Լրահոս
Օրվա լրահոսը

«Զատուլինի հայտարարությունները միայն իր սեփական տեսակետը չեն. դրանցում կարելի է գտնել նաեւ ՌԴ-ի վերաբերմունքը»․ Մետաքսե Հակոբյան

Հոկտեմբեր 26,2022 16:43

«Տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը կախված է Արցախի հարցի լուծումից». ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունն այսպես է մեկնաբանում Aravot.am-ի զրուցակից, Արցախի խորհրդարանի «Արդարություն» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

-Երեկվանից Հայաստանում ուշագրավ գործընթաց է սկսվել՝ ռուսաստանցի տարբեր գործիչներ հայտարարվում են անցանկալի անձ եւ նրանց մուտքը Հայաստան արգելվում է: Ամենաուշագրավը, թերեւս, ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինին անցանկալի անձ հայտարարելն էր. ինչպե՞ս եք գնահատում այս ամենը:

-Սա արդեն ՌԴ-ՀՀ լարվածության բացահայտ դրսևորում է, ինչը, ցավով պետք է նկատել, որ հրապարակային բնույթ է ստանում: Սա է հենց ամենավտանգավորը՝ ՀՀ իշխանության պահվածքում: Այս դրսեւորումները կոնկրետ անձանց նկատմամբ չպետք է դիտարկել, այլ կոնկրետ երկրի. ՀՀ իշխանություններն, այսպիսով, նաեւ հստակ արտահայտում են իրենց դիրքորոշումը: Սա հստակ ուղերձ է՝ ՀՀ իշխանության ընտրած արտաքին քաղաքական վեկտորի: Այսինքն, իրենք թեքվեցին դեպի հավաքական Արեւմուտք եւ պատահական չի, որ ՌԴ նախագահի հովանու ներքո կայանալիք եռակողմ հանդիպումից առաջ արվեցին այս քայլերը, որի ժամանակ, բոլորն էլ հասկանում են, որ քննարկվելու է նաեւ, այսպես ասած, խաղաղության օրակարգի փաստաթղթի ռուսաստանյան տարբերակը, որը հավաքական Արեւմուտքի առաջարկից էականորեն տարբերվում է, որին, սակայն, հակված չեն, ցավով պետք է նույնականացնեմ, բայց՝ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները: Ստացվում է, որ ՀՀ իշխանությունները՝ Ադրբեջանի իշխանությունների հետ, հակահայ եւ դեպի կործանում տանող օրակարգ ունեն եւ այս պահին, փաստորեն, մեր միակ դաշնակիցը՝ թե Հայաստանի, թե Արցախի շահերից «աշխատողն» այս դաշտում ՌԴ-ն է: ՀՀ իշխանության այս կեցվածքը հստակ ուղերձ է ՀՀ իշխանության տերերին եւ նաեւ ՌԴ-ին, որ իրենք իրենց քաղաքական վեկտորը հստակեցրել են:

Ես այս կերպ եմ մեկնաբանում այս ամենը հիմա, մնացածն՝ ավելի պարզ, կտեսնենք առաջիկայում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ: Կուզեի սխալված լինել, բայց, կարծում եմ, որ ամեն ինչ հենց այնպես է՝ ինչպես մտածում եմ:

-Պուտին-Փաշինյան-Ալիեւ հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Սա, վերջին երկու տարիների ընթացքում, հավանաբար, եզակի դեպք է, երբ հանդիպումից, մենք իրականում ակնկալիք ունենք ու այդ ակնկալիքը ոչ թե լավ կամ վատ պետք է գնահատել, այլ ակնկալիք՝ ինչ-որ բանի հստակեցման: Արդեն բավականաչափ ժամանակ է՝ երկու տարին քիչ չէ, որ ՀՀ իշխանությունն այս դեգերումների մեջ է եւ փորձում է իր իշխանության կյանքը երկարացնել՝ խաղալով մեկ Արեւմուտքում, մեկ՝ ՌԴ-ում: Բայց, իրավիճակն արդեն այնպիսինն է եւ վերջին շրջանում, ՀՀ սահմաններին լարվածությունը հենց դրա վկայությունն է, որ ճնշումն ուժեղացել է. ՀՀ իշխանության բարեկամ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն ստիպում են կոնկրետ քայլեր ձեռնարկել եւ կատարել իրենց պահանջները: Հիմա, մենք արդեն հստակ կտեսնենք, թե ի՞նչ դիրքորոշում ունեն ՀՀ իշխանությունները, արդյոք իրենք մնացել են այն կործանարար օրակարգին հավատարիմ՝ Արցախը տանք, Հայաստանը փրկենք: Սա, իհարկե, իրենց մանիպուլյացիան է՝ կրկին իրենց իշխանության կյանքը երկարացնելու համար, քանի որ շատ թե քիչ գիտակից մարդիկ հասկանում են, որ Հայաստանն ու Արցախը կամ փրկվելու են միասին, կամ կործանվելու են միասին:

-Արդյոք Կոնստանտին Զատուլինին, որը Ադրբեջանի սեւ ցուցակներում» էր հայտնվել՝ նաեւ պարբերաբար Արցախում լինելու համար, անցանկալի անձ որակելը, հենց այդ ուղերձը չի պարունակում՝ Արցախը հանձնենք, իբրեւ Հայաստանը փրկելու համար:

-Միանշանակ: Բայց ես էլի կոնկրետ անձով չէի պայմանավորի գործընթացը, քանի որ Զատուլինի հայտարարությունները միայն իր սեփական տեսակետը չեն. դրանցում կարելի է գտնել նաեւ ՌԴ-ի վերաբերմունքը՝ եւ Արցախի հիմնախնդրի կարգավորման, եւ, ընդհանրապես, Հայաստանի եւ Արցախի նկատմամբ: Այսինքն, արգելելով նման մարդու մուտքը Հայաստան, նրան անցանկալի անձ որակելով՝ ՀՀ իշխանությունն իր աջակցությունը ցույց տվեց Ադրբեջանի իշխանություններին: Սա ուղերձ է նաեւ Ադրբեջանին, որ ՀՀ իշխանությունն ունի նույն օրակարգն, ինչ-որ Ադրբեջանի իշխանությունը: Այն է՝ ՌԴ-ի քայլերը բերում են տարածաշրջանի կայունացմանն ու խաղաղությանը՝ Արցախի հարցը թողնելով բանակցային գործընթացում լուծելուն, իրենք դրան հակառակվում են եւ այս մտքերն են, որ հիմնականում հնչել են Զատուլինի շուրթերով, հենց նա է ՌԴ այս դիրքորոշումը փոխանցել միջազգային հանրությանը: Այս մարդուն անցանկալի անձ որակելը նշանակում է նման վերաբերմունք ցուցաբերել մեր դաշնակից պետությանը, ինչը, միանշանակ կարող եմ պնդել, որ Արցախում որեւէ քաղաքական ուժ չի կիսում: Ես կարող եմ պնդել, որ նաեւ Արցախի իշխանությունը չի կիսում այդ դիրքորոշումը, որովհետեւ այստեղ առավել քան հստակ է եւ վեկտորն ուղղված է դեպի ՌԴ. որեւէ մեկը չի կարող բեկանել կամ սասանել այդ որոշումը:

– ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի վերջին՝ բավական բաց ու հստակ հայտարարությունների առիթով ի՞նչ կասեք, դրանք էլ հակասական մեկնաբանությունների տեղիք տվեցին:

-Ամեն դեպքում, Մարիա Զախարովայի տարածած հայտարարության մեջ ես դրական միտում եմ տեսել՝ Արցախի հարցի կարգավորման առումով: Դա վայնասուն էր բարձրացրել հիմնականում Ադրբեջանում, որովհետեւ հենց պրոհայկական հայտարարություններ էին հնչել: Ես չգիտեմ՝ ո՞վ եւ ինչպե՞ս է մեկնաբանում, միգուցե շատերը նաեւ լեզվի սայթաքում են տեսել այնտեղ, բայց ՌԴ ԱԳՆ խոսնակի հայտարարությունը կարելի է մեկ նախադասությամբ եւ շատ հստակ մեկնաբանել՝ տարածաշրջանում խաղաղությունը եւ կայունությունը կախված է Արցախի հարցի լուծումից, ինչին էլ Ադրբեջանում հիստերիա առաջացրեց, քանի որ իրենք Արցախի հարցը համարում են լուծված: Պետք է հասկանալ, որ Արցախի հարցը ՌԴ-ի կողմից փակված չէ եւ իրենք բոլոր առումներով տանելու են աշխատանք՝ խաղաղության օրակարգ-պայմանագիր կոչվածից Արցախի հարցը դուրս թողնելուն՝ լուծումը տեղափոխելով բանակցային օրակարգ, ինչը, բնականաբար, չի ուզում Ադրբեջանը, ցավալիորեն, նույն օրակարգում են նաեւ ՀՀ իշխանությունները:

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31