Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի կողմից փոխհատուցում կլինի այն ժամանակ, երբ ՀՀ-ն կփոխհատուցի 30 տարվա օկուպացիայի և մեր տարածքների ոչնչացման համար». Ադրբեջանի դեսպան

Հոկտեմբեր 26,2022 15:38

«Եթե մենք խոսում ենք այն մասին, թե որ կողմը չի հարգում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, ապա ասեմ, որ այստեղ շատ հարցեր կան»,-շվեյցարաբնակ հայ լրագրող Աննա Ազնաուրի հարցին Ժնևի շվեյցարական մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսկանդարովը:

Աննա Ազնաուրը հարցրեց՝ ինչպե՞ս կարող են հայերն ամբողջ աշխարհում վստահել Ադրբեջանի բարի կամքին, եթե ձեր երկիրը չի հարգում նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության՝ հրադադարի ռեժիմը պահպանելու դրույթը, ինչպես նաև ՀՀ-ին փոխհատուցման և Ադրբեջանում պահվող ՀՀ քաղաքացիներին ՀՀ-ին վերադարձնելու դրույթը: Ի՞նչ եք կարծում՝ ձեր երկիրը կարո՞ղ է ճանաչել Սումգայիթի և Բաքվի ջարդերը, որոնցով էլ 1988-ին սկսվեց ղարաբաղյան առաջին պատերազմը:

Ադրբեջանի դեսպանը փորձեց պնդել, թե հենց Հայաստանը չի պահպանում նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները և ասաց. «Այս հայտարարության երկու դրույթներ դեռ չեն իրականացվել ՀՀ կողմից: Առաջինը ՀՀ զինված ուժերի ամբողջական դուրսբերումն է: Մյուսն՝ ավելի կարճ ճանապարհով Նախիջևան մուտքի ապահովումն է: Ուստի երբ մենք խոսում ենք, թե ով չի կատարում հայտարարության կետերը, այստեղ շատ հարցեր կան: Դրա համար ես չեմ ուզում միմյանց մեղադրենք, պետք է պրագմատիկ լինել»:

Անդրադառնալով հարցի մյուս հատվածին՝ Ֆուադ Իսկանդարովն ասաց. «Ինչպես Դուք նշում եք՝ ջարդեր: 1988-ին է սկսել առաջին ղարաբաղյան պատերազմը: Առաջին երկու մարդիկ սպանվել են Աղդամում, դրանից հետո շատ փախստականներ ՀՀ-ից եկան Ադրբեջան: Սարսափելի իրավիճակ էր: Ձեզնից շատերը երիտասարդ էին, գուցե չգիտեն: Բայց ժամանակին հայերն ու ադրբեջանցիները իրար հետ ապրել են, խնդիրներ չեն ունեցել: Իմ առաջին ընկերը հայ էր, ցավոք, նա ավտովթարից մահացավ: Հիշում եմ այդ ժամանակ իմ զգացողությունները….»:

Աննա Ազնաուրը հստակեցրեց՝ իմ հարցն է՝ ե՞րբ է պատրաստվում Ադրբեջանը փոխհատուցում տրամադրել Հայաստանին 44-օրյա պատերազմի համար, վերադարձնել հայ ռազմագերիներին, որոնք պահվում են Ադրբեջանում արդեն երկու տարի: Նա հիշեցրեց նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որի դրույթներից մեկն է ռազմագերիների փոխանցումը: Աննա Ազնաուրն ասաց, որ Հայաստանը վերադարձրել է ադրբեջանցի ռազմագերիներին: Ֆուադ Իսկանդարովը պատասխանեց. «Փոխհատուցում Ադրբեջանի կողմից կլինի անմիջապես փոխհատուցումից հետո, որը մենք կստանանք Հայաստանից 30 տարի մեր տարածքներն օկուպացնելու և ոչնչացնելու համար: Չեմ ուզում մտնել պալեմիկայի մեջ: Ես անընդհատ ուզում եմ գնալ դեպի ապագա, Դուք տանում եք դեպի անցյալ: Ուզում եք գնալ անցյալ, ասեմ. մենք իրավական ընթացակարգ ենք մշակում 30 տարվա օկուպացիայի, մեր գյուղերի ոչնչացման և միլիոնավոր ադրբեջանցի փախստականների համար: Եթե այդ փոխհատուցումը լինի Հայաստանի կողմից, Ադրբեջանի կողմից էլ կլինի փոխհատուցում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31