Լրահոս
Օրվա լրահոսը

Զատուլինի մուտքը ՀՀ արգելելն անփորձության հետևանք է ու ոչ տեղին, այն էլ այս իրավիճակում, երբ Հայաստանի շուրջ առկա է արտաքին լարվածություն. Երվանդ Թարվերդյան. Tert

Հոկտեմբեր 26,2022 16:27

Tert. Տարօրինակ էր այն հանգամանքը, որ օրենսդիր իշխանության ներկայացուցիչն է գրություն ներկայացնում Կոնստանտին Զատուլինի մուտքը ՀՀ արգելելու վերաբերյալ։ Շատ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք այդ քայլը համաձայնեցված է եղել գործադիր իշխանության հետ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Միացյալ Հայաստան» կուսակցության նախագահ Երվանդ Թարվերդյանը՝ անդրադառնալով Զատուլինի մուտքի արգելքին և դրա հնարավոր հետևանքներին:

Ըստ նրա՝ հակառակ դեպքում կստացվի, որ Հայաստանի իշխանությունների երկու ճյուղերի միջև հակասություններ կան և միգուցե պալատական ինչ-որ գործողություններ են սկսվում, որը պետության համար ստեղծված անվտանգային իրավիճակում շատ վտանգավոր է։

«Հասարակության բևեռացվածության պայմաններում իշխանության պառակտումը  լուրջ խնդիրներ կարող է առաջացնել։ Պետք է հասկանալ՝ արդյոք կառավարությունը համաձա՞յն է օրենսդիր իշխանության հետ այս հարցում, թե ոչ»,- ասաց Թարվերդյանը։

Թե ինչպե՞ս կազդի Կոնստանտին Զատուլինի մուտքի արգելքը հայ-ռուսական հարաբերությունների վրա, Թարվերդյանն ընդգծեց․

«Այս գործողությունը իրականացվում է մի անձի նկատմամբ, որը հանդիսացել է Ցեղասպանության ճանաչման օրենսդրական նախաձեռնության հեղինակ։ Լինելով հայամետ գործիչ և անհանգիստ Հայաստանի ճակատագրով՝ կարելի էր ընդամենը բողոքի նոտա հնչեցնել կամ այլ կերպ արտահայտել դժգոհությունը։ Այս գործողությունը Զատուլինի հանդեպ, կարծում եմ, անփորձության հետևանք է ու ոչ տեղին, այն էլ այս իրավիճակում, երբ Հայաստանի շուրջ առկա է արտաքին լարվածություն։ Մենք տեսանք այդ տարվածությունը ՀՀ և ՌԴ արտգործանախարարների հանդիպման, ինչպես նաև ԱՊՀ երկրների վեհաժողովի ժամանակ»։

Խոսելով այս գործողությունների համատեքստում Արևմուտքի հնարավոր ազդեցության, ինչպես նաև ՀՀ իշխանությունների կողմից հակառուսական քաղաքական գիծ որդեգրելու մասին, Երվանդ Թարվերդյանն ասաց․

«Արևմուտքը ընդգծված ցույց է տալիս, որ ոչ մի առիթ բաց չի թողնում, մեզ օգտագործելով, ընդգծել Ռուսասանի վատ լինելը կամ մեզ չպաշտպանելը։ Մեր քաղաքական ուժը բազմիցս շեշտել է, որ աշխարհաքաղաքական լարված իրավիճակում չափազանց վտանգավոր է անվտանգային համակարգի փոփոխությանն ուղղված ցանկացած քայլ։ Հավատալ, որ Եվրոպան կամ ԱՄՆ-ն բացի հայտարարություններից, առաջիկայում կարող են իրականացնել առարկայական քայլեր, միամտություն է, հասարակությանը պետք չէ մոլորության մեջ գցել։ Մինչև այժմ մենք բացի հայտարարություններից ոչ մի գործողություն չենք տեսել, ինչը բազմիցս արձանագրել է մեր քաղաքական ուժը։ Իսկ այն, ինչ անում է հիմա ԱՄՆ-ն, նախընտրական պայքարով է պայմանավորված»։

Երվանդ Թարվերդյանի կարծիքով թե՛ Զատուլինի և թե՛ Մարգարիտա Սիմոնյանի ՀՀ մուտքի արգելքը ոչ թե ռուսական պետության, այլ ռուսական մեդիահարթակի կարկառուն ներկայացուցիչների դեմ ուղղված քայլեր են։

«Մի բան են անձիք, մի բան է պետությունը։ Հուսանք, որ ռուսական դիվանագիտությունը և առհասարակ պետությունը փորձառու կգտնվի և ուշադրություն չի դարձնի նման գործողություններին։ Հորդորում եմ ՀՀ իշխանություններին՝ ՌԴ-ի հետ հարաբերություններում զգուշավոր լինել, հաշվի առնել, որ ՀՀ տնտեսությունը և նրա զարգացումը անմիջականորեն կապված են Ռուսաստանի հետ»,- ընդգծեց Երվանդ Թարվերդյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31