«Ինչպես գիտեք, խումբ է եկել ՀՀ՝ տեղում դիտարկելու եւ գնահատելու իրավիճակը։ Առաջիկայում նախաձեռնում ենք կոլեկտիվ անվտանգության խորհրդի արտահերթ նիստ, որպեսզի քննարկենք այդ զեկույցը։ Հույս ունեմ, որ հնարավորինս արագ կկայանա այդ նիստը»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր անդրադառնալով հարցին, թե սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի՝ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա հարձակումից հետո ՀԱՊԿ-ից ինչ արձագանք կա, ի՞նչ ակնկալիք ունենք, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց․ «Շատ հստակ ակնկալիք ունենք, որ ՀԱՊԿ-ը հստակ քաղաքական գնահատական կտա տեղի ունեցածին եւ կընդունի ճանապարհային քարտեզ՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը վերականգնելու համար։ Սա ոչ միայն կառավարության, այլեւ ՀՀ հանրության ակնկալիքն է։ Այս երկու որոշման կայացմամբ բազմաթիվ հարցեր, որոնք այս ընթացքում կուտակվել են հանրության շրջանում, կստանան պատասխաններ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ