Լրահոս
Օրվա լրահոսը

«Տգետներ են, ինձ շատ բան են ասում, ասում են՝ Փաշինյանի ագենտ». Արցախցի պատգամավորը՝ Արայիկ Հարությունյանի արձանը կառուցելու եւ Փաշինյանի վարկանիշի մասին

Հոկտեմբեր 26,2022 18:24

Օրերս մամուլում մեծ աղմուկ բարձրացրեց Արցախի պատգամավոր, «Ազատ հայրենիք»-ՔԴՄ դաշինքի անդամ Արեւիկ Պետրոսյանի ելույթն ու հայտարարությունը: Նա խորհրդարանում Արցախի Հանրապետության նախագահի հետ փակ հանդիպման ժամանակ առաջարկել էր կանգնեցնել նախագահ Արայիկ Հարությունյանի արձանը՝ ասելով, որ Արցախի խնդրի կարգավորման հարցում նրա գործադրած ջանքերի ու ներդրման համար արժանի է, որ սերունդները Գարեգին Նժդեհի արձանի կողքին տեղադրեն Արայիկ Հարությունյանի արձանը: Բացի այդ, նա գովերգել է նաեւ վարչապետ Փաշինյանին եւ ըստ «Հրապարակի», պնդել, թե նա 85 տոկոս վարկանիշ ունի: Խորհրդարանում փորձել են աղմուկ բարձրացնել, հարվածել սեղաններին, ծափերով խլեցնել ելույթը:

Սոցցանցերում Պետրոսյանի արարքը նույնպես տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեց, ըստ հրապարակումների, Պետրոսյանը, «Էրատո» ջոկատի անդամ է: Մարդիկ գրում էին. «Զարմանալի չի լինի, եթե «Արեւիկ» անունով եւ «Պետրոսյան» ազգանունով անձը, որը, ի դժբախտություն հայ ժողովրդի, պատգամավոր է, վաղը առաջարկի Թալեաթ փաշայի հուշարձանը կանգնեցնել Էրիվան դարձած Երեւանում»:

Այդ արձագանքներից հետո էլ Արեւիկ Պետրոսյանը հետ չի կանգնել իր խոսքից ու ֆեյսբուքյան իր էջում հաստատել. «Նորից պնդում եմ ՝ նախագահ Արայիկ Հարությունյանի արձանը մեր սերունդները կանգնեցնելու են Նժդեհի արձանի կողքին՝ արդեն իսկ 2021-2022 թթ ազգի փրկությանը ուղղված նրա ծառայության համար։ Արայիկ Հարությունյանի կատարսծը համեմատելի է 2-դ Աշխարհամարտից հետո Շ. դը Գոլի Ֆրանսիայի համար կատարածի հետ։ Հավելեմ՝ պատմության դատաստանի առջև մեր սերունդները պատասխանատվության են ենթարկելու այն քաղաքական ուժին, որը բերել է ազգը սպիտակ ցեղասպանության։ Այսօր ի շնորհիվ ԱՀ նախագահի՝ Արցախում ապրում է 120000 հայ»: Տեղադրելով իր ու Նիկոլ Փաշինյանի թեւանցուկ նկարը՝ նա գրել էր. «Այն ինձ ոգևորում է։ Ղարաբաղցուց ասած՝ խե կտորվումք»:

Aravot.am-ի հետ զրույցում Արեւիկ Պետրոսյանը նախ հերքեց, որ ինքը «Էրատո» ջոկատի հետ կապ է ունեցել. «Հաշմանդամ լինելով՝ ես չէի կարող լինել ռազմական ջոկատի անդամ: Չեն կարողանում մարսել այն հանգամանքը, որ ես մի անգամ Փաշինյանի հետ թեյ եմ խմել»:

Ինչ վերաբերում է իր առաջարկին՝ նա ասաց. «Նժդեհը ինձ համար հայրենասիրության  վեհ դրսեւորում ունի, իսկ Արայիկ Հարությունյանը, որպես մարդ, շատ հայրենասեր է: Ես ցանկացել եմ ընդգծել Արայիկ Հարությունյանի համեմատությունը: Ինչ վերաբերում է Շառլ դը Գոլի հետ համեմատելուն, կանխագուշակում է: Այս երկու դժվարին, ծանր տարիներին այդ մարդու կառավարումը մեզ հաջողություն է բերել: Այսօր 120 հազար հայ Արցախում ապրելը ես համարում եմ հաջողություն եւ մեծագույն աշխատանք՝ Արայիկ Հարությունյանի կողմից կատարած: Ես նույնիսկ Իլհամ Ալիեւի գործունեությունն եմ Բիսմարկի քաղաքականության հետ համեմատում: Հա, որպես պատմաբան, երբեմն այդ համեմատությունն առաջանում է եւ ես կիսվում եմ: Դուք  կարող եք ընդունել, չընդունել կամ քննադատել: Բայց մյուսների  դրսեւորած վերաբերմունքը ես համարում եմ տգիտություն: Ես ճանաչում եմ այդ տգետներին»:

Խնդրեցինք մանրամասնել, թե այդ օրը խորհրդարանում, երբ առաջարկել է Արայիկ Հարությունյանի արձանը տեղադրել, ինչ արձագանքներ է ստացել դահլիճից: Նա պատասխանեց. «Ես չեմ առաջարկել, ես ասել եմ՝ սերունդները դնելու են: Սերունդները գնահատելու են ձեր հայրենասիրությունը: Ես համեմատել եմ Արայիկ Հարությունյանի հայրենասիրությունը Նժդեհի հայրենասիրության հետ: Ես չեմ ասել՝ եկեք Արայիկ Հարությունյանի արձանը դնենք, այդպիսի բան չի հնչել: Այդ կանխատեսումը, որ սերունդները գնահատելու են Արայիկ Հարությունյանի հայրենասիրությունը, շատ լավ էլ ընկալվել է: Լավ չի ընկալվել իմ ուրիշ ասածը՝ Փաշինյանի 85% վարկանիշ ունենալու հետ կապված: Նախ, ես նման թիվ չեմ հնչեցրել, խոսքը 65%-ի մասին է եղել ու խոսքը եղել է ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին եւ եղել է տիկին Փելոսիի կարծիքի մասին, որ անմիջական արտահայտվել է, ասել է՝ ես ձեզ հարգելով եմ եկել Հայաստան: Դա բոլորս ենք լսել: Եվ ես ասել եմ՝ պետք չի սխալ գնահատականներ տալ, անհրաժեշտ է իրական գնահատականը ընկալել՝ այն, ինչ հարգանք ունի Փաշինյանը Հայաստանի հասարակության մեջ: Հա, Փաշինյանի հանդեպ Ղարաբաղում միատեսակ չի վերաբերմունքը: Առաջինը դա կապված է այն տաք տեղերը կորցրածների հետ, որոնք իշխանական բուրգ են կառուցել՝ տաք տեղերը իրանց համար, իրենց երեխաների, նույնիսկ թոռների համար ապահովել, Փաշինյանի իշխանության գալով՝ իրենք զրկվել են իրենց տաք տեղերից: Եվ կա իրական դժգոհություն՝ կապված պատերազմում պարտվելու հետ»:

Հարցին՝ ձեզ ներկայացնում են, որ Փաշինյանի այսպես ասած հերթական «զոմբիներից» եք, առանց ծանրութեթեւ անելու, վերլուծելու՝ գովաբանում եք նրան՝ Արեւիկ Պետրոսյանն արձագանքեց. «Որովհետեւ տգետներ են: Ինձ շատ բան են ասում, ասում են՝ Փաշինյանի ագենտ»:

Ղարաբաղում Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի եւ Շուշիում Փաշինյանի հետ պատգամավորի հանդիպման, թեւանցուկ նկարի պատմության մասին մանրամասները կարդացեք «Առավոտի» վաղվա համարում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարները՝ Արեւիկ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31