«Յուքոմ» ընկերությունը ճանաչվել է Հայաստանում 2022 թվականի Հեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն հանրահայտ Global Banking & Finance Review ֆինանսական ամսագրի կողմից։ Global Banking & Finance Review առաջատար առցանց և տպագիր ֆինանսական ամսագիրը հիմնվել է Միացյալ Թագավորությունում 2010 թվականին։ Ամսագրի ուշադրության կենտրոնում են ոչ միայն համաշխարհային ֆինանսական միտումներն ու զարգացումները, այլև տեխնոլոգիական առաջընթացը, ինչի վերաբերյալ ամսագիրն անկախ և հավասարակշռված տեսակետ է ներկայացնում։
««Յուքոմ» ընկերության համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է Հայաստանում hեռահաղորդակցության ոլորտում լավագույն ընկերություն ճանաչվելը։ Հաճելի է միջազգային հեղինակավոր պարբերականի այսչափ բարձր գնահատականը մեր թիմային աշխատանքի և գործունեության վերաբերյալ, այն էլ՝ վերջին տարիների համաշխարհային իրադարձությունների և մեր երկրում անհանգիստ իրավիճակի համատեքստում։ Մենք շարունակելու ենք անել առավելագույնը՝ ընկերության բազմահազար բաժանորդներին որակյալ ծառայություններ մատուցելու համար», – նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։
Հավելենք, որ յուրաքանչյուր տարի Global Banking & Finance Review ամսագրի կողմից մրցանակները շնորհվում են շարունակական զարգացում ապահովող, նորարար, առաջադեմ ընկերություններին՝ հաշվի առնելով դրանց ռազմավարությունը և ձեռքբերումները: Հետազոտական թիմից, խմբագրից և հրատարակչից բաղկացած մրցանակաբաշխության ժյուրին ուսումնասիրում է անվանակարգերի թեկնածուներին ըստ հստակ սահմանված չափանիշների և ընտրում հաղթողին։