածքային ստորաբաժանումում ՍՊԸ-ն գրանցել է սեփականության իրավունք՝ 09-028-119-001-001 կադաստրային ծածկագրով, սակայն անշարժ գույքի եւ կադաստրի բազայով իրականացված որոնման արդյունքում նման ծածկագրով հողատարածք չի հայտնաբերվել:
Ըստ նույն տվյալների Ս. Խաչատրյանը «Սյունիք Ադամանդ» ՍՊԸ-ի անվամբ գրանցված, սակայն փաստացի «ՀԳՆՔ-ԳՐՈւՊ» ՍՊԸ-ին պատկանող, Գորայք համայնքի արեւելյան հատվածի թիվ 3 հասցում գտնվող 1000 մք մակերեսով հողատարածքը 2010թ. փետրվարի 26-ին անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրով 200.000 ՀՀ դրամով վաճառել է «Համէսա» ՍՊԸ-ին: Նշված հողատարածքի շուկայական գինը տվյալ ժամանակահատվածում կազմել է մոտ 10.000 ԱՄՆ դոլար: Գորայքի նախկին ղեկավար Ա.Առուստամյանի 2016թ. փետրվարի 28-ին նշված հողատարածքը հասցեավորել է նույն համայնքի արեւելյան հատվածի թիվ 3 հասցեով: Այսպիսով` Ա.Առուստամյանը փաստացի նույն գյուղի վարչական սահմաններից դուրս գտնվող 1000 մք մակերեսով հողատարածքը 2008թ. առանց աճուրդի ուղղակի վաճառքով օտարել է «Սյունիք Ադամանդ» ՍՊԸ-ին։ Իր հերթին անշարժ գույքի եւ կադաստրի Սիսիանի տարածքային ստորաբաժանման ղեկավար Կարեն Թունյանը առանց հաշվի առնելու հողի ծանրաբեռնվածությունը եւ ՓՀԷԿ-ի փաստացի գործարկված լինելու հանգամանքը, «ՀԳՆՔ-ԳՐՈւՊ» ՍՊԸ-ին պատկանող հողատարածքը 2018թ. վերագրանցել է «Սյունիք Ադամանդ» ՍՊԸ-ի հաշվեկշռին։
Նշված քրեական վարույթով կատարվում է հետաքննություն։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ