Այսօր Գյումրիում էր ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։ Վերջինս նախ եղավ Շիրակի մարզպետարանում, հանդիպեց մարզպետ Նազելի Բաղդասարյանի հետ, այնուհետ՝ գերիների հարազատների։ Եղավ Գյումրու քաղաքապետարանում՝ քաղաքային իշխանության հետ բավական մանրամասն քննարկելով Գյումրիում ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող նոր ծրագրերը։
Aravot.am-ը դեսպանից հետաքրքրվեց, թե Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով հայկական կողմում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը կնպաստի՞ արդյոք կրակոցների դադարեցմանը։
Դեսպանն ասաց․ «Դիտորդների գործունեության ձևաչափն է իրականացնել դիտորդություն և զեկույցներ ներկայացնել գլխամասեր՝ ուղիղ եղանակներով։
Եվ մենք լիահույս ենք Եվրոպական Միության կողմից նույնպես դիտորդական առաքելության տեղակայումն արդեն բավական մեծ քայլ էր դեպի առաջ։ Մենք հույս ունենք, որ սա թույլ կտա թեթևացնել լարվածությունը սահմաններին, իրականացնել վստահության զարգացման գործառույթներ, որոնք թույլ կտան խաղաղության պայմանագրի ստորագրումն ավելի սահուն դարձնել»։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ դրական համագործակցություն է իրականացվում ՀՀ իշխանությունների հետ, որոնք ոչ միայն պատշաճ կերպով են ողջունել դիտորդական առաքելության ժամանումը, այլ նաև անհրաժեշտ աջակցություն են տրամադրում նրանց գործունեությունը իրականացնելու համար։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ