Իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի գործով այսօրվա դատական նիստում դատախազը միջնորդություն ներկայացրեց փոփոխել Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ընտրված ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը եւ հայտարարել հետախուզում։
Դատախազի ներկայացմամբ՝ Սաշիկ Սուլթանյանը դատական երկու նիստին ներկայանալու համար պատշաճ ծանուցված լինելու դեպքում չի ներկայացել նիստերին, ուստի ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, առկա է դատական քննությանը խոչընդոտելու հիմքը։
«Սաշիկ Սուլթանյանը գտնվելով ՀՀ սահմաններից դուրս՝ փաստացի թաքնվում է քրեական վարույթ իրականացնող մարմնից»,-ասաց մեղադրող կողմը։
Սաշիկ Սուլթանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Անի Չատինյանը, Սամսոն Գալստյանը եւ փաստաբան Արա Ղազարյանը: Սամսոն Գալստյանը դատարանին հայտնեց, որ փաստաբանական խումբը որեւէ տեղեկություն չունի Սուլթանյանի չներկայանալու մասին, եւ չի կարող ասել, թե ինչի հիման վրա է նա բացակայում նիստերից։ Գալստյանի խոսքով՝ օգոստոսի 8-ին նախորդած դատական նիստից հետո միջնորդություն է ներկայացել դատարանին՝ թույլատրել Սուլթանյանին լքել երկիրը, այդ օրվանից նրանից որեւէ տեղեկություն, զանգ կամ որեւէ կապ չի ունեցել փաստաբանական խումբը։
Կարդացեք նաև
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց Սուլթանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը կալանավորմամբ փոխարինելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին դատախազի միջնորդությունը։
Սաշիկ Սուլթանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), որով Հայաստանում ապրող եզդիների իրավունքների խախտումների մասին խոսելը որակվել է որպես ազգային թշնամանքի հարուցում։
Սուլթանյանի պաշտպանները պնդում են՝ չկա որեւէ փաստական տվյալ, որ Սաշիկ Սուլթանյանը ատում է հայերին կամ թշնամանքով է լցված, նա քննադատում է ՀՀ կառավարությանը»
Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դատապարտել են ինչպես հայաստանյան իրավապաշտպան կառույցներն ու քաղհասարակության այլ ներկայացուցիչներ, այնպես էլ միջազգային իրավապաշտպան հեղինակավոր կազմակերպություններ։
Եվրոպայի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Հայաստանի այն ժամանակվա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ մտահոգություն հայտնելով եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցում։
ԱՄՆ պետքարտուղարությունն իր կրոնական ազատությունների մասին 2021 թվականի տարեկան զեկույցում եւս անդրադարձել է Սաշիկ Սուլթանյանի գործին: 2022-ի հունիսի 27-ին Սաշիկ Սուլթանյանի հետ հանդիպմանը քրեական հետապնդմանն անդրադարձել է նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Դեսպանը շեշտել է, որ ազատ արտահայտվելու իրավունքն այն հիմքն է, որի վրա կառուցվում են տոկուն պետությունները եւ որը խիստ էական է ժողովրդավարության համար։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ արխիվային