«Երկու տարվա մեջ մենք կառուցել ենք երկու օդանավակայան, մայրուղիներ, նոր ենթակառուցվածքներ: Մի՞թե այդ բարձունքները այս ամենը պետք է սպառնալիքի տակ դնեն: Ոչ»,- Ժնևի շվեյցարական մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսկանդարովը Շվեյցարիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավոր քարտուղար Սարգիս Շահինյանի հարցերին:
Սարգիս Շահինյանը, հիշեցնելով, որ Շվեյցարիայի Ազգային խորհրդի պատվիրակության անդամների հետ այցելել է Ջերմուկ, փաստեց՝ այդ հատվածում ադրբեջանական զինված ուժերը շուրջ 12 կմ ներխուժել են ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածք: Այնուհետև հարցրեց՝ չե՞ք կարծում, որ Դուք պետք է փոխեք պարադիգմը, այլ ոչ թե ատրճանակը դնեք հայերի վզին և ստիպեք, որ խաղաղության բանակցություններ վարեն:
Ադրբեջանի դեսպանն ասաց, որ տեղյակ է նրանց այցի և հայտարարության մասին ու նշեց. «Անկեղծ ասած՝ ես զարմացած էի, քանի որ դուք ՀՀ ժամանեցիք, երբ վնասի առաջին նմուշները նկատելի էին: Բայց ոչ մեկը ձեր թիմից 30 տարիների ընթացքում չի այցելել Ադրբեջան, այն դեպքում, երբ մենք շատ ավելի վնասներ ունենք: Եթե ուզում եք վստահություն ունենալ շվեյցարական, ադրբեջանական և հայ հասարակության կողմից, ապա դուք պետք է ցուցաբերեք առնվազն հավասարակշռված մոտեցում»:
Խոսելով, իր բնութագրմամբ, բարձունքների խնդրի մասին՝ Ֆուադ Իսկանդարովը փորձեց պնդել, թե այդ բարձունքները ՀՀ-ն օգտագործել է հարձակումներ ձեռնարկելու և ականներ տեղադրելու համար: Նա, հիշեցնելով համատեղ հայտարարությունն, ասաց, որ կողմերը ստանձնել են պատասխանատվություն՝ բացառել ուժի սպառնալիքը, ուստի իրենք թույլ չեն տա, որ այդ սպառնալիքը վնասի իրենց հաջողության պատմությանը:
Կարդացեք նաև
Կրկին պնդեց, թե Ադրբեջանը ՀՀ-ի ոչ մի գյուղ, քաղաք չի օկուպացրել: Անդրադառնալով սահմանային խնդիրներին՝ ասաց. «Երբ մենք ունենք ինչ-որ մի գիծ, որն ինչ-որ մեկն օգտագործում է՝ որպես սահման, մյուսը՝ որպես գիծ, սա է պատճառը, որ պետք է անմիջապես սկսել սահմանագծման և սահմանազատման գործընթաց, և այս բոլոր հարցերը կլուծվեն»:
Հետո էլ մեղադրեց Ժնևի խորհրդարանականների խմբին կողմնակալության մեջ, թե իրենց հայտարարություններում միայն մի կողմի դիրքորոշումն է լինում, չեն պատասխանում իրենց նամակներին և այլն: Ու ասաց. «Իմ առաջարկն է՝ եթե ուզում եք խաղաղության գործընթացին նպաստող որևէ հայտարարություն ընդունել, դա պետք է վստահելի լինի, ինչը նշանակում է ստանալ տեղեկություն երկու կողմից, որը, սակայն, մենք դեռ չենք տեսել»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ