Լրահոս
Օրվա լրահոսը

«ՌԴ-ի գործընկերներն էին այդպես ասում»․ Փաշինյանը մի խոստովանություն արեց եւ սլաքները կրկին ուղղեց ՌԴ-ին

Հոկտեմբեր 26,2022 17:11

«Օրերս տեղեկություններ տարածվեցին, որ հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսվում է Ձեր, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը։ Այն հաստատվա՞ծ է, ի՞նչ ակնկալիքներ կան»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը։

Փաշինյանը հաստատեց․ «Այո, ՌԴ նախագահի կողմից առկա է հրավեր՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում եռակողմ հանդիպման։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը։ Չգիտեմ՝ ադրբեջանական կողմը հաստատե՞լ է։ Վերջին անգամ այդ ձեւաչափով եռակողմ հանդիպում եղել է նախորդ տարվա նոյեմբերին։ Կարծում եմ՝ ամենակարեւոր ակնկալիքները կապված են այս ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականի եւ մեկնաբանության հետ։ Ընդ որում, ավելի հետ կարող ենք գնալ եւ հասնել նոյեմբերի իննի եռակողմ հայտարարությանը»։

Փաշինյանը հավելեց․ «Կարծում եմ՝ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն։ Այդ հարցերի օրակարգը ձեզ հայտնի է՝ սկսած ԼՂ-ում կայունության եւ ապահովման գործից։ Այս տարվա մարտին ադրբեջանական ԶՈՒ-ն ներխուժել էր խաղաղապահների պատասխանատվության գոտի, չեմ թաքցրել, որ մեր համար այնքան էլ հասկանալի չէ խաղաղապահների արձագանքի բացակայությունը։ Ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում հնչած եւ ձեռքբերված պայմանավորվածությունների՝ ինչ-որ միջանցքների մասին հայտարարություններ են լինում ոչ միայն Ադրբեջանի կողմից։ ՌԴ-ում էլ ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, որոնք փորձում են այդ նարատիվը զարգացնել՝ ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրած փաստաթղթերի եւ ՌԴ ԱԳ նախարարության հայտարարությունների, ՌԴ փոխվարչապետի հայտարարությունների։ Շատ հարցեր կան, ակտիվ քննարկում պետք է տեղի ունենա»։

Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց․ «Նախորդ տարվա նոյեմբերի 26-ի հայտարարությանն անդրադառնալով՝ մի խոստովանություն անեմ։ Ըստ դրա՝ կողմերը պայմանավորվում են միջոցներ ձեռնարկել՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին անվտանգության եւ կայունության մակարդակը բարձրացնելու վերաբերյալ եւ գործը հասցնել սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի մեկնարկին։ Այն ժամանակ մենք ասում էինք, որ նախ պետք է անվտանգության մեխանիզմները ստեղծել, հետո միայն խոսել սահմանազատման մեկնարկի մասին։ Այդ ժամանակ մեր մի շարք գործընկերներ, այդ թվում՝ ՌԴ-ի գործընկերներն ասում էին, որ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքն ինքնին անվտանգության մեխանիզմ կլինի։ Այդ ժամանակ չէինք կիսում այդ տեսակետը, բայց փակուղի չմտնելու համար որոշեցինք գնալ այդ քայլին։ Հանձնաժողովի ձեւավորումից հետո եղավ սեպտեմբերի 13-ի ագրեսիան։ Ինձ համար անհասկանալի է․ այն ժամանակ այն գործընկերները, որոնք ասում էինք, որ սահմանազատման հանձնաժողովի ձեւավորումը նաեւ անվտանգության մեխանիզմ է, սեպտեմբերի 13-ի հանդեպ մինչեւ օրս հստակ քաղաքական դիրքորոշում չեն հայտնել։ Սրանք հարցեր են, որոնք պատրաստվում են քննարկել նաեւ ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ձեւաչափով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31