Մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի ազատ ոճային ըմբիշները նվաճեցին երկու ոսկե եւ մեկ բրոնզե մեդալ: Այսօր մեր մրցանակակիրները ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանի հետ միասին ամփոփեցին արդյունքները:
Հաբեթնակ Կուրղինյանն ասաց, որ տղաները երիտասարդ են եւ նրանց համար դժվար չի եղել մեծահասակների աշխարհի առաջնությունից կարճ ժամանակ անց վերականգնվել հասցնելը: Նա, ընդհանուր առմամբ, դժգոհ չէ իր սաների մասնակցությունից, չնայած թիմից եւս մի քանիսը կարող էին պատվո պատվանդանին տեղ ունենալ: Սակայն դրան խանգարող գլխավոր պատճառներից մեկը մրցափորձի պակասն էր:
Գլխավոր մարզիչը անգամ չեմպիոն եւ բրոնզե մեդալ նվաճած ըմբիշների գոտեմարտերում է սխալներ տեսնում, որոնք վերացնելու համար անհրաժեշտ է դեռ շատ աշխատել: Առավել եւս, որ հաջորդ երկու տարիները նախաօլիմպիական եւ օլիմպիական են ու պետք է մասնակցել նաեւ վարկանիշային մրցաշարերի ու օլիմպիական ուղեգրեր նվաճել: Այս տարիքային խմբի աշխարհի արդեն կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը ասաց, որ բավականին երկար ժամանակ են ուսումնամարզական հավաքներ անցկացրել՝ նախապատրաստվելով թե մեծահասակների եւ թե մինչեւ 23 տարեկանների աշխարհի առաջնություններին: Նաեւ նշեց, որ Իսպանիայում էլ հեշտ գոտեմարտեր չեն եղել, սակայն մարզիչների հետ աշխատանքի շնորհիվ հաջողվել է հաղթահարել որոշակի լարվածությունը, որ լինում է գրեթե միշտ, յուրաքանչյուր գոտեմարտից առաջ:
Մեր մյուս չեմպիոնը՝ Վազգեն Թեւանյանը, որ անցկացրել է հինգ գոտեմարտ, նույնպես նշեց, որ յուրաքանչյուրն էլ անցել է իրեն հատուկ լարվածությամբ ու դժվարությամբ: Թեեւ նախնական փուլերում հաղթել է բացահայտ առավելությամբ, սակայն գնալով մրցակիցներն ուժեղանում էին: Նրա խոսքով, համեմատաբար դժվար էին քառորդ եզրափակիչն ու կիսաեզրափակիչը: Վազգեն Թեւանյանը վստահեցրեց, որ իր համար էական չէր, թե ինչ ազգության մրցակցի է հաղթում: Կարեւորը չեմպիոն դառնալն էր:
Կարդացեք նաև
Բրոնզե պարգեւի արժանացած Արման Ավագյանն էլ նշեց, որ մեկնել էր ոսկե մեդալ նվաճելու համար, սակայն պարտվեց հենց առաջին գոտեմարտում: Դրանից նեղվել է, բայց կարողացել է հավաքվել, կենտրոնանալ ու պայքարել բրոնզե մեդալի համար: Նա հասկանում է, որ գոտեմարտում տեխնիկական սխալներ է թույլ տվել եւ դրանք վերացնելու համար մարզիչների հետ կաշխատի:
Վերջում Հաբեթնակ Կուրղինյանը ասաց, որ մրցաշրջան 2022-ն, ըստ էության, ավարտվել է: Մնում է տարեվերջին կայանալիք Հայաստանի առաջնությունը, որի արդյունքով կձեւավորվի նոր ազգային հավաքական, թեեւ չի կարծում, թե փոփոխություններ շատ կլինեն: Նրա կարծիքով որոշ քաշային կարգերում երիտասարդ ըմբիշներ կընդգրկվեն: Իսկ 2023 թվականի մեկնարկներին նախապատրաստությունը հավաքականը կսկսի հունվար ամսից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ