«Երեկ շատ հետաքրքիր իրավիճակ էր ԱԺ նիստերի դահլիճում։ Դեռ ոչ մի բան վերջին շրջանում ՀՀ-ում եւ ՀՀ-ի շուրջ կատարվող չէր կարողացել ընդդիմությանը բերել նիստերի դահլիճ։ Երեկ ոչ միայն այստեղ էին, այլեւ աննախադեպ ակտիվ էին ելույթների առումով, անգամ ամբիոնից վաշինգտոնյան փաստաթուղթ պատռեցին ու ունեցան այնպիսի ելույթներ, որոնք երեկ ռուսական ԶԼՄ-ները պտտեցրել են։ Բայց հարցս դրա մասին չէ։ Պարոն վարչապետ, կներկայացնե՞ք՝ որ փուլում են այս պահին բանակցությունները, ի՞նչ ակնկալիքներ ունենք։ Լրագրողները բոլոր պատգամավորներիս անընդհատ մի հարց են տալիս, որի պատասխանը չենք կարող տալ՝ իսկապես հավանակա՞ն է խաղաղության պայմանագիրը, որքանո՞վ է այն նշանակում բարեկամություն թշնամիների հետ։ Կա՞ հավանականություն, որ կնքվելու է մինչեւ տարեվերջ»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեց ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը։
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ցանկանում եմ, որ կնքվի մինչեւ տարեվերջ։ Որքանո՞վ է իրատեսական։ Ես եւ կառավարությունը բոլոր հնարավոր ջանքերը կգործադրենք, որ լինի իրատեսական։ Կա կարեւոր հանգամանք։ Հույս ունենք, որ մինչեւ խաղաղության պայմանագրի ստորագրումն ավարտված լինեն սահմանազատման աշխատանքները։ Որքանո՞վ է դա իրատեսական։ Եթե հաշվի առնենք, որ Պրահայում պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ դա տեղի է ունենալու 1991թ․ սահմանների վրա, կարող է լինել իրատեսական։ Կարեւոր է, որ պետք է տեսանելի միջազգայնորեն երկխոսություն սկսվի ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ։ ԼՂ հայության իրավունքների եւ անվտանգության պաշտպանության տեսանելի մեխանիզմներ պետք է լինեն։ Շատ լավ կլինի, եթե կարողանանք դա անել։ Պատրաստ ենք առավելագույն ջանքեր գործադրել։ Թշնամություն եւ այլն․․․դեռեւս նախորդ տարվա սկզբին եմ պատասխանել այդ հարցին։ Թշնամանքը եւ իրավիճակը պետք է կառավարվի։ Եթե կառավարելի չէ, միայն վնաս կլինի»։
Լուսինե Բադալյանը նկատեց՝ ընդդիմությունն անընդհատ ասում է, որ տարածքային ամբողջականությունը ճանաչելով՝ հրաժարվում ենք Արցախից։ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Մենք հղում ենք անում 1992թ․-ի փետրվարի ՀՀ գերագույն խորհրդի վավերացրած փաստաթղթի վրա, որը ՀՀ օրենսդրության մաս է։ Այն ընդունվել է այն ժամանակ, երբ այսօրվա մի շարք ընդդիմադիրներ եղել են պատգամավոր։ Արցախի հետ կապված։ Մի քանի անգամ ասել եմ, որ մադրիդյան սկզբունքները ճանաչելով՝ այդ իշխանությունն Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ